
Անկարան ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այդ մասին հայտնում են Anadolu գործակալությունը և Սպիտակ տունը։ Ի թիվս այլ հարցերի քննարկման թեմաներից մեկը եղել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։
Թուրքական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իբրահիմ Քալընը ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժերը, պաշտպանական արդյունաբերության մեջ համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացները, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։
Թուրքական կողմը նշում է, որ կողմերը միակարծիք են, որ ռուս-ուկրաինական պատերազմի շարունակումը խորացնում է տարածաշրջանային և համաշխարհային անկայունությունը։ Քալընը ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի իր դիվանագիտական ջանքերը՝ խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` ամերիկացի պաշտոնյաները նշել են հացահատկի համաձայնագրի մեջ Թուրքիայի դերը։
Լուսանկարում՝ Ջեյք Սալիվանը և Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայություն
Մեկնաբանել