
Մոլդովայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրել է հիբրիդային պատերազմի մեջ
Մոլդովան դեռևս չի բախվում «անմիջական ռազմական վտանգի», սակայն հանդիսանում է «հիբրիդային պատերազմի օբյեկտ», որը սկսվել է Ռուսաստանի կողմից։ Այդ մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին։
«Մոլդովայի համար ուղիղ ռազմական սպառնալիք դեռևս չկա, սակայն կան սպառնալիքի այլ տեսակներ, որոնք ազդում են երկրի անվտանգության վրա՝ հիբրիդային պատերազմը»,- ասել է Նոսատին։ Նրա խոսքով՝ գեներացնելով ապատեղեկատվությունը, հանրության ներսում լարվածությունը՝ «Ռուսաստանը փորձում է փոփոխել քաղաքական կարգը, ապակայունացնել և տապալել պետական իշխանությունը»։
Մոլդովայի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ Մոլդովայի համար գլխավոր մարտահրավերը ներկայում «սադրանքների շարքն է, որը Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կիրառել իրավիճակի ապակայունացման համար»։
Նախօրեին Մոլդովայի ոստիկանության գլխավոր կոմիսարիատի ղեկավար Վիորել Չերնեուցանուն ռուսական հատուկ ծառայություններին մեղադրել էր ընդդիմադիր բողոքի ցույցերի ընթացքում ապակայունացնող գործողությունների կազմակերպման մեջ։ «Ոստիկանության տրամադրության տակ են օպերատիվ տվյալներ Մոլդովայի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների գործողությունների նախապատրաստման մասին, որոնք պլանավորվում էին ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ, ներառյալ այսօրվա»,- հայտարարել է Չերնեուցանուն։ Հիշեցնենք, որ Քիշնևում ընթանում էր հակակառավարական բողոքի ակցիա, որը կազմակերպվել էր ռուսամետ «Շոր» կուսակցության կողմից։
Իլյուստրացիան՝ Shutterstock-ից
Մեկնաբանել