
Մոլդովայի պաշտոնական լեզուն մոլդովերենից վերանվանվել է ռումիներենի
Մոլդովայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է, որ երկրի բոլոր օրենսդրական ակտերում, այդ թվում նաև Սահմանադրության մեջ, երկրի պետական լեզուն մոլդովերենի փոխարեն կնշվի ռումիներենը։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։
Օրենսդրական նախագծի ընդունման օգտին քվեարկել են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) պատգամավորները, որը խորհրդարանում ունի մեծամասնություն։ Դեմ է հանդես եկել կոմունիստների և սոցիալիստների խմբակցությունը։ Ինչպես նշում է մոլդովական NewsMaker պարբերականը, ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են օրենսդրական նախագիծը հանել նիստի օրակարգից, սակայն նրանց առաջարկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ։ Խորհրդարանում նրանք պարզել են մի քանի պաստառ. «Մոլդովայի Սահմանադրություն. Մոլդովա, մոլդովացիներ, մոլդովերեն», «Ազգն ինքնիշխան է: PAS` բռնապետ»։
Իշխող կուսակցությունն օրենսդրական նախագիծը խորհրդարան էր ներկայացրել փետրվարի 27-ին։ Այն ենթադրում է Սահմանադրական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի որոշման իրագործում, որտեղ նշվում էր, որ Սահմանադրության մեջ «մոլդովորեն» սահմանումը պետք է փոխարինվի «ռումիներենով»։
Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Մոլդովայի անկախության հռչակագիրը, որտեղ նշվում է, որ երկրի պետական լեզուն ռումիներենն է, գերակա է Սահմանադրության նկատմամբ։ Սահմանադրության մեջ ներկայումս նշվում է, որ հանրապետության պետական լեզուն հանդիսանում է «լատինատառ մոլդովերենը»։ Սահմանադրական դատարանի որոշումն ունեցել է պարտադիր բնույթ, սակայն մինչ օրս չէր ընդունվել խորհրդարանի կողմից։
«Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջարկին սատարել է նաև Մոլդովայի գիտությունների ակադեմիան։ Իր հայտարարության մեջ կառույցը նշել է, որ «օրենսդրական նախագծի ընդունումը վերջ կդնի այս հարցով անդադար քննարկումներին, բոլոր շահարկումներին, որոնք առկա են վերջին տասնամյակների ընթացքում»։
2020 թվականի դեկտեմբերին, նախագահի պաշտոնում Մայա Սանդուի ընտրվելուց հետո, նախագահի կայքում պետական լեզուն մոլդովերենից փոխվեց ռումիներենի։
Մոլդովերեն և ռումիներեն լեզուները պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզուների բալկանառոմանական ենթախմբին։ Որոշ լեզվաբաններ նշում են, որ մոլդովերեն լեզու գոյություն չունի և դա ռումիներենի անվանումներից մեկն է։ Մյուսներն էլ կարծում են, որ մոլդովերենն ինքնուրույն արևելառոմանական լեզու է։
Լուսանկարը՝ picture-alliance/epa/D. Doru
Մեկնաբանել