
Եվրամիությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում օգտագործել հարաբերությունների կարգավորման «պատմական հնարավորությունը»
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտագործել տարաձայնությունների կարգավորման «պատմական հնարավորությունը» և վերադառնալ բանակցությունների սեղանին։ Նման հայտարարությամբ Ստրասբուրգում հանդես է եկել Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ադրբեջանի վերաբերյալ ԵՄ զեկույցը։
«Մենք երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) առաջնորդներին կոչ ենք անում օգտագործել պատմական հնարավորությունը այդ հակամարտության վերջնական լուծման համար և վերադառնալ բովանդակային երկխոսությանը»,- հայտարարել է հունգարացի պաշտոնյան՝ հավելելով, որ բազմաթիվ կարևոր հարցեր հրատապ լուծում են պահանջում։
Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամբողջությամբ աջակցում է այդ ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների երկխոսությանը։ Ընդ որում, ըստ Վարհեիի, դա վերաբերում է խաղաղության գործընթացի բոլոր հարցերին, այդ թվում` խաղաղության ապագա պայմանագրին և սահմանազատմանը։
Եվրոպացի հանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանում տեղակայել է քաղաքացիական առաքելություն՝ լարվածության թուլացման և խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով։ «Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում Եվրամիության դերի ամրապնդման համար»,- հավելել է եվրոպացի հանձնակատարը։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել