
Արգենտինայում գնաճը գերազանցել է 100 %-ը. նման բան չի եղել 30 տարի
Արգենտինայում գնաճը հասել է վերջին երեք տասնամյակում ամենաբարձր մակարդակին՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ տարեկան կտրվածքով գերազանցելով 100 %-ը։ Այդ մասին հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով Արգենտինայի վիճակագրության և մարդահամարի ազգային ինստիտուտի տվյալներին։
Պարբերականը գրում է, որ 2023 թվականի փետրվարին Արգենտինայում գնաճն արագացել է 6,6 %-ով, իսկ 2023 թվականի առաջին երկու ամիսների գումարային ցուցանիշները վկայում են ապրանքների արժեքի 13,1 % գնաճի մասին։
Տեղական Ambito պարբերականը գրում է, որ 12 ամսվա ընթացքում Արգենտինայում գնաճը հասել է 102,5 %-ի՝ գերազանցելով 1991 թվականի մակարդակը, երբ այն կազմում էր 102,4 %։
Ինչպես նշում է Financial Times-ը, Արգենտինայում ընդունվել է գների վերահսկողության պետական ծրագիր, իսկ երկրում սառեցվել են 1700 ապրանքների գներ։ Սակայն այն սկզբունքային ազդեցություն չի ունեցել իրավիճակի վրա։ Ambito-ի տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Արգենտինայում սննդամթերքը թանկացել է գրեթե 10 %-ով։
Այդ երկրում շարունակվում է ռեցեսիան։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2023 թվականին Արգենտինայի տնտեսությունը կկրճատվի 3 %-ով։
Լուսանկարը՝ Ronaldo Schemidt / AFP / Getty Images
Մեկնաբանել