
Ապահովագրական ընկերությունները 2022 թվականը շահույթի կտրուկ աճով են փակել
2022 թվականը Հայաստանի ապահովագրական շուկայի խաղացողների համար բարենպաստ տարի է եղել։ 2021 թվականին շահույթի շեշտակի անկումից հետո 2022-ին ընկերություններին հաջողվել է էապես մեծացնել շահույթը։ Հաճախորդներից հավաքագրված ապահովագրավճարները շատ ավելի արագ են աճել, քան նրանց հատուցումները։ Դա նպաստել է շուկայի շահույթի կտրուկ աճին։
2022 թվականին Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերությունները միասին, ըստ Վիճակագրական կոմիտեի ամփոփ տվյալների, հաճախորդներից հավաքագրել են 62.2 մլրդ դրամի ապահովագրավճարներ և հատուցել 29.2 մլրդ դրամ։
2021 թվականի համեմատ ապահովագրական շուկայի ապահովագրավճարների ընդհանուր ծավալն աճել է 12.3 մլրդ դրամով կամ մոտ 25%-ով։
Միևնույն ժամանակ, հատուցումներն ավելացել են 727 մլն դրամով կամ 2.5%-ով։ Այդպիսով, հավաքագրված ապահովագրավճարների աճը շատ ավելի մեծ է եղել, քան հատուցումներինը, ինչն էլ նպաստել է շահույթի աճին։
2021 թվականին ապահովագրական ընկերությունների շահույթը մոտ 80%-ով կրճատվել էր, իսկ արդեն 2022-ին, ինչպես վկայում են ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, այն 5.5 անգամ աճել է։
ԱՊՊԱ-ի, առողջապահության և գույքի ապահովագրության գծով ապահովագրավճարներն ավելացել են
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարները՝ այն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են ապահովագրության դիմաց, ամենաշատը գոյացել են ԱՊՊԱ-ի գծով՝ ընդհանուր ապահովագրավճարների մոտ 43%-ը։ Նախորդ տարվա համեմատ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարներն ավելացել են մոտ 15%-ով։
Անձնական ապահովագրության գծով վճարները, որոնց ներքո պետք է հասկանալ հիմնականում առողջապահության ապահովագրությունը և փոքր մասն էլ՝ դժբախտ պատահարներից ապահովագրությունը, ավելացել են 27%-ով։
Տեսանելի աճ կա գույքի ապահովագրության գծով՝ 40%:
Ինֆոգրաֆիկայում նշված են ապահովագրավճարների ծավալները 2021-2022 թվականին՝ ըստ ապահովագրության դասերի։
Ապահովագրական վեց ընկերությունները 2022 թվականին, ընդհանուր առմամբ, հաճախորդներից հավաքագրել են 62.2 մլրդ դրամի ապահովագրավճարներ, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 25%-ով։
ԱՊՊԱ-ի գծով հատուցումները նվազել են
Ինչպես ապահովագրավճարների, այնպես էլ հատուցումների ծավալում գերակշռում են ԱՊՊԱ-ի գծով գործարքները։ 2022 թվականին հատուցումների ծավալում ԱՊՊԱ-ին բաժին է ընկել 15.1 մլրդ դրամ, որը կազմել է ամբողջ հատուցումների մոտ 52%-ը։
38%-ը անձնական ապահովագրությունն է (հիմնականում՝ առողջապահության), 9%-ը՝ գույքի, մնացածը ապահովագրության մյուս դասերի գծով է։
Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, նվազել են ինչպես գույքի ապահովագրության, այնպես էլ՝ ԱՊՊԱ-ի գծով հատուցումները։
Նաիրի ինշուրանս, Ինգո Արմենիա, Ռոսգոսստրախ Արմենիա. շահույթով առաջատարները
Ապահովագրական ընկերությունների միջանկյալ ֆինանսական հաշտվետվությունները վկայում են, որ 2022 թվականին վեց ընկերությունները միասին շուրջ 4 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել։ 2021 թվականի համեմատ այն 5.5 անգամ աճել է։ 2021 թվականին ընկերությունների շահույթը շուրջ 80%-ով կրճատվել էր։
Շահույթով առաջատարը Նաիրի ինշուրանս ընկերությունն է 1.3 մլրդ դրամի շահույթով, որը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ Հաջորդում են Ինգո Արմենիան (937 մլն դրամի զուտ շահույթ) և Ռոսգոսստրախ Արմենիան (մոտ 785 մլն դրամի զուտ շահույթ)։ Ի դեպ, 2022 թվականի դեկտեմբերին Ռոսգոսստրախ Արմենիան վերանվանվել է «Լիգա ինշուրանս»-ի և արդեն այս տարվա հաշվետվություններում հանդես կգա այդ անունով։
2021 թվականը վնասով աշխատած Ռոսգոսստրախ Արմենիան, Ռեգո ինշուրանսը (նախկինում՝ Ռեսո) և Սիլ ինշուրանսը 2022 թվականը շահույթով են փակել։ Մյուս երեք ընկերություններն էլ ավելացրել են շահույթը։
Մեկնաբանել