HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Այսօր աշխարհում ամենազորավոր զենքը դիվանագիտությունն է, բայց մինչ այդ պետք է հստակեցնել մեր տեսլականը»․ Խաժակ արք. Պարսամյան

Մարտի 10-12-ին Երևանում տեղի ունեցավ առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը՝ «Ապագա Հայկականը», որին մասնակցում էր նաև երկար տարիներ Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, 2018թ․-ից Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ) Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Համաժողովում քննարկված մի շարք հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Գերաշնորհ Տ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ։

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների առումով ի՞նչ մտորումներ ունի սփյուռքահայությունը, որքանո՞վ եք իրատեսական համարում համաժողովի մասնակիցների առաջարկները, որ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի կառավարմանը։

Այս բոլորը մեզ համար նոր փորձություններ են, մենք երկար տարիներ անկախ հայրենիք չենք ունեցել, հետևաբար անցնող 30 տարին պատմության համար երկար ժամանակ չէ։ Ինչպես երեխան է առաջին քայլերն անում՝ երբեմն ընկնելով, երբեմն՝ սխալվելով առաջ է գնում, մտածում եմ, որ անցնող 30 տարիների փորձառությանն էլ պետք է նայել այդ համեմատության մեջ՝ իբրև երեխայի, որ նոր քայլել է սովորում։ Բնականաբար, տարեցտարի այդ փորձառությունը պետք է բյուրեղանա, երիտասարդ Հայաստանը պետք է հասունանա, ավելի գիտակից «անձ» պետք է դառնա բոլոր առումներով։ Այդ ճանապարհին ենք, և բոլորս պետք է մասնակցենք, որ այդ երեխան մեծանա ու հզորանա, հետևաբար, այսպիսի հանդիպումներն օգտակար են։

Հայաստանի և արտասահմանի տարբեր վայրերից, տարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ համատեղվել են մեկ նպատակի շուրջ։ Նախքան համաժողով հրավիրելը՝ փորձագիտական խմբերն են աշխատել, և աշխատանքի ավարտին վերջնական առաջարկություններ են ներկայացրել։ Ուրախ եմ, որ մարդիկ սեղանների շուրջ իրենց գաղափարները, մտածումները կամ անհամաձայնությունները կարողացան քաղաքակիրթ ձևով փոխանակել։ Այս բոլորը դրական երևույթներ են և հուսամ, որ հաջորդ քայլերն օգտակար կլինեն ապագայի համար։ Այս ամբողջի մեջ ինձ համար ամենակարևորն ապագայի վրա կենտրոնացումն է։ Կյանքն այդպես է՝ անցյալի փորձառության հիման վրա ապագան պետք է երազել ու ծրագրել։ Երբեմն մեր անցյալի սխալները, անցյալի բացասական փորձն ենք շեշտադրում և ապագայի մասին չենք մտածում։ «Ապագա հայկականի» մոտեցումը՝ շեշտադրել ապագան, շատ կարևոր է։

Համաժողովում քննարկվող առաջարկները որքանո՞վ են ողջամիտ Հայաստանի ապագան ավելի լավը դարձնելու համար։

Հուսամ, որ ներկայացված գաղափարներից գոնե մեկ-երկուսը գործնական դարձնելու քայլեր կարվեն, ես դրանց վերաբերյալ իմ առաջարկները ներկայացրել եմ կազմակերպիչներին։ Շեշտադրումը պետք է դրվի դրական երևույթների վրա և որքան դրական ներկայացվի՝ այնքան ավելի կշատանա դրականը։ Մենք երբեմն բացասականն ավելի ենք շեշտադրում, պետք է իրատես լինենք։ Կյանքում դրական երևույթներ էլ կան։ Հիշում եմ, երբ 1990-ական թվականներին Երևան էի գալիս, չգիտեի, որ Երևանում լույս չկա, հաց չկա, ջուր չկա, ջեռուցում չկա։ Ամերիկացիներին ասում էի, որ ջուր չկա, հարցնում էին՝ տաք ջուր էլ չկա՞։ Այսօր Երևանը Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներից մեկն է դարձել, այդ ինչպե՞ս եղավ, անցյալ 30 տարիներին սխալներ էլ եղան, հաջողություններ էլ եղան, հետևաբար դրականն էլ հիշենք։ Երիտասարդ սքանչելի սերունդ ունենք, այդ սերունդն ո՞վ աշխարհ բերեց, ո՞վ դաստիարակեց։

Այստեղ տարբեր երկրներից հավաքվել են հասարակության տարբեր շերտեր, որոնք իրենց առաջարկներն, իրենց պատկերացումներն են ներկայացնում երկրի ապագայի վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է լինի այս քաղաքականությունն իրագործողը։

Որոշ ծրագրեր կան, որոնք պետք է պետություն-հասարակություն համագործակցությամբ իրականացնել։ Ծրագրեր կան, որոնք պետք է պետությանն առաջարկել, կան ծրագրեր, որոնք հասարակությունն ինքը կարող է իրականացնել։ Օրինակ՝ 1988թ․ երկրաշարժի ժամանակ ԱՄՆ-ում հիմնեցինք «Հայ օգնության ֆոնդը» և մինչև այսօր շատ հաջողված ծրագրեր ենք իրականացնում ՀՕՖ-ի միջոցով։ Ծրագրեր կան, որոնք պետության հետ համագործակցելով, տեղյակ պահելով՝ կարող ենք իրականացնել։ Օրինակ՝ Սփյուռքից Հայաստան ներգաղթի մասին ենք խոսում։ Կարող են առանձին կազմակերպություններ ստանձնել այդ աշխատանքը, բայց պետության հետ համագործակցելով՝ այդ ծրագրին պետությունն էլ պետք է մասնակցի։ Տարբեր երկրներ այդպիսի ծրագրեր իրականացնում են հասարակական կազմակերպությունների միջոցով։ Կան ծրագրեր, որոնք ՀԿ-ները Կառավարության հետ են իրականացնում, կան ծրագրեր, որոնք Կառավարությանն են ներկայացվում, և իրենք էլ մասնակցում են իրականացմանը։

Հայաստանի անկախացման շրջանից սկսած Սփյուռքի աջակցությունը հայրենիքին, հիմնականում բարեսիրական, բարեգործական բնույթ ուներ։ Այսօր մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն այլ շեշտադրում ունեն՝ երկրի անվտանգություն, պետականության պահպանություն և այլն։ Հետևաբար, Սփյուռքից սպասելիքներն էլ բոլորովին այլ են՝ ուժեղ լոբբինգ, հեղինակավոր անձանց դերակատարություն և մասնակցություն նոր մարտահրավերները հաղթահարելուն։ Ինչպիսի՞ աջակցություն կարող ենք ակնկալել այդ հարցերում հայության ամենամեծ, ավանդական գաղթօջախներից։

Ոչ միայն Ամերիկայում, Եվրոպայում, ամեն տեղ էլ հայեր ունենք, որոնք համաշխարհային հեղինակություններ են։ Ես ծանոթ եմ անհատների, որոնք պատրաստ են օգտակար լինելու և գիտեմ, որ որոշ ծրագրեր իրագործելու առումով փորձառու անձինք ու անհատներ օգտակար են եղել։ Գիտեմ, որ Նյու Յորքում հանդիպումներ են եղել և պետության ղեկավարների այցերի ժամանակ աջակցել են նրանց։ Բայց, ամենակարևորը, պետք է գաղափարներ ունենալ, հստակեցնել, թե այս իրավիճակում ո՞րն է մեր տեսլականը և դրա շուրջ ռազմավարություն կառուցել՝ այդ քաղաքականությունն իրականացնելու համար։ Որոշ բաներ կարող է արտասահմանյան հայությունն անել՝ երկրի անվտանգության ապահովման առումով դիվանագիտական հարցեր կան։ Այսօր աշխարհում ամենազորավոր զենքը դիվանագիտությունն է։ Վերջերս կրկին կարդում էի, թե ինչպես Իսրայելը պետություն դարձավ։ Շատ հետաքրքիր բաներ կան այդ գրքում, օրինակ, թե ինչպես Իսրայելի ղեկավարներից մեկը ցանկացել է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ, բայց մերժել են նրա խնդրանքը։ Ամերիկյան հեռավոր քաղաքներից մեկում ապրող մի հրեա, որը ժամանակին ԱՄՆ նախագահի մտերիմ ընկերն է եղել, գնացել է նախագահի մոտ և համոզել է, որ հանդիպումը տեղի ունենա։

Համաժողովի օրերին Իսրայելի փորձը շատ քննարկվեց՝ ներգաղթի կազմակերպում, Սփյուռքի հետ համագործակցություն և այլ առումներով։ Հայաստանի ապագան վտանգող ժողովրդագրական պատկերը փոխելու տարբերակներ քննարկվեցին, որոնցից մեկն էլ ներգաղթ կազմակերպելն է։ Իրատեսակա՞ն եք համարում, որ ավանդական գաղթօջախներում հաստատված հայությունը, օրինակ, ԱՄՆ-ում, կոչերով ուղղակի վեր կենա, գա ու բնակվի Հայաստանում։

Եվրոպայից, Ամերիկայից, Միջին Արևելքից բազմաթիվ հայեր են այստեղ եկել ապրելու։ Նրանց մեջ կան թոշակառուներ, որոնք իրենց ծերությունն այստեղ են ցանկանում անցկացնել, կան երիտասարդներ, որոնք բիզնես գործունեություն են սկսել այստեղ և այլն։ Կան օրինակներ, դրանք, թերևս, պետք է ներկայացնել, դրանով քաջալերել մյուսներին, որ Հայաստան գան, որովհետև այստեղ մարդկային ավելի ջերմ մթնոլորտ է։ Հոգեբանական գործոնը մեծ ազդեցություն ունի, ամեն ինչի մեջ պետք է դրականը ներկայացնել, և դա ազդեցություն ունենում է։ Հասկանալի է, որ մենք հիմա հոգեբանական հիվանդագին վիճակում ենք, որովհետև Ցեղասպանության հոգեվիճակից չենք ձերբազատվել, մեր երիտասարդությունը զոհվեց, մեր հողերը կորցրինք, հետևաբար պետք է միմյանց օգնենք, զորավիգ լինենք այդ հոգեբանական վիճակից ազատվելու համար։

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները փոփոխություն կրե՞լ են վերջին տարիներին։

Այո, երբ Հայաստանն անկախացավ, շատ մեծ խանդավառություն կար, ԱՄՆ-ում երիտասարդությունը չափազանց խանդավառված էր։ Վերջին շրջանում այդ խանդավառությունը մարել է, նաև՝ շատ կարևոր է թափանցիկ գործունեությունը։ Երբ որևէ ծրագիր իրականացնելու համար մարդկանց աջակցությանն եմ դիմում, ներկայացնում եմ ծրագրի նպատակը, ինչպես պետք է իրականացվի, արժեքը ինչքան է կազմում և այլն։ Ծրագրի ավարտին հաշվետվություն ենք ներկայացնում այդ մարդկանց, որոնք գումար են ներդրել՝ ինչքան է ծախսվել, և ինչ արդյունք ունենք։ Հաջորդ անգամ, երբ կրկին դիմում եմ նույն մարդուն, եթե նախորդ անգամ 1000 դոլար էր տվել, այս անգամ 10 000 դոլար է տալիս։ Հետևաբար այդ կապը, հաղորդակցությունը, թափանցիկությունը շատ կարևոր են վստահություն ներշնչելու համար։

 

Լուսանկարը՝ «Ապագա Հայաստանը» կայքէջից

Մեկնաբանություններ (1)

Gurgen Savakyan
ARCHBISHOP KHAJAG BARSAMIAN IS WRONG. ARMENIA SHOULD NOT FOCUS ON THE POSITIVES. ARMENIA MUST FOCUS ON JESUS CHRIST WHO IS THE ONLY ONE THAT GIVES HOPE! DO NOT RELY ON MAN BECAUSE MAN IS SINFUL AND HE WILL FAIL YOU. LOOK AT ALL THE CORRUPTION, MURDER, STEALING, BRIBES, AND NEPOTISM IN ARMENIAN GOVERNMENT! MORE THAN 30 YEARS AND BILLIONS OF $$$ WASTED AND STOLEN. HOPE WAS LOST A LONG TIME AGO. THAT IS WHY ARMENIA IS EMPTY AND GLENDALE IS FULL. JESUS CHRIST WAS, IS, AND ALWAYS WILL BE, ARMENIA'S HOPE.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter