
Նախագահական նստավայրի առջև կկազմակերպվի ցույց՝ Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ
Հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Ընդդեմ կանանց հանդեպ բռնության կոալիցիան» նախագահական նստավայրի առջև կազմակերպում է ցույց Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ: Ցույցի ժամանակ կոալիցիան նախագահին է փոխանցելու երկու նամակ՝ բողոք դատավորի գործողությունների հետ կապված և նման դատավարությունները բաց իրականցնելու պահանջ:
Կոալիցիան հիշեցնում է, որ Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգել է որդու՝ Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թ. նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել:
Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որոնց համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ՝ Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հայտարարած համաներմամբ:
Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին Արտաշատում:
Մեկնաբանել