HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի բնակարան գնելու գործարքում կոռուպցիա չի տեսնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ մարտի 14-ի ասուլիսի ժամանակ «Հետքի» լրագրողը հարցրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Բյուրեղ թաղամասում ձեռք բերած բնակարանի մասին, որը «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը նախարարին վաճառել է շուկայականից ակնհայտ ցածր գնով։

«Հետք»-ը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ փետրվարի 8-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Կառավարության ղեկավարն առաջարկել էր պաշտոնյաներին գնալ ճշմարտության հետևից՝ ընդհուպ մինչև դատի տալ։ «Այսօր ո՛չ Սուրեն Պապիկյանն է մեզ դատի տվել, ո՛չ առավել ևս Աշոտ Արսենյանը, իսկ իրավապահներին առանձնապես, կարծես թե, չի էլ հետաքրքրում այս թեման, հիմա Ձեզ հարցնում եմ, ըստ Ձեզ՝ ի՞նչ հետևություն անի այս ամենից հանրությունը»,- «Հետքի» լրագրողը հարցրեց վարչապետին։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։ Նախարարն այն գնել է 168․000 դոլարով` 100 մլն դրամով էժան։ Կառուցապատողը հանրապետական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ» ընկերությունն է։

Նիկոլ Փաշինյանը լրագրողին առաջարկեց բանկի հետ բանակցել, գնել այդ բնակարանը 300 000 դոլարով և վաճառել այն 400 000 դոլարով։ «Եթե Դուք էդ տունը 400 000 դոլարով վաճառեք, բոլորս կիմանանք, որ Դուք ճիշտ եք, ընդ որում՝ 100 000 դոլար մաքուր շահույթ կունենաք։ Ես բոլոր նման դեպքերում հասարակական կազմակերպություններին, լրագրողներին խորհուրդ եմ տալիս գնալ էս ճանապարհով»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են ցանկացած հրապարակում, և ինքն առիթ չի տեսնում հատուկ ուշադրություն հրավիրելու այս թեմայի վրա, բայց քանի որ այն բարձրաձայնվել է, ասաց՝ իրավապահ մարմինները կուսումնասիրեն հրապարակումը։

Լրագրողը հիշեցրեց, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության ղեկավար Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, բանակում չծառայելու համար քրեական հետապնդման էր ենթարկվում, հետո քրեական հետապնդումը դադարեցվեց։ Վահագն Արսենյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությամբ և Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Ջերմուկ համայնքի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա՝ Ջերմուկ համայնքի ղեկավար։ Փաշինյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը ոչինչ չի փոխում։

«Սիվիլնեթ»-ի լրագրողը ևս անդրադարձավ «Հետքի» հարցին եւ նշեց, որ Պապիկյանն այդ բնակարանը գնելիս չէր կարող օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից, ինչպես փորձեց ներկայացնել վարչապետը, որովհետեւ բնակարանի արժեքը բարձր է, ծրագիրը գործում է մինչև 55 մլն դրամ գործարքի դեպքում։

Նիկոլ Փաշինյանը վերջինիս նույնպես նախ առաջարկեց բանկի հետ բանակցել և բնակարանը ձեռք բերել 300 000 դոլարով, ապա՝ վերավաճառել և ստանալ 100 000 դոլար շահույթ, այնուհետև հորդորեց սպասել նախարարի եկամուտների հայտարարագրին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter