HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կանադան Ուկրաինային ռազմական նոր օգնություն կհատկացնի

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի «Ռամշթայն» ձևաչափով 10-րդ հանդիպումից հետո Կանադան հայտարարել է Կիևին ռազմական նոր օգնության տրամադրման մասին, որը կներառի սպառազինություն և զենիթային հրթիռներ։ Այդ մասին նշվում է Կանադայի կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Առցանց հանդիպման ժամանակ Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային կհատկացնի 155 միլիմետր տրամաչափով 8000 արկ, ՀՕՊ համակարգերի 12 զենիթային հրթիռ, ինչպես նաև՝ տանկերի համար նախատեսված ավելի քան 1800 միավոր 105-մմ տրամաչափով ուսումնական զինամթերք։

Նա հաստատել է, որ Կանադայի զինված ուժերը սկսել են Leopard 2 մարտական տանկերի մատակարարումը։ Սպասվում է, որ խոստացված բոլոր 8 տանկերը, ինչպես նաև վերանորոգման և տարհանման զրահապատ մեքենան, օժանդակ սարքավորումներն ու զինամթերքն առաջիկա շաբաթներին կհասնեն Ուկրաինա։

Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Շվեդիան Ուկրաինային կփոխանցի Leopard տեսակի 10 տանկ, նաև՝ հակաօդային պաշտպանության միջոցների առանցքային դետալներ։ Իսկ Նորվեգիան կփոխանցի NASAMS տեսակի երկու համակարգ։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը գրել է, որ հանդիպումն «իրեն լավատեսություն է ներշնչել»։ Իր երեկոյան ուղերձում էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ «կա որոշում»։

Նախօրեին Դանիան հայտարարել էր Ուկրաինային ռազմական և մարդասիրական օգնության տրամադրման նոր հիմնադրամի ստեղծման մասին, որի ընդհանուր բյուջեն կկազմի մոտ 1 միլիարդ եվրո։ Ավելի քան 725 միլիոն կուղղվի Ուկրաինային ռազմական աջակցությանը (սպառազինության փոխանցում, այլ ռազմական տեխնիկա, ուկրաինացի զինվորականների վերապատրաստում)։ Անհապաղ մարդասիրական օգնության համար էլ Դանիան ավելի քան 166 միլիոն եվրո կհատկացնի։

Լուսանկարը՝ vanguardcanada.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter