HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սև ծովի վրա բախվել են ամերիկյան անօդաչուն և ռուսական կործանիչը. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

Ամերիկյան հետախուզական MQ-9 անօդաչուն մարտի 14-ին կործանվել է Սև ծովի չեզոք ջրերի վրա՝ ռուսական Су-27 կործանիչին բախվելուց հետո։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է անօդաչուի կործանման փաստը, սակայն որևէ բան չի նշել ռուսական կործանիչի հետ բախման մասին։

Meduza-ն մի տեղ է հավաքել այս պահի դրությամբ առկա տվյալները։ 

Ամերիկյան կողմի վարկած

Ինչպես հայտարարել է ամերիկյան հրամանատարությունը, ռուսական երկու Су-27 կործանիչ իրականացրել է անօդաչուի որս, որն իրականացնում էր «սովորական գործողություններ»։ Կործանիչներից մեկը, իրականացնելով ընթացքի կտրուկ փոփոխություն, հարվածել է անօդաչուի թիապտուտակին, որից հետո անօդաչուն կորցրել է կառավարումն ու ամերիկյան կողմը ստիպված ջրասույզ է արել այն։

Ամերիկացի զինվորականները կործանիչների մանևրները բնորոշել են որպես «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր»՝ հայտարարելով, որ նրանք «հազիվ են խուսափել երկու ինքնաթիռների ընկնելուց»։

«Այս միջադեպը շարունակում է ռուս օդաչուների վտանգավոր գործողությունների շարքը միջազգային օդային տարածքում, այդ թվում՝ Սև ծովի երկնքում, ԱՄՆ-ի և դաշնակիցների թռչող սարքերի հետ փոխգործակցության ժամանակ։ Ռուսական անձնակազմի այդպիսի ագրեսիվ գործողությունները վտանգավոր են և կարող են հանգեցնել չնախատեսված էսկալացիայի»,- ասված է Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարության մամլո հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմի վարկած

ՌԴ պաշտպանության նախարարությունը, ամերիկյան հայտարարության տարածումից մոտ երկու ժամ անց, հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Ռուսական պաշտպանական գերատեսչության վարկածով՝ անջատված պատասխանիչներով անօդաչուն թռել է Ղրիմի շրջանով՝ «Ռուսաստանի սահմանի ուղղությամբ»։ Ըստ ռուսական կողմի՝ անօդաչուն եղել է այն գոտում, որտեղ պատերազմի պատճառով սահմանվել են թռիչքների սահմանափակումներ։

Անօդաչուի իդենտիֆիկացման համար օդ են բարձրացվել կործանիչներ։ Ռուսական կողմը պնդում է, որ «կտրուկ մանևրելու հետևանքով» անօդաչուն դուրս է եկել կառավարումից և կործանվել։ Կործանիչի հետ բախման մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որևէ բան չի նշել։

«Ռուսական կործանիչներն օդային սպառազինություն չեն կիրառել, անօդաչու թռչող սարքի հետ կոնտակտի մեջ չեն մտել և բարեհաջող վերադարձել են տեղակայման վայր»,- ընդգծվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչություն։

«Մենք բարձր մակարդակով ուղղակիորեն համագործակցում ենք ռուսական կողմի հետ, որ արտահայտենք մեր լիակատար մերժումը այս ոչ պրոֆեսիոնալ, վտանգավոր որսման վերաբերյալ, որը հանգեցրեց ամերիկյան անօդաչու սարքի անկմանը»,- հայտարարել է Փրայսը։ Նա նաև նշել է, որ Մոսկվայում ամերիկյան կողմի տեսակետը ՌԴ ԱԳՆ-ին կհասցնի դեսպան Լին Թրեյսին։

ԱՄՆ անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին զեկուցել են միջադեպի մասին։ Քիրբին նշել է, որ անօդաչուի որսալը «ինչ-որ անսովոր բան չէ, և այդպիսի միջադեպեր Սև ծովի վրա տեղի են ունեցել վերջին մի քանի շաբաթների ընթացքում», սակայն այս անգամ օդաչուների գործողությունները եղել են «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր»։

Թե ինչ կլինի անօդաչուի բեկորների հետ, դեռևս հայտնի չէ։ Պենտագոնի մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը հայտարարել է, որ ամերիկացիները չունեն փաստեր, որ ռուսաստանցիները դրանք հանել են ջրի տակից և հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչ է դրա հետ անելու ԱՄՆ-ն։ Ռայդերը նաև ասել է, որ Վաշինգտոնն ունի միջադեպի տեսագրությունը, և Պենտագոնը քայլեր է ձեռնարկում, որ գաղտնազերծի այն։ Փոխարենը, Ջոն Քիրբին նշել է, որ ամերիկյան կողմը ձեռնարկել է միջոցներ, որ անօդաչուի բեկորները չհայտնվեն այլ երկրի մոտ։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, նա չի մանրամասնել։

Կրեմլում դեռևս չեն մեկնաբանել այս միջադեպը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter