«Սա հեռախոսային խոսակցություն չէ»,- ասում է Փարավոն Միրզոյանը
Վահե Ալիխանյան
«Հետքի» տեղեկություններով` աշխատանքից ազատվել են Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը եւ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը:
Մշակույթի նախարարության «Հետքի» անանուն աղբյուրի փոխանցմամբ` կադրային փոփոխությունների պատճառը Կառավարությունից եւ մշակույթի նախարարությունից ստացված բանավոր հրահանգն է` երիտասարդացնել պատկերասրահի անձնակազմը:
Փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, իսկ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանի պաշտոնն իջեցվել է. նա` որպես գիտաշխատող, աշխատելու է իր ղեկավարած բաժնում: Գեղանկարի բաժնի վարիչ է նշանակվել արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, ով ամիսներ շարունակ համագործակցում էր մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության հետ:
Պատկերասրահի այս երկու աշխատակիցները հարցազրույցներ էին տվել «Հետքին»` Հայաստանի թանգարանների մասին հոդվածաշարի համատեքստում:
Պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը, ով նույնպես հարցազրույց էր տվել «Հետքին» եւ ներկայացրել, որ պատկերասրահում ամեն ինչ կարգին է, չի ազատվել աշխատանքից, միայն արժանացել է պատկերասրահի տնօրեն Փ. Միրզոյանի զայրույթին:
Միրզոյանին ամենից շատ տհաճություն է պատճառել ֆոնդապահի հարցազրույցի այն նախաբանը, որում ասվում էր, թե «պատկերասրահի այս կարեւոր աշխատակցի մասին գործընկերները կատակում են` ասելով. «Ազգային պատկերասրահը երկու դիրեկտոր ունի` դիրեկտոր եւ գլխավոր դիրեկտոր: Դիրեկտորը Փ. Միրզոյանն է, գլխավոր դիրեկտորը` տիկին Վեհանուշը»:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ տեղյակ չէ այդ հրահանգից` հավելելով, որ մշակույթի նախարարությունը իրավասու չէ իր ենթակայության ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ազատել աշխատանքից:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փ. Միրզոյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ Հ. Հարությունյանն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն` հիվանդության պատճառով: «Հետքի» այն հարցին, թե ինչու է զբաղեցրած պաշտոնից ազատվել Արմեն Գասպարյանը, Միրզոյանը պատասխանեց, որ չի ազատվել: Այն պնդմանը, թե նա այլեւս չի գլխավորում գեղանկարի բաժինը, պատկերասրահի տնօրենը պատասխանեց կտրուկ` «սա հեռախոսային խոսակցություն չէ», եւ անջատեց հեռախոսը:
Մեկնաբանել