Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ մարտի 21-ին իրեն պատրաստվում են ձերբակալել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան իրավապահները մարտի 21-ին մտադիր են ձերբակալել իրեն՝ ֆինանսական խարդախությունների գործի հետաքննության շրջանակներում։ Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել իր Truth Social սոցիալական կայք էջում։
Թրամփը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունն ստացել է Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի «ոչ օրինական արտահոսքի» շնորհիվ։ Նա որևէ մանրամասներ չի ներկայացրել հնարավոր մեղադրանքի վերաբերյալ, սակայն իր աջակիցներին կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել։
Մանհեթենի դատախազությունը դեռևս պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի տարածել։
Թրամփը կասկածվում է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտման մեջ։ Հետաքննության վարկածով՝ Թրամփի նախկին փաստաբանը՝ Մայքլ Քոենը, 130 հազար դոլար է վճարել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին, որն իբր պատրաստվում էր հանրայնացնել քաղաքական գործչի հետ իր սիրային կապի մասին։ Այդ ծախսերը հետո ապօրինաբար փոխհատուցվել են Թրամփի նախընտրական հիմնադրամից։ Քոենը դեռ 2018 թվականի դեկտեմբերին դրա համար դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Նախօրեին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Թրամփին կարող է պաշտոնական մեղադրանք առաջադրվել։ Սպասվում է, որ նախկին նախագահի ֆորմալ ձերբակալությունից հետո, նրան կտեղափոխեն դատարան, որից հետո նա գրավի դիմաց ազատ կարձակվի։ CNN-ը հայտնել էր, որ Նյու Յորքի իրավապահ մարմինները մեկ շաբաթ շարունակ պատրաստվել են, որպեսզի քաղաքում թույլ չտան հնարավոր անկարգություններ։
Լուսանկարը՝ Drew Angerer/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել