
Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործնական միջոցները։ Այդ մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են գործնական քայլերը, որոնք ուղղված են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտնի պայմանավորվածությունների համատեքստում»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտահաղորդակցային ու տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ։
Նախօրեին Անկարայում Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Ալիևը Հայաստանին մեղադրել էր «եռակողմ հայտարարության խախտման մեջ»։ Նրա խոսքով՝ «Հայաստանը դեռևս ամբողջությամբ չի հանել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի տարածքից»։ Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ռազմական էսկալացիա սադրել Լեռնային Ղարաբաղի շփման գծում։
Լուսանկարը՝ РИА Новости / POOL
Մեկնաբանել