HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ-ը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը. Մարգարա գյուղում համայնքից շենքեր է վերցրել

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։ Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար:

Համայնքի ավագանին որոշումը կայացրել է փետրվարի 17-ին, որի համար հիմք են հանդիսացել ՊԵԿ ղեկավարի, Արմավիրի մարզպետի գրությունները և համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի առաջարկությունը: Ավագանու որոշումից հետո կողմերի միջև պետք է կնքվի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

Մեծամորի համայնքապետի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ավագանին ինչ նպատակով է համայնքային սեփականության գույքը նվիրատվության կարգով տվել ՊԵԿ-ին:

Փոխքաղաքապետը նպատակի վերաբերյալ տեղեկություններ չուներ, խորհուրդ տվեց ճշտել ՊԵԿ-ից: Միայն նշեց, որ նշված շենք-շինությունները, դրանց սպասարկող հողամասերը նախկինում պատկանել են պետությանը, վերջին տարիներին են փոխանցվել համայնքին, այժմ պետությունը դարձյալ իր գույքը վերցնում է:

Նշենք, որ Էդգար Հոովհաննիսյանը, որպես ավագանու անդամ, կողմ է քվեարկել այդ որոշմանը՝ չիմանալով, թե ինչ նպատակով է համայնքային գույքը փոխանցվում ՊԵԿ-ին: Որոշման օգտին քվեարկել է ավագանու 20 անդամ, դեմ՝ 0:

Արմավիրի մարզպետարանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ բովանդակություն է ունեցել մարզպետի գրությունը, և ինչ նպատակով են գույքերը փոխանցվել ՊԵԿ-ին: Լրատվության բաժնից փոխանցեցին, որ մարզպետի գրությունը վերաբերել է համայնքի բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման նպատակով հողատարածքներ հատկացնելուն։

Իրականում անշարժ գույքերը միանգամայյն այլ նպատակով են փոխանցվել ՊԵԿ-ին, և այն կապ չունի բժշկական հաստատությունների կառուցման հետ, ինչպես փոխանցում են մարզպետարանից:

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ Արմավիրի մարզի «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով է ՊԵԿ-ը դիմել Մեծամորի համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքերն ու հողամասը ՊԵԿ-ին հանձնելու համար:

«Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում՝ մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար»,- նշված է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պատասխանում:

Նշենք, որ Մարգարա գյուղը Թուրքիայի Ալիջան գյուղից մոտ 500 մետր է հեռու: Երկու պետությունները միմյանցից բաժանում է միայն Արաքս գետը, որի վրա կառուցված կամուրջով էլ կապվում են իրար:

Այս տարվա փետրվարին Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից տուժած բնակիչներին Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց: Օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցան հայ-թուրքական սահմանով՝ Մարգարա-Ալիջան հատվածով, այսինքն՝ «Մարգարա» անցակետով։

Ինչ նկարագիր ունեն ՊԵԿ-ին փոխանցված անշարժ գույքերը

Կադաստրի կոմիտեում առկա տեղեկատվության համաձայն՝ ՊԵԿ-ին փոխանցված անշարժ գույքերի և հողամասերի սեփականության իրավունքը դեռ պատկանում է Մեծամոր համայնքին: Այսինքն՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա գույքի պետական գրանցում դեռ չի իրականացվել:

Վարչական շենքը երկհարկանի է: Մինչև հայ-թուրքական սահմանի փակումը, այն եղել է անցակետ: Կառուցվել է խորհրդային տարիներին՝ 1964թ-ին: Շենքի ներքին մակերեսը 1329 քմ է, իսկ ավարտվածության աստիճանը 80 և ավելի տոկոս է:

Գտնվում է հայ-թուրքական անցակետի մոտ՝ Արաքս գետի ափին: Չեզոք գոտում է՝ փշալարերից ներս, որտեղ շարքային քաղաքացիների մուտքն արգելված է:

ՊԵԿ-ին փոխանցվել է նաև 462.2 քմ մակերեսով ծածկը, 186,1 քմ՝ պահեստը և 0.83 հա հողատարածքը:

Նվիրատվության կարգով տրվել են նաև 238,4 քմ մակերեսով պոմպակայանն ու 0,083 հա հողատարածքը:

Ինչ վերաբերում է հյուրանոցի շենքին, ապա այն եռահարկ է: Գտնվում է ՊԵԿ-ին փոխանցված վարչական շենքի դիմաց՝ դարձյալ փշալարերից ներս:

Շենքն ունի 1056 քմ մակերես: ՊԵԿ-ին են փոխանցվել նաև հյուրանոցային շենքը սպասարկող 23.5 քմ պոմպակայանը, 25 քմ ջրամղման աշտարակը: Այս շենքը ևս կառուցվել է 1964թ-ին: 80 տոկոսից ավելի ավարտվածություն ունի: Անավարտ է միայն ջրամղման աշտարակը:

Հյուրանոցային շենքի 1 հա մակերեսով հողատարածքը ևս փոխանցվել է ՊԵԿ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter