HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա. ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW), որն ամենօրյա տեղեկագրերով անդրադառնում է աշխարհի տարբեր հատվածներում ակտիվ մարտական գործողությունների ընթացքին, ուկրաինական պատերազմի իր հերթական տեղեկագրում անդրադարձել է նաև Հայաստանին ու պնդել, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա։

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի առանձին ստորաբաժանումների տեղափոխումն Ուկրաինա «քայքայում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա»։ Ամերիկացի փորձագետները նշում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Ադրբեջանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ նոր լայնածավալ հարձակման և ցեղասպանություն իրականացնելու պատրաստության մեջ։ Ինստիտուտը մեջբերում է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որը Մոսկվայի միջնորդությամբ հաստատվեց Ադրբեջանի հետ։ Բացի այդ, ամերիկացի փորձագետները նշում են, որ Հայաստանի վարչապետը մի քանի անգամ մեղադրել է ռուսական խաղաղապահ ուժերին՝ իրենց պարտականությունների մեջ թերանալու և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության չպահպանման համար, այդ թվում Լաչինի միջանցքի մասով։

ISW-ի փորձագետներն իրենց տեղեկագրում հանգում են այն եզրակացությանը, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը, ամենայն հավանականությամբ, «բավականաչափ ուժեղ չեն»։

Ինստիտուտի փոխանցմամբ՝ Ռուսաստանը դեռ 2022 թվականի մարտին իր զինուժի միակ խաղաղապահ բրիգադի (15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադ) ստորաբաժանումների մի մասը Լեռնային Ղարաբաղից տեղափոխել է Ուկրաինա։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ուկրաինական զինուժը լուրջ կորուստներ է պատճառել ՌԴ ԶՈւ 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադին։ Ըստ ուկրաինական կողմի՝ 2022 թվականի հունիսի դրությամբ ռուսական բրիգադի 1800 զինվորականից սպանվել էր առնվազն 800-ը և վիրավորվել՝ մոտ 400-ը։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն այն կարծիքին է, որ «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր ռազմական ազդեցությունը նաև հետխորհրդային մյուս երկրներում ևս, քանի որ Մոսկվան Ղրղզստանում, Վրաստանի բռնազավթված հատվածներում (Աբխազիա և Հարավային Օսիա) ու Տաջիկստանում գտնվող իր ռազմաբազաներից վերաբաշխել է անձնակազմին՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար»։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter