Աշոտյան. կառավարության նիստում կքննարկվի պետական բուհերից մեկին ՊՈԱԿ-ի կարգավիճակից հիմնադրամի փոփոխելու հարցը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հանդիպել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:
Արմեն Աշոտյանն ասել է, որ հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը, և այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ՝ գործընթացի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:
Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի հետամուտ խմբի հանդիպումների ընթացքում ներկայացվել են առաջիկա 3 տարվա համար եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գերակայությունները, որոնց իրագործման նպատակով յուրաքանչյուր երկրում, այդ թվում նաև Հայաստանում, կստեղծվեն համապատասխան աշխատանքային խմբեր: Այդ նպատակով Արմեն Աշոտյանը ռեկտորներին առաջարկել է ազգային խմբում ներգրավելու համար ներկայացնել 1-ական թեկնածուի:
Ա. Աշոտյանը ռեկտորներին հիշեցրել է, որ առաջիկա 3 տարին բեկումնային է լինելու Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի համար, և մինչև 2015 թվականը հայաստանյան բուհերը պարտավոր են ի կատար ածել այդ ուղղությամբ իրականացվող նվազագույն ծրագիրը, մասնավորապես, որակի ապահովման, որակավորումների ազգային շրջանակի, ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում:
Սեպտեմբերի 1-ից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառույթը. ոչ պետական բուհերում վերահսկողությունն իրականացվելու է «Լիցենզավորման մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխան, իսկ պետական բուհերում՝ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների միջոցով: Ուսումնասիրությունները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափությանը, օրինականությանը և համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության որոշումների և ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Արմեն Աշոտյանը հանձնարարել է բուհերին տրամադրել ուսումնասիրությունների համապատասխան թերթիկը և ժամանակացույցը:
Միաժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կարգապահական խստացումներին զուգահեռ պետությունը պատրաստ է ավելացնել բուհերի ազատությունները հաշվետվողականության, կարգապահության և պատասխանատվության բարձրացմամբ:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ պետական բուհերից մեկին ՊՈԱԿ-ի կարգավիճակից հիմնադրամի փոփոխելու հարցը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ վերոնշյալ փորձնական ծրագրով կորոշվի՝ որքանով է նման կարգավիճակն առավել նպաստավոր կրթական ծառայությունների մատուցման համար, և փորձարկման արդյունքներից է կախված մյուս բուհերի կարգավիճակի փոփոխության խնդիրը:
Հանդիպման օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Եվրամիության կողմից առաջարկվող Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված ծրագրի կրթական բաղադրիչին, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս-Մունդուս ծրագրերի մասնակցության ընդլայնման, Եվրոպական մի շարք երկրներում շարժունության, երկկողմանի հարաբերությունների միջոցով միջբուհական համագործակցության, կրկնակի դիպլոմների, կրթական քաղաքականության մշակման և ներդրման համատեքստում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգի ներդրմանը, որի շրջանակում նախատեսվում է բոլոր պետական նմուշի դիպլոմները մուտքագրել հատուկ ծրագրի մեջ, որը հասանելի կլինի նաև հասարակությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել