
Կրեմլը ափսոսում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման համար
Մոսկվան ափսոսում է Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության ցանկության համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբևէ սպառնալիք չի ներկայացրել և չի ներկայացնում Սկանդինավյան երկրների համար։
«Մենք բազմիցս ափսոսանք ենք հայտնել Դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության կողմնորոշման վերաբերյալ։ Բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանն այդ երկրների համար սպառնալիք չի ներկայացնում, քանի որ մենք նրանց հետ որևէ վեճ չունենք: <...> Այդ իսկ պատճառով մենք կարող ենք միայն ափսոսալ այդ առնչությամբ»,- ասել է Պեսկովը։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սկանդինավյան այս երկու երկրները որոշեցին միանալ ՆԱՏՕ-ին։ Դաշինքի անդամ բոլոր երկրները, բացառությամբ Թուրքիայի ու Հունգարիայի, վավերացրել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հայտերը։ Ավելին, երկու երկրների անդամակցության համար որոշակի խոչընդոտ դարձավ շվեդ արմատական Ռասմուս Պալուդանի կողմից Ստոկհոլմում թուրքական դեսպանության առաջ Ղուրանի այրումը։
Անկարան հետևողականորեն արգելափակում է դաշինքին սկանդինավյան երկրների միացումը՝ պնդելով, որ նրանք թաքցնում են քրդական շարժման անդամներին, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է անվանում։ Թուրքիան Ստոկհոլմին ու Հելսինկիին է փոխանցել այն անձանց ցուցակը, որոնք, իր կարծիքով, կապ ունեն ահաբեկչական գործողությունների հետ։ Նրանց մի մասը Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ են, որոնք պայքարում են թուրքական իշխանությունների դեմ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի տարբերություն Շվեդիայի, Ֆինլանդիան բոլոր հնարավորություններն ունի առաջիկայում միանալու Դաշինքին։ Iltalehti թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Հելսինկին առանց Ստոկհոլմի կանդամակցի Դաշինքին, եթե Անկարան կամ Բուդապեշտը վավերացնեն Ֆինլանդիայի անդամակցության հայտը։
Լուսանկարը՝ sk-moskvich.ru-ից
Մեկնաբանել