HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանով են թանկացել սննդամթերքն ու մյուս ապրանքները փետրվարին

Այս տարվա փետրվարին, 2022 թվականի փետրվարի համեմատ, Հայաստանում 8.1% գնաճ է գրանցվել, ինչը նշանակում է, որ, գոնե, տարվա սկզբի դրությամբ գնաճը չի նահանջել։ Հունվարին ևս 12-ամսյա գնաճը ճիշտ նույնն է կազմել։ Սննդամթերքի և ծառայությունների որոշ տեսակներ շարունակում են երկնիշ տեմպով թանկանալ։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները։

Սննդամթերքը թանկացել է 9.8%-ով

Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը  թանկացել են 9.8%-ով։ Օրինակ՝ մրգերը թանկացել են 14.1%-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 11.8%-ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 11.4%-ով և այլն։ 

Երկնիշ տեմպով թանկանում են նաև ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը։ 

Հատկանշական է, որ Վիճակագրական կոմիտեի առանձացրած խոշոր ապրանքախմբերից և ոչ մեկում գնանկում չի գրանցվել։ Միայն ծովամթերքն է, որի գները մնացել են նույնը։ Համեմատաբար ցածր գնաճ է գրանցվել յուղեր և ճարպեր ապրանքախմբում, որի մեջ ներառվում է նաև ձեթը՝ բուսական յուղը։

Ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են 5.4%-ով

2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 5.4% գնաճ։ Օրինակ՝ հագուստը թանկացել է 7.3%-ով, կոշիկը՝ 8.5%-ով, խոշոր կենցաղային սարքերը՝ 9%-ով, կարճատև օգտագործման կենցաղային ապրանքները, որոնց ներքո պետք է հասկանալ տնտեսական կենցաղային պարագաները՝ ամանի հեղուկ, մաքրող միջոցներ և այլն, թանկացել են 18%-ով։

Ոչ պարենային որոշ ապրանքախմբերում Վիճկոմիտեն գնանկում է արձանագրել։ Ոսկերչական զարդերը էժանացել են 10%-ով։

Էժանացել է նաև վառելիքը։ 2023թ. փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 8.5% և 4.7%-ով: Իսկ 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 29.4% գնանկում և դիզելային վառելիքի՝ 3.0% գնաճ:

Ծառայությունների սակագները բարձրացել են 7.4%-ով

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 7.4%-ով։

Մասնավորապես, տրանսպորտային ծառայությունները, որոնց մեջ են ներառվում տաքսիները, սակագները բարձրացրել են միջինը 17.7%-ով, հյուրանոցային ծառայությունները՝ 12.9%-ով, սպասարկման ծառայությունները՝ 9.4%-ով և այլն։ 

Արտարժույթի շուկա

 2023թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 393.4 դրամ, ինչը 18.1%-ով ցածր է 2022թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (480.2դրամ):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter