HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Սև ծովի վրա գրանցված միջադեպը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Հեռախոսազրույցի առիթը Սև ծովի վրա ամերիկյան անօդաչուի հետ կապված միջադեպն է եղել։ 

Ինչպես նշում է ռուսական կողմը, բանակցությունները կայացել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Առաջին հաղորդագրության մեջ այլ մանրամասներ ռուսական կողմը չէր հաղորդել։

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում հաստատել էին, որ Շոյգուի ու Օսթինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սև ծովի օդային միջազգային տարածքում ռուսաստանցի օդաչուների «ոչ պրոֆեսիոնալ, վտանգավոր և անխոհեմ վարքագծի» պատճառով։ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների անօդաչուները կշարունակեն թռչել «ամենուր, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը»։

Ավելի ուշ, ռուսական գերատեսչությունը երկրորդ հաղորդագրությունն էր տարածել՝ հավելելով, որ նախարարների հեռախոսազրույցի հիմնական թեման անօդաչուի հետ կապված վերջին միջադեպն էր, դրա վերաբերյալ մտքերի փոխանակումը։ Այսպես, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, Շոյգուն Օսթինին ասել է, որ անօդաչուն ընկել է ամերիկյան գործողությունների հետեւանքով՝ «Ռուսաստանի Դաշնության հայտարարած թռիչքների սահմանափակման գոտին չպահպանելու համար»։

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ղրիմի ափամերձ հատվածով ամերիկյան անօդաչուների թռիչքները «կրում են սադրիչ բնույթ, ինչը նախադրյալներ է ստեղծում Սևծովյան գոտում իրավիճակի լարման համար»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ այդ լարվածությամբ, սակայն «համաչափ կպատասխանի սադրանքին»։

CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին իր հերթին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ։ Սա նրանց առաջին զրույցն էր 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։ 

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմի պնդմամբ՝ հետախուզական MQ-9 անօդաչուն մարտի 14-ին կործանվել էր Սև ծովի չեզոք ջրերի վրա՝ ռուսական Су-27 կործանիչին բախվելուց հետո։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր անօդաչուի կործանման փաստը, սակայն որևէ բան չէր նշել ռուսական կործանիչի հետ բախման մասին։

ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ ամերիկյան անօդաչուի և ռուսական ինքնաթիռի բախումը, հավանաբար, տեղի է ունեցել ռուսաստանցի օդաչուի ոչ կոմպետենտության պատճառով։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ անօդաչուն հայտնվի ինչ-որ մեկի ձեռքում, բացի ամերիկացիներից։ Նա նշել է, որ ամերիկյան իշխանությունները քայլեր են ձեռնարկել անօդաչուի պաշտպանության համար։ CNN-ի տվյալներով՝ ընկնելուց առաջ անօդաչուից հեռահար ջնջվել է զգայուն տեղեկատվությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը կփորձի Սև ծովից հանել անօդաչուի մնացորդները։

Կոլաժը՝ 24 Канал-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter