HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տվել

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։ Այդ մասին նշվում է դատարանի տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Դատարանը նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել։

«Այսօր` 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում առկա իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել»,- ասված է Դատարանի տարածած հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը նշում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեջ։ Ըստ Դատարանի՝ կան «խելամիտ հիմքեր» պնդելու, որ Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար։

Նախօրեին՝ մարտի 17-ին, այն մասին, որ դեպի Ռուսաստանի տարածք ուկրաինացի երեխաների տեղահանումը կարող է համարվել ռազմական հանցագործություն, հայտարարել էր նաև ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը։

Դեռ մարտի 13-ին The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ առաջիկայում Միջազգային քրեական դատարանը երկու գործ կբացի ռուսաստանցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Ուկրաինայում ենթադրյալ հանցագործությունների պատճառով։ Դրանցից մեկը, ըստ պարբերականի, վերաբերվելու էր ուկրաինացի երեխաների տեղահանմանը, իսկ երկրորդը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված դիտավորյալ հարվածներին։ 

Կրեմլում այս ֆոնին հայտարարում են, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, քանի որ չի վավերացրել Հռոմի ստատուտը։ «Մեր երկրի համար Միջազգային քրեական դատարանի որոշումը չունի որևէ նշանակություն, այդ թվում իրավական տեսանկյունից։ Ռուսաստանը չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից և դրա մասով պարտավորություններ չի կրում։ Այդ մարմնի հեռ Ռուսաստանը չի համագործակցում, իսկ ձերբակալման հնարավոր «բաղադրատոմսերը», որոնք գալիս են Միջազգային դատարանից, մեզ համար իրավաբանորեն չնչին կլինեն»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերին անդրադարձել է նաև ուկրաինական կողմը։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը այսպես է մեկնաբանել այդ լուրը. «Հիմա, եթե Պուտինը լքի Ռուսաստանը, նա կձերբակալվի և կփոխանցվի Միջազգային քրեական դատարանին։ Համաշխարհային առաջնորդները կրկնակի կմտածեն, մինչև սեղմեն նրա ձեռքը և նրա հետ նստեն բանակցությունների սեղանին։ Սա ևս մեկ հստակ ազդակ է աշխարհին, որ ռուսական ռեժիմը հանցագործ է»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ շատ կարճ է անդրադարձել լուրին՝ նշելով, որ «սա միայն սկիզբն է»։

Լուսանկարը՝ Mikhail Svetlov / Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter