
Ուկրաինան Դոնեցկի մարզում չինական արտադրության անօդաչու է խոցել
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները չինական արտադրության անօդաչու թռչող ապարատ են խոցել։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ Վերջինիս տվյալներով՝ դա եղել է Mugin-5 առևտրային անօդաչու, որը ձևափոխված է եղել մարտական օգտագործման համար։
Ուկրաինացի զինվորականները CNN-ին պատմել են, որ անօդաչուն խոցել են հրաձգային զենքից, քանի որ թռել է շատ ցածր բարձրության վրա։ Հեռուստաընկերության թղթակիցը հաստատել է, որ անօդաչուի վրա եղել են հրաձգային փամփուշտների հետքեր։
CNN-ի հետ զրուցած փորձագետներից մեկը նշել է, որ անօդաչուն ունեցել է ռումբերի նետման մեխանիզմ՝ պատրաստված 3D տպիչով տպված դետալներից։ Ըստ փորձագետի՝ դա վկայում է այն մասին, որ անօդաչուն նախատեսված է եղել բազմակի կիրառման համար։
The Ukrainian Armed Forces shot down a Chinese-made Mugin-5 drone in eastern Ukraine last Sunday.
— Ukrainian News24 (@UkrainianNews24) March 16, 2023
Source: CNN, citing Ukrainian military and a comment from the drone manufacturer pic.twitter.com/aUBhc2NnnZ
Չինական Mugin Limited ընկերությունը, որը մասնագիտացած է անօդաչուների արտադրության ոլորտում, հաստատել է, որ Ուկրաինայում խոցվել է հենց իրենց անօդաչուն։ Անօդաչուի այդպիսի կիրառման փաստն ընկերությունում անվանել են «ցավալի» և հայտարարել, որ «անում են հնարավորը, որպեսզի կանգնեցնեն դա»։ Ավելի վաղ, ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ դատապարտել էր ռազմական նպատակներով իր անօդաչուների կիրառումը, ինչպես նաև հայտարարել, որ լայնամասշտաբ պատերազմի ամենասկզբից դադարեցրել է պատվերներ ընդունել Ռուսաստանից ու Ուկրաինայից։
CNN-ը մեկնաբանության համար դիմել էր Ռուսաստանի ՊՆ, սակայն դեռևս պատասխան չի ստացել։
Այս տարվա մարտի սկզբին ռուսական տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Ղրիմում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ իջեցվել է Mugin-5 տեսակի երկու անօդաչու, որոնք արձակվել էին Ուկրաինայից։ Այդ անօդաչուները հայտնի են նաև «Alibaba անօդաչուներ» անվամբ, քանի որ դրանք չինական ինտերնետ հարթակներում, այդ թվում՝ Alibaba-ում և Taobao-ում, հնարավոր է գնել մինչև 15 հազար դոլարով։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել