HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես են կոտրել «Առավոտի» յութուբյան ալիքը․ մասնագետներն աշխատում են այն վերականգնելու համար

Մարտի 14-ի երեկոյան կոտրել են «Առավոտ» օրաթերթի յութուբյան ալիքը։ Հասանելիությունը կորել է ժամը 19։46-ին, որին նախորդել է կայքի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում հրապարակված ֆիլմի անոնսը հետևյալ վերտառությամբ.

Մեր օրեր-#Հարստացածհեղափոխականները

Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում

Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»

Դիտեք չորեքշաբթի՝ 21։00-ին։

«Երեկ մեր տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում մինչև 19։15 գրվել էր, որ այսօր (նկատի ունի երեկ, խմբ.) ֆիլմ է հրապարակվելու, բայց չհասցրինք և փոխեցինք վաղվան (նկատի ունի այսօր, խմբ.), այսինքն՝ մինչև 19։15 այդ անոնսը եղել է «Ֆեյսբուքում» և «Տելեգրամում»։ 19։46-ին մենք մեր ալիքին հասանելիությունը կորցրել ենք»,-մեզ հետ զրույցում ասաց առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը։

Առաջին վարկածով՝ հարձակումը խմբագրության համակարգչի վարակման միջոցով է արվել, որովհետև ալիքը պաշտպանված է եղել երկփուլային նույնականացմամբ, սակայն ո՛չ Իսրայելյանն է ծանուցում ստացել, ո՛չ էլ էլեկտրոնային հասցեին է հաղորդագրություն եկել։ Երեք րոպեում 7 գործողություն է արվել. շրջանցվել են պաշտպանական բոլոր համակարգերը, փոխվել է գաղտնաբառը, հեռացվել են հեռախոսահամարներն ու հաղորդագրությունները, վերացվել վերականգնման բոլոր հնարավորությունները.

«Որոշ ժամանակ ձեռք չէին տալիս, հետո աչքիս առաջ տեսա՝ անունը փոխեցին, հետո սկսեցին ջնջել տեսանյութերը։ Մի քանի օր առաջ ու մեկ օր առաջ մենք մի շարք հարցազրույցներ էինք արել ՔՊ-ական և ընդդիմադիր պատգամավորների հետ։ Ինչ-որ պահի նկատեցի, որ մեկումեջ ընդդիմադիրների տեսանյութերը հանել էին, բայց մնացել էր մեկ օր առաջ Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցը,մեկ ամիս առաջ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը, 4 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ելույթը, այսինքն՝ հատուկենտ թողել էին։ Սրանք ասում եմ՝ զուտ համադրելով տեղի ունեցածը, որևէ մեկին ուղիղ մեղադրանք ներկայացնելու իրավունք չունեմ, ընդամենը համադրում եմ փաստերը»,- ասաց Իսրայելյանը։ 

Ալիքը գործում էր մոտ 10 տարի, ուներ 30 000 բաժանորդ և մի քանի տասնյակ հազար տեսանյութ։ Հիմնականում ռեպորտաժներ էին, որոնք ուղեկցվում էին կայքի լրատվական նյութերով, վերջին շրջանում հատկապես շատ էին հարցազրույցները, հաղորդումները։

Խմբագրի խոսքով՝ այս պահին ալիքը գոյություն չունի, գրված է, թե հաշիվը սառեցված է։ Մասնագետներն ասում են՝ առաջին դեպքը չէ, ամբողջը կվերականգնվի, ուղղակի ժամանակատար է։

«Ավելի շատ մտահոգված եմ նրանով, որ վերականգնվի ալիքը։ Եթե համակարգիչների վարակվածության խնդիրն է, համակարգը պետք է մաքրվի։ Ասում են՝ իրավապահներին էլ է պետք դիմել, բայց ես, անկեղծ ասած, հաջող օրինակ աչքիս առաջ չունեմ՝ հասկանալու՝ դա իմաստ ունի՞ և զուտ ժամանակի վատնում չի լինի։ Հետո էլ հրապարակային այս ամբողջը պատմում եմ, հնարավոր է՝ հիմք ընդունեն գործ հարուցելու համար»,- ասաց խմբագիրը։                                         

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը, որը մասնակցել է հաշվի վերականգնման աշխատանքներին, մեզ հետ զրույցում ասաց՝ հայկական լրատվամիջոցների նկատմամբ մոտավորապես նույն սցենարով առնվազն երկու դեպքի անձամբ առնչվել է։ Այս պահին հստակ պատասխան չունեն՝ ինչ միջոցներով է արվել հարձակումը, դեռ ուսումնասիրում են։

«Երկփուլային անվտանգությունը հաղթահարելու մի քանի մեթոդ կա, որոնցից մեկն, օրինակ՝ հաղորդագրությունը ճանապարհին վերցնել, գողանալն է և նաև գաղտնաբառի ռեսեթը էլի նամակի միջոցով։ Դա ամեն մարդ չի կարող անել, դրա համար պետք է հասանելիություն ունենալ տելեկոմներին և նման բաներ։ Կան նաև այլ վարկածներ, կան հատուկ համակարգեր, որոնք կեղծ էջ են սարքում, ֆիշինգի միջոցով նամակ են գողանում, և տարածված տարբերակ կա, երբ համակարգչի՝ արդեն երկքայլ ստուգումներն անցած բրաուզերի սեսիան գողանում են, դրա միջոցով ավտորիզացնում և կարողանում են, առանց երկրորդ կոդը ստանալու, մուտք գործել։ Բայց այդտեղ բազմաթիվ հարցեր կան, ու այդքանն անելը միայն սեսիան գողանալով հնարավոր չէր լինի, այնպես որ շարունակում ենք ուսումնասիրել»,- ասաց Պապյանը։

Վերականգնման գործընթացը երեկ երեկոյան են սկսել. գործընկերների միջոցով տեղեկացրել են «Գուգլին», սպասում են վերականգնման հղմանը, որ օգտահաշիվը վերաբացեն։

Քնարիկ Վարդանյան

Լուսանկարը՝ Աննա Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter