HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տարի անց անհետ կորածների ծնողներին Արգիշտի Քյարամյանն առաջարկում է քննությունը շարունակել ըստ ստորաբաժանումների

2023 թվականի մարտի 8-ին Քննչական կոմիտե էին հրավիրվել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Նման հանդիպումները սովորաբար փակ են լրագրողների համար։ Ես ներկա էի որպես անհետ կորածի քույր և որոշեցի պատմել այնտեղ տեսածի և լսածի մասին։

Երկուսուկես տարի եղբայրս՝ Արամը, անհետ կորած է։ Պատերազմի 2-րդ շաբաթից՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ից, նրանից էլ զանգ չստացանք ու սկսեցինք ամեն տեղ փնտրել նրան։ Արամի անհետ կորելու հանգամանքները փորձել ենք պարզել ինքներս։ Անցած 30 ամիսներին հայրս եղել է բոլոր դիահերձարաններում, պետական և ոչ պետական բոլոր կառույցներում, որոնցից, ենթադրվում էր, պետք է որևէ պարզաբանում ստանայինք։ Ոչ մի հստակ պատասխան մինչ օրս չի տրվել։

Եղբորս և բոլոր անհետ կորածների դեպքերով Քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր։ 2023-ի մարտի 8-ին վերը նշված հանդիպմանը մեզ ընդունեցին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, կոմիտեի այլ ներկայացուցիչներ։ Ես ծնողներիս հետ էի։ Շենք մտնելուն պես պահանջեցին, որ հեռախոսները թողնենք ընդունարանում՝ չհիմնավորելով, թե ինչու։ Ինձ ու մայրիկիս մի աշխատակից ուղեկցեց երկրորդ հարկ՝ Քննչական կոմիտեի գլխավոր շենքի դահլիճ, որտեղ սովորաբար անցնում են կոմիտեի նախագահի մասնակցությամբ խորհրդակցությունները։ Հայրս արդեն այնտեղ էր։ Ընդարձակ դահլիճում կլիներ մոտ 100 մարդ։ Կենտրոնում՝ սեղանի դիմաց, քննիչներն էին, մեջտեղում՝ Արգիշտի Քյարամյանն ու Ռաֆայել Վարդանյանը։

Մտա դահլիճ ու առաջինը լսեցի Վարդանյանի ձայնը. «Այս պահին ունենք 175 անհետ կորած զինվորական և 20 քաղաքացիական անձ։ Անհետ կորած զինվորականներից 33-ը, մեր տվյալներով, գերեվարված են, նրանց այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները և միջնորդել, որ զանգեն հարազատներին։ Նրանցից 26-ի կամ 27-ի գործով Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել»։

Ծնողներից մեկը տեղից արձագանքեց, որ թվերը նոր չեն, բոլոր հանդիպումներին դա են լսում, ավելի լավ է՝ անուն առ անուն կարդան գերեվարված տղաների ցուցակը։

«Մենք ի՞նչ իմանանք՝ դուք 100 հոգու ասել եք՝ ձեր տղան հաստատ գերի է, հույս եք տվել, բայց էսքան ժամանակ ձեզնից անուն-ազգանուն չենք լսել», - շարքերից բղավեց մի տղամարդ։

Վարդանյանն ասաց, թե այդ 33-ի ծնողներին անձամբ է հանդիպել և տեղեկացրել, որ իրենց որդիները գերեվարված են. «Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք և անում ենք, բայց Ադրբեջանը նույնիսկ չի ընդունում, որ այդ մարդիկ իրենց մոտ են։ Նորից եմ ասում՝ նրանցից շատերի գործերով Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել» (միջանկյալ միջոցը ժամանակավոր և հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքերում, երբ առկա է անդառնալի հետևանքների վտանգը։ Անդառնալի հետևանք են Կոնվենցիայի հոդվածների խախտումները, որոնք չեն կարող հետո վերացվել կամ հետ բերվել)։

Վարդանյանը նշեց, որ գերեվարվածներից 30-ը, ըստ Կոնվենցիայի («Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիա), համարվում են բռնությամբ անհետացած. «Այսինքն՝ մենք կարողացել ենք հավաքել փաստեր։ Դրանք հիմնականում վիդեոտեսագրություններ և նկարներ են, որոնք վկայում են, որ այդ մարդիկ բռնությամբ են անհետացել»։

Ծնողները նորից պահանջեցին հրապարակել գերիների ցուցակը։ Ընդհանուր աղմուկի մեջ տղամարդու մի ձայն առանձնացավ․ «Դուք այսպես վատ եք աշխատում, որովհետև այդ թղթերի մեջ մեր երեխաների ճակատագրերն են։ Այդպե՞ս կվարվեիք, եթե այդտեղ ոչ թե մեր, այլ ձեր երեխաները լինեին։ Ձեր գործը, իբր, անում եք ու գնում տուն, որ ձեր երեխեքին ապահովեք ամեն ինչով։ Դե պատկերացրեք, որ այդտեղ ձեր երեխաներն են»։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այլայլվեց, ապա զայրացած հայացքով նայեց ծնողին ու գոռաց. «Դուք արդեն ձեր չափերն անցնում եք»։ Ծնողը նույն տոնով պատասխանեց՝ ամեն ինչ ճիշտ եմ ասում։ Քյարամյանը վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ այդ տղամարդուն, ու վայրկյաններ անց նա և տղամարդը բռնել էին միմյանց օձիքներից։

Ծնողների մեծ մասը, այդ թվում՝ հայրս, հավաքվել էին նրանց շուրջ, իսկ աղմուկի վրա ներս մտած ոստիկանները փորձում էին հարթել իրավիճակը։ Րոպեներ անց ոտքի վրա կանգնածներն այնքան շատացան, որ նստածս տեղից չէին երևում ո՛չ Քյարամյանը, ո՛չ էլ նրա հետ վեճի բռնված ծնողը։ Որոշ ծնողներ դուրս եկան դահլիճից, ոմանք էլ հույսով սպասում էին, որ ստանան իրենց հարցերի պատասխանները։ Քաշքշոցը տևեց մոտ 5 րոպե, հետո Քյարամյանը վերադարձավ իր տեղը, ծնողներն էլ նստեցին կամ դուրս եկան միջանցք։

Հանդիպումը շարունակվեց լարված մթնոլորտում։ Քյարամյանն ասաց, որ նման միջադեպերն ավելի են բարդացնում գործը. «Դուք այստեղ եք, որ օգնեք մեզ, մենք էլ՝ ձեզ, ոչ թե հակառակը։ Ես կոնկրետ առաջարկով եմ այսօր հանդիպում ձեզ, իսկ այսպիսի խոսակցություններից բոլորիս գործն էլ տուժում է»։ Նա չէր ավարտել խոսքը, երբ ծնողներից մեկը նորից պահանջեց կարդալ գերիների անունները։ Ռաֆայել Վարդանյանը, Քյարամյանի համաձայնությունից հետո, ի վերջո, սկսեց կարդալ գերիների անուն-ազգանուն-հայրանունները։ Երբ նա ավարտեց, մի պահ բոլորը լուռ էին։ Երիտասարդ մի կին երկրորդ շարքից բղավեց․ «Բա իմ ամուսնու անուն-ազգանունը ինչի՞ չկարդացիք։ Անձամբ եք ինձ ասել, որ ինքը գերեվարվել է, ես տեսել եմ իրեն տեսանյութում, ինքն էլ է քիմիկների հետ նույն տեղում եղել։ Եթե հենց հիմա ինձ չպատասխանեք, էս դուռը փակում եմ, էստեղից չեք գնալու մինչև պատասխան չտաք»։ Կինն արագ մոտեցավ ամբիոնում նստածներին, ձեռքը պարզեց ու նորից բղավեց՝ «խոսե՛ք», «դե, մի բան ասե՛ք», «Վարդանյա՛ն, դու անձամբ ի՛նձ ես ասել»։

Հուզված կինը հազիվ շունչը տեղը բերեց ու շարունակեց. «Ես տանը երկու անչափահաս երեխա ունեմ, սկեսրայրիս եմ պահում, երեխեքս ամեն օր իրենց հորն են ուզում, մի երեխաս չի խոսում։ Ես հիմա ի՞նչ ասեմ իրենց։ Էսքան ժամանակ գնացել եմ Պաշտպանության նախարարություն, հազար անգամ եկել եմ էստեղ»։ Կինը մոտեցավ սեղանին դրված շշերին, մեկը վերցրեց ու գոռաց՝ հենց հիմա կշպրտեմ, եթե ինձ պատասխան չտաք։ Մի կին մոտեցավ նրան, փորձեց հանդարտեցնել.

-Նոնա՛ ջան, հանգստացի, նստի, ջուր խմի։

-Չէ՛, ինձ ձեռ մի՛ տվեք, ես պիտի հասկանամ՝ ոնց ա էդպիսի բան եղել, -պնդեց Նոնան, նստեց Վարդանյանի մոտ ու ցածրաձայն խոսեց նրա հետ։ Մի քանի րոպե անց կինը նորից բղավեց,- լսեցի՞ք, ժողովուրդ։ Հենց էսօր մենք գնում ենք ու էդ հարցերը լուծում։ Վարդանյանը ասել է՝ հենց էսօր։ Ես էս դռան մոտ կսպասեմ, մինչև վերջանա հանդիպումը, իրար հետ դուրս գանք։ Բոլորդ վկա եք, չէ՞։

Հետո էլի ծնողներ խոսեցին։ Մեկը մտահոգված էր «իբրև» նույնականացված աճյունների հարցով։ Ասաց․ «Ինձ երեք ձեռք են տվել, ասում են՝ երեքն էլ քոնն են։ Տենց բան ո՞նց կլինի։ Էս մարդուն ձվի կեղևի հաստության բան են ցույց տվել, ասում են՝ տղայիդ գանգն է։ Մի քիչ կենսաբանություն իմացող մարդը ո՞նց կարող է հավատալ էդ ստերին»։

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Էդ դատաբժիշկներն իրավունք չունեն էնտեղ լինելու։ Շաբաթ օրով զանգում են ինձ, ասում են՝ նույնականացում կա։ Կինս վատանում է այդ լուրը լսելիս, մյուս տղաս ավտովթարի է ենթարկվում։ Հետո դատաբժիշկն ասում է՝ կներեք, սխալմունք է եղել»։

-Իսկ ինչքա՞ն ժամանակ անց է բժիշկը տեղեկացրել սխալմունքի մասին, - հարցրեց Վարդանյանը։

-Ի՞նչ կապ ունի ժամանակը, թեկուզ կես ժամ անցած լիներ, դա ի՞նչ է փոխում, - գոռաց տղամարդը։

Քյարամյանը բացատրեց, որ բարձրացված հարցը դուրս է իր իրավասությունների շրջանակից, և որ ինքը համաձայն է՝ նման սխալներ չպետք է լինեն։ 

-Քննչական կոմիտեի գործը հանցագործությունները բացահայտելն է։ Նորից եմ կրկնում՝ ես առաջարկ ունեմ։ Այսօրվանից մենք գործերը կքննենք ըստ ստորաբաժանումների։ Կառանձնացնենք, թե, օրինակ, Ջաբրայիլի ստորաբաժանումից քանի անհետ կորած կա, կաշխատենք նրանց ծնողների, այնտեղ ծառայած զինվորների, վկաների հետ։ Այդպես ավելի արդյունավետ կլինի։ Ինչ վերաբերում է կամավորներին, ապա ՄՈԲ-ը (մոբիլիզացիոն ուժերը) առանձին ստորաբաժանում է, նրանց գործերն էլ այդպես կքննենք,- ասաց Արգիշտի Քյարամյանը։

Ծնողները դժգոհեցին, որ քննչական մարմինը ոչինչ չի արել, ու հիմա էլ փորձում է նոր բաներ ասել, որ ձգի գործերը քննելու ժամանակը։ Մարդիկ պատմում էին իրենց որդիների պատմությունները, վկաների անուններ էին տալիս, որոնց հետ իրենք հանդիպել էին, բայց Քննչականը հարկ չէր համարել հարցաքննել։ Ցույց էին տալիս Քննչականից ու նախարարությունից ստացած նամակները՝ նշելով, որ բոլոր նամակներում նույն բովանդակությունն է՝ առանց փոփոխության։ Քյարամյանը խոստացավ. «Վաղվանից անհատապես կզբաղվեմ բարձրացված բոլոր հարցերով»։ 

Ես էլ խոսեցի։ Պատմեցի եղբորս անհետ կորելու հանգամանքները։ Խնդրեցին, որ կրկնեմ եղբորս անուն-ազգանունը, գրի առան։ Հարցիս՝ արդյոք հարցաքննվե՞լ են եղբորս գործով երկու վկաները, պատասխանեցին՝ պիտի որ։ 

«Ես վկաների անունները փոխանցել եմ քննիչին, բայց նա ոչ մի բան չի արել», - հուշեց կողքիս նստած ծնողը։ Նրա որդին ու եղբայրս անհետ կորել են նույն վայրից։

-Դուք երկու ժամ խոսում եք այն մասին, թե ինչ պիտի անեք այսօրվանից, իսկ մինչև այս ի՞նչ էիք անում, ինչո՞ւ եք որոշել ըստ ստորաբաժանումների քննել, ի՞նչ փոխվեց», - հարցրեցի ես։ 

-Մենք էնպես չի, որ գործ չենք արել։ 17 000 մարդ ենք հարցաքննել, վերջին մեկուկես ամսում՝ 200 անձ։ էս տղաները առավոտից գիշեր էստեղ են, դուք չեք պատկերացնի՝ ինչ ահռելի գործ են անում։ Դուք էս տղաներին մի՛ մեղադրեք, Վարդանյանը կոնկրետ հազար անգամ գնացել է Արցախ, խիստ վտանգավոր պայմաններում է աշխատել։ Երևի մեր սխալն այն է, որ ինչ-որ բան անելիս հրապարակային չենք ասում՝ ժողովո՛ւրդ ջան, մենք սա արեցինք,- պատասխանեց Արգիշտի Քյարամյանը։

Անհետ կորածների հարազատներից մեկը՝ Գոռը, Քյարամյանին ասաց, որ ճիշտ կլիներ՝ հարազատները տեղեկացվեին, թե իրենց որդիների գործերով ովքեր են հարցաքննվել, ինչ նորություններ կան։ Քյարամյանը դարձյալ խոսեց իր նոր առաջարկի՝ գործերի քննությունն ըստ ստորաբաժանումների շարունակելու մասին։

Ծնողներից 4-ն արդեն մի քանի ամիս բոլոր անհետ կորածների մասին տեղեկություններ են հավաքում, մշտապես կապի մեջ են պատկան մարմինների, այդ թվում՝ Քննչական կոմիտեի հետ։ Գոռը նրանցից մեկն է։ Նա առաջարկեց ստեղծել մի մարմին, որտեղ ներկայացուցիչներ կունենան Պաշտպանության նախարարությունը, Քննչական կոմիտեն, Կարմիր խաչը, Դատաբժշկական գիտագործական կենտրոնը։ Ըստ նրա, դա ծնողին հնարավորություն կտա իր բոլոր հարցերի պատասխանները ստանալ մեկ կետից։

«Հիմա ծնողը գնում է նախարարություն, ասում են՝ գնա Քննչականին հարցրու, գալիս է Քննչական, ասում են՝ գնա Հերացի։ Ու էդպես էլ հարցերը մնում են օդի մեջ։ Մեկը գցում է մյուսի վրա»,- հիմնավորեց Գոռը։

Այդ առաջարկն Արգիշտի Քյարամյանին դուր չեկավ. «Ես, միևնույնն է, մտածում եմ, որ լավագույն տարբերակը կլինի իմ առաջարկածը, որ ըստ ստորաբաժանումների շարունակենք քննությունները»։

Գոռը մոտեցավ Քյարամյանին, ու թե ինչ խոսեցին, արդեն լսելի չէր: Մի քանի րոպե անց Քյարամյանն ասաց, որ որոշումների և հետագա քայլերի մասին կտեղեկացնի բոլորին։

Հանդիպումն ավարտվեց։ Որոշ ծնողներ մոտեցան Քյարամյանին, ոմանք՝ Վարդանյանին։ Նրանց կողքով անցնելիս լսում էի, որ պատմում են իրենց որդիների՝ անհետ կորելու հանգամանքների մանրամասները և տալիս էին նույն հարցը՝ երբ իրենց հստակ պատասխան կտան։

Մայրս դուրս գալիս հարցրեց ինձ, թե հաստա՞տ եղբորս անունը գրեցին, որ սկսեն զբաղվել։ «Հա, հաստատ գրել են», - վստահեցրի ես։

Հ.Գ. Քանի որ Քննչական կոմիտեի շենք մտնելիս հեռախոսս վերցրել էին, ձայնագրություն չեմ արել։ Հանդիպման մանրամասները շարադրել եմ տեղում արված նշումներիցս օգտվելով։

Անահիտ Սվարյան

Հետք մեդիա գործարանի ուսանող

Գլխավոր լուսանկարը՝ Գառնիկ Ստեփանյանի (լուսանկարում՝ Արամ եւ Անահիտ Սվարյանները)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter