
Անցկացվել է սամբոյի աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ հուշամրցաշարը
Հունիսի 9-ին «Աշխատանք» մարզադահլիճում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրին Հայաստանից սամբո ըմբշամարտի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:
Տասը քաշային կարգում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով և մեդալներով, իսկ 57, 62 և 68 կգ քաշային կարգերում (որոնցում ժամանակին հանդես է եկել լեգենդար մարզիկը) հաղթողներն արժանացան նաև Գառնիկ Հովհաննիսյանի ընկերների սահմանած հատուկ գավաթների:
Մրցաշարում հաղթել են հետևյալ մարզիկները.
48 կգ ք/կ - Էդգար Իսրայելյան
52 կգ ք/կ - Աղասի Նազունց
57 կգ ք/կ - Տիգրան Կիրակոսյան
62 կգ ք/կ - Արեն Անտոնյան
68 կգ ք/կ - Մարտին Միրզոյան
74 կգ ք/կ - Մավրիկ Նասիբյան
82 կգ ք/կ - Մհեր Կարապետյան
90 կգ ք/կ - Դավիթ Գրիգորյան
100 կգ ք/կ - Սարգիս Սարգսյան
+100 կգ ք/կ - Էդուարդ Դավթյան:
Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում 1981թ.: Մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել: 1983-1995 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ:
Արցախյան շարժման սկզբի տարիներին՝ 1989-1991թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել հատուկ բեռների տեղափոխում:
Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:
Մեկնաբանել