Դանակահարությամբ զուգորդված խուլիգանություն Արարատում
Հունիսի 8-ին ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային մասում ստացած ծակած-պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Մկրտիչ Հ.-ն վնասվածքը ստացել է հունիսի 7-ին տուն գնալիս իրենց շենքին հարակից քանդված մանկապարտեզի մոտ գլխապտույտ ունենալու հետևանքով հավասարակշռությունը կորցնելու և քարակույտերի վրա ընկնելու հետևանքով:
Հունիսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հունիսի 7-ին Արարատի քաղաքապետարանի մոտ Մկրտիչ Հ.-ն վիճաբանել է 1985 թ. ծնված Կարապետ Հ.-ի հետ, նրանք մոտ 10 րոպե հայհոյել և հարվածել են միմյանց, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Այդ ընթացքում Կարապետ Հ.-ն դանակով հարվածել է Մկրտիչ Հ.-ի գոտկային մասին, ապա նույն դանակով անզգուշաբար հարվածել է նաև նշված վայրում գտնվող և կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտած 1989 թ. ծնված Ռոման Գ.-ի ձախ նախաբազկին և պատճառել վնասվածք:
Ռոման Գ.-ն հունիսի 7-ին բուժօգնության էր դիմել Արարատի հիվանդանոց և մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը Արարատի երկաթգծի մոտ գտնվող փշալարերի վրա ընկնելու հետևանքով:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Կարապետ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել