
Դուդան Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունն անվանել է Լեհաստանի և Չեխիայի նպատակը
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունն ընդհանուր քաղաքական նպատակ է Լեհաստանի և Չեխիայի համար։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ Վարշավայում գտնվող Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ բանակցություններից հետո։
«Մենք որևէ կասկած չունենք, որ Ուկրաինան պետք է դառնա Եվրամիության մաս։ Միությանը նրա անդամակցությունը մեր մեծ քաղաքական նպատակն է»,- ասել է Դուդան։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ունի գյուղատնտեսության, բնական ռեսուրսների ու արդյունաբերության ոլորտներում հսկայական ներուժ։ Լեհաստանի նախագահը նշել է, որ Լեհաստանի և Չեխիայի փոխգործակցության զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկը Ուկրաինայի վերականգնման համատեղ աշխատանքն է։
Իր հերթին Չեխիայի նախագահ Պետր Պավելը նշել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը միավորել է Կենտրոնական Եվրոպայի երկրներին և ուժեղացրել նրանց դերը Եվրամիությունում։ «Դրան նպաստել է նաև Ուկրաինայում պատերազմը։ Մենք ամենայն լրջությամբ հասկացանք, թե որտեղ են գտնվում իրական արժեքները և ինչպիսին է ընկերների ու դաշնակիցների հետ համագործակցության գինը։ Մենք գիտակցեցինք, թե ինչ պոտենցիալ ունի Եվրոպայի մեր հատվածը»,- նշել է Պավելը։
Չեխիայի նախագահը տեղեկացրել է, որ իր երկրին հաջողվել է զրոյի հասցնել ռուսական բնական գազի մատակարարումներից կախվածությունը։ Հանրապետությունն ակտիվորեն գտնում է այլընտրանքային ճանապարհներ ու աղբյուրներ՝ վառելիքի այդ տեսակի ստացման համար։ Դրանում մեծ դեր ունի Լեհաստանը, որի հետ միասին Չեխիան իրականացնում է STORK գազատարի կառուցման նախագիծը։ Պավելն ընդգծել է, որ չեխ-լեհական հարաբերությունները հասել են պատմության մեջ զարգացման ամենաբարձր մակարդակին։
Լուսանկարում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին/Լեհաստանի նախագահի մամուլի ծառայություն
Մեկնաբանել