HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 26-ին ՀԱԿ-ը կազմակերպում է համապետական հանրահավաք

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը «Խորհրդարանական ժամ» հաղորդման ընթացքում

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանը կանգնած է բախտորոշ արտաքին մարտահրավերների և ներքաղաքական ցնցումների առաջ: Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղյան ճակատային գծում Ադրբեջանի ռազմական մեքենայի գործողությունների հետևանքով տեղի ունեցան ողբերգալի դեպքեր, որոնք խլել են մեր քաջարի զիվորների կյանքը, վտանգել սահմանային գյուղերում ապրող մեր հայրենակիցներին: Հայ ազգային կոնգրեսի անունից խորին ցավակցություն եմ հայտնում հայրենի հողը պաշտպանած մեր հերոս մարտիկների հարազատներին և զորակցում վտանգված սահմանային գոտում ապրող մեր հայրենակիցներին:

Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան ՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին և միջազգային հանրությանը՝ ռազմական միջոցով հակամարտությունը լուծելու իր պատրաստակամության մասին։

Ադրբեջանի ռազմական մեքենայի լկտիությունը սակայն պայմանավորված չէ միայն նավթադոլարային եկամուտների և ռազմավարական սպառազինությունների գնման հետ: Այն նախևառաջ կապված է Հայաստանի այսօրվա վիճակի հետ: Մշտապես կեղծվող ընտրություններ, քրեապետական կառավարման համակարգ, որ խեղդում է մեր տնտեսության զարգացումը, վերից վար կոռումպացված պետություն, ահռելի չափերի հասնող արտագաղթ, ժողովրդի անասելի աղքատություն և տառապանքներ, աչքի զարնող սոցիալական անհավասարություն. այս է այսօր Հայաստանը, ինչը մեծացնում է հակառակորդի ինքնավստահությունը:

Ադրբեջանի նավթային սպառազինման շանտաժին մենք կարող ենք ունենալ ազդու պատասխան՝ դեմոկրատական Հայաստան, որում բոլորը հավասար են օրենքի առջև, ուր գործում է ազատ տնտեսական մրցակցությունը, ուր իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից և հաշվետու է նրա առջև: Այսպիսի Հայաստանի համար արդեն հինգերորդ տարին պայաքրում է Հայ ազգային կոնգրեսի ղեկավարած համաժողովրդական Շարժումը: Այս ընթացքում տասը մարդ զոհվեց ռեժիմի գնդակներից, հարյուրավոր քաղբանտարկյալներ տարիներ անցկացրին բռնապետության բանտերում, արգելվեցին հանրահավաքներ: Բայց մեր Շարժումն անկասելի է:

Հակառակ պետականորեն կազմակերպված համատարած ընտրակեղծիքների, ընտրակաշառքի զանգվածային բաժանման և ընտրողների ահաբեկումների՝ այսօր Հայ ազգային կոնգրեսից 7 պատգամավոր մուտք է գործել Հայոց խորհրդարան: Սա էապես փոխելու է քաղաքական գործընթացները Հայաստանում: Այսուհետև մեր հանրահավաքային պայքարին գումարվելու է մեր պայքարը խորհրդարանում:

Սերժ Սագսյանի պաշտոնակության գործընթաց, հակամենաշնորհային օրենսդրություն և մրցակցային տնտեսության զարգացում, իշխանությունների կոռուպցիոն գործարքների բացահայտում, խնայբանկի ավանդների վերադարձ, գյուղատնտեսական վարկերի ամնիստիա, մարդու իրավունքների, դեմոկրատական ազատությունների և սոցիալական արդարության ապահովում.ահա այն խնդիրները, որոնցով մենք զբաղվելու ենք Ազգային ժողովում:

Ասվածը ամենևին չի նշանակում, որ մենք կենտրոնանալու ենք բացառապես խորհրդարանական գործունեության վրա: Այս ամենը հաջողության որևէ շանս ունի մի դեպքում միայն. եթե ժողովուրդը կանգնած է մեր թիկունքին և բոլոր այս հարցերի լուծմանը պատրաստ է աջակցել իր հավաքական ուժով՝ Ազատության հրապարակում:

Այո, մենք՝ Հայ ազգային կոնգրեսի յոթ պատգամավորս, Հայաստանի ժողովրդի Ազատության հրապարակի պատվիրակներն ենք Ազգային Ժողովում: Ազատության հրապարակը շարունակելու է ապրել իր կյանքով, և, ի վերջո, հասնելու բաղձալի հաղթանակին: Ուստի, հունիսի 26-ին՝ ժամը 19.00-ին, մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում եմ Ազատության հրապարակ համապետական հանրահավաքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter