HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Yeremyan Products»-ն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը

Երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք տեղական արտադրության 10 ընկերության կաթնաշոռների փորձաքննության արդյունքները։  Փորձաքննությամբ պարզվել էր, որ  10 նմուշից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ 

10-րդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Yeremyan Products» կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. կաթնաշոռում խմորասնկերի քանակը 3,5 անգամ գերազանցում էր սահմանված նորման՝ 350 ԳԱՄ/գ է, իսկ կաթնաթթվային մանրէները նորմայից շատ քիչ էին։

Բացի այդ, կաթնաշոռն ուներ մակնշման խախտում. ապրանքի անվանումը միայն անգլերեն էր («Yeremyan Products» ), ԵԱՏՄ տեխկանոնակարգերով պահաջված՝ հայերենի և ռուսերենի փոխարեն։

Այսօր ընկերությունն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը. պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

 

Մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների և պատասխանատու ենք մեր արտադրանքի բարձր որակի համար: Սույն թվականի մարտի 15 -ին «Հետք» լրատվական կայքում հրապարակվեց հոդված, ըստ որի՝ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության ներկայացված շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում չեն հայտնաբերվել խախտումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննության էր ներկայացվել նաև «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի կաթնաշոռը, հայտնում ենք. Մեր բազմահազար սպառողների վստահությունը մենք վաստակել ենք մեր իսկ արդար աշխատանքով ու արտադրանքի բարձր որակով, ինչի կատարելագործման ուղղությամբ մեր աշխատանքն ամենօրյա է, անդադար և հասցեական։

Որպես շուկայում առաջատար արտադրող, մենք ողջունում և կարևորում ենք «Հետք» լրատվական կայքի այս նախաձեռնությունը։ Մեր գործունեությանը հետևողները գիտեն, որ հենց մենք ենք մշտապես խոսել ու բարձրաձայնել Հայաստանում սննդի անվտանգության խնդիրների, բարեխիղճ արտադրող լինելու և սպառողին միմիայն բարձրակարգ արտադրանքով ապահովելու մասին։

Ուստի, հույս ենք հայտնում, որ այս նախաձեռնությունը կկրի համատարած, պարբերական բնույթ և կիրականացվի ամենայն հետևողականությամբ։ «Երեմյան Փրոդաքթսն» ունի սեփական լաբորատորիա, որտեղ կաթը ֆերմաներից հասնում է հատուկ սառնարանային մեքենաներով։ Կաթի ընդունման պահին կատարվում է նմուշառում, նմուշն անցնում է ֆիզիկաքիմիական, օրգանոլեկտիկ և մանրէաբանական հետազոտություններ։

Այս հետազոտությունները պարտադիր կերպով իրականացվում են արտադրության յուրաքանչյուր փուլից առաջ և հետո։ Անպայմանորեն հետազոտվում է նաև արդեն պատրաստի արտադրանքը, որը սպառման կետեր ուղարկվում է միմիայն համապատասխան ցուցանիշներ ունենալուց հետո։

Պատրաստի արտադրանքում անգամ մեկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ տվյալ խմբաքանակը պարզապես դուրս չի գալիս գործարանից և ամբողջությամբ ոչնչացվում է։ Բացի մեր սեփական լաբորատորիան՝ մենք համագործակցում ենք Հայաստանում պետական հավատարմագրում ունեցող այլ լաբորատորիաների հետ, որոնց պարբերական ստուգումների միջոցով ևս խստագույնս վերահսկում ենք արտադրանքի բարձր որակը։

Հետևաբար, շուկայում այս պահին առկա կաթնամթերքի ամբողջ խմբաքանակը համապատասխանում է սննդի անվտանգության բոլոր չափանիշներին և պահանջներին։ Ինչպես և նյութում արդեն նշել են փորձագետները՝ հայտանբերված խախտումները կարող են լինել երկրորդային և անգամ երրորդային շղթայում թույլ տված սխալների, կաթնամթերքի պահպանման հետ կապված թերացումների արդյունք։

Մենք լաբորատորիայից և գործարանից սպառման կետեր ուղարկում ենք բոլոր ստուգումներն անցած ու չափանիշներին համապատասխան արտադրանք, և դրա պահպանման կամ տեղափոխման շղթայում առաջացած խախտումների համար մենք պատասխանատվություն կրել չենք կարող, սակայն պատասխանատու ենք մեր սպառողների առջև, ուստի և հրավիրում ենք ՍԱՏՄ-ի, պետական կառույցների ու պատկան մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-երի ու բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունն առ այն, որ մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների, ցանկացած տեսակի հետազոտությունների՝ սպառողներին արժանահավատ արդյունքներով ներկայանալու համար։

Մենք վստահ ենք մեր արտադրանքի բարձր որակի վրա և պատասխանատու ենք պիտակի վրա գրված յուրաքանչյուր տառի համար։ Այսուհետ, մենք ամեն օր հրապարակայնորեն կներկայացնենք մեր լաբորատորիայի փորձաքննության արդյունքները՝ ինչպես նաև այն փորձաքննությունների տվյալները, որոնք ամեն շաբաթ իրականացվում են անկախ լաբորատոր հետազոտական կենտրոններում։ Ինչ վերաբերում է մակնշմանը. մեր պիտակի վրա առկա է ռուսերեն մակնշումը, ինչը, ըստ պահանջների, լրիվ բավարար է։ Մեր սպառողների առողջությունը մեզ համար գերակա սկզբունք է եղել և կա։

Սա բարձր գնահատելով՝ մենք 2019 թվականին առաջինն ենք մեկնարկել ու սկսել գործել «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որով կարողանում ենք վերահսկել սննդի արտադրության ամբողջ շղթան։ Փակ շղթայի հայեցակարգի պահանջներով գործող մեր ֆերմայում կաթն արտադրվում է սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան։

Լինելով նաև որակյալ կաթնամթերք սպառելու ճիշտ մշակույթի ձևավորման ու տարածման ջատագովը, մենք պատրաստ ենք համագործակցությունների՝ մեր հասարակությունում այս ուղղությամբ արդյունավետ նախագծեր իրականացնելու, կրթվածության մակարդակի բարձրացման և իրազեկման համար։

Մեկնաբանություններ (1)

Վերոնիկա
Ամոթ ձեզ Երեմյաններ, մի լավաշ տեքստ եք գրել մեկ ներեղություն բառ չկա անգամ թունավոր ապրանք սպառողին մատակարարելու համար: Եթե խնդիրը խանութի մեջ է, դատի տվեք այդ խանություն, որ ձեր անունը մաքրեք: Մանացած ամեն ինչ դատարկ խոսքեր են: Այլևս ձեզնից որևէ բան չեմ գնելու, հենց միայն նրա համար, որ գռեհիկ ստում եք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter