
Իսրայելի նախագահը զգուշացնում է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին
Դատական բարեփոխումների շուրջ ծավալվող իրադարձությունների և բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը հայտնվել է անդունդի ու քաղաքացիական պատերազմի եզրին։ Այդ մասին, Financial Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
«Ցանկացած մեկը, որ մտածում է, թե մարդկային զոհերով իրական քաղաքացիական պատերազմը այն գիծն է, որին մենք երբեք չենք հասնի, գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում»,- ընդգծել է Իսրայելի նախագահը։ Նրա խոսքով՝ անկախության 75-ամյակին Իսրայելն անդունդի եզրին է։
Արդեն մի քանի շաբաթ շարունակ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են։ Մարտի 11-ին տեղի ունեցած բողոքի ցույցին, ըստ կազմակերպիչների, մասնակցել էր շուրջ կես միլիոն մարդ։ Դրանից մեկ շաբաթ առաջ էլ Իսրայելի տարբեր քաղաքներում փողոց էր դուրս եկել շուրջ 400 000 մարդ։
Այն մասին, որ Իսրայելը հայտնվել է սոցիալական ու սահմանադրական փլուզման շեմին, Իցհակ Հերցոգը հայտարարել էր դեռ փետրվարին։ Նա դիմել էր Իսրայելի կառավարությանը, որը գլխավորում է «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն, եւ կոչ արել լսել ժողովրդի հորդորը, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում երկրում դատական համակարգի շուրջ ծավալվող արմատական փոփոխությունների դեմ։
Նեթանյահուն ու նրա կառավարությունը մտադիր են սահմանափակել օրենքների և կառավարության որոշումների նկատմամբ Բարձրագույն դատարանի լիազորությունները։ Բացի այդ, նոր օրենքները կառավարությանը հնարավորություն կտան վերահսկել դատավորների ընտրությունը։
Լուսանկարը՝ The Times of Israel-ից
Մեկնաբանել