HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Գրողը եւ գրողը

Ամսագրի խմբագրի նշած ժամկետը մոտենում էր: Երիտասարդ գրողը, որ արդեն ճաշակել էր փառքի առաջին պնակներից, չէր կարողանում կառչել որեւէ էական թեմայի, որից դուրս բերեր իր հերթական գլուխգործոցն ու հասցներ խմբագրին, ստանար խոստացված հոնորարն ու մի քանի օրով կրկին մխրճվեր բոհեմի մեջ, որն իր դեպքում ոգելիցն էր... մինչեւ հերթական գլուխգործոց: Եթե այս անգամ էլ պատմվածքը չհասցներ ժամանակին՝ այլեւս հույս կարող էր չունենալ մյուս անգամների բարեհաճության: Իրեն պատեպատ էր տալիս՝ բան չկար պատմելու: Գրոշի արժեք չունեցող իր կյանքում ոչինչ չէր կատարվում, ոչ մի սուր զգացողություն չէր ապրում, որ գրավոր կյանք փոխադրեր. ոչ սիրահարվում էր, ոչ իրեն էին սիրահարվում, ոչ էլ մեծ-մեծ գործերի գլխավոր գործող անձ էր դառնում: Ընդհանրապես՝ իր մեղքը չէր, որ ծնվել էր մանրիկ ժամանակներում, ոչ մի բան չի ոգեւորում մարդկանց հիմա, վեհ մտքերը չեն գրավում, սեռական կյանքի մանրամասները չտեսորեն շաղ տալն իրենը չէր, հերոսական պատումներ երբեք չէր կարողացել գրել: Իսկ իր դժգույն կյանքը ոչ մեկին հետաքրքիր չէր, որ դրա մասին գրեր: Մտքում կռիվ էր տալիս ժամանակի, շրջապատի մարդկանց, հարազատների հետ՝ նրանք չեն ձգում իր պատմվածքների նյութը կամ հերոսը դառնալու, ահ, գավառական կյանք, գավառական կրքեր, գավառական մարդիկ, նեղսրտում էր նա:

Այդ առավոտ արթնացավ ու նայեց օրացույցին՝ ընդամենը երեսուն ժամ հետո պետք է ներկայանար գրական ամսագրի խմբագրություն՝ պատմվածքը ձեռքին: Չէ, մի բան պետք է մտածել, էքստրեմալ մի բան, ճար չկա: Նա սառը ցնցուղ ընդունեց, ֆենեց նորաձեւ կտրվածքով, քունքերի մոտ սափրած մազերը եւ հագնվեց: Մինչեւ վերելակով կիջներ, արդեն որոշումն ընդունել էր: Մի շիշ ,,Զեռնո,, օղի գնեց, մի կտոր կրակովյան երշիկ, հաց ու գնաց քաղաքի կենտրոն: Գտավ մի քիչ անկյուն քաշված նստարան, վրան դրեց ուտելիքն ու խմիչքը, մոտիկ աղբամանից վերցրեց մի դատարկ տուփ, դրեց գետնին, մեջը մի քանի մետաղադրամ գցեց ու նստարանին նստելով՝ կամացուկ անցավ իր գործին, այսինքն՝ ուտելուն եւ կում-կում խմելուն: Տեսավ, որ անցորդները նկատում են իրեն, հատկապես աղջիկները զարմացած տնտղում էին, երեւի կոկիկ տեսքն ու մազերի նորաձեւ կտրվածքը չէին բռնում դրամ մուրալու իր թափանցիկ ակնարկին՝ ստվարաթղթե տուփի տեսքով: Նրա հույսն այն էր, որ շուտով ոստիկանները կնկատեին իրեն, միգուցե կտանեին բաժին, միգուցե այնտեղ մի քանի ժամ կանցկացներ՝ հանիպելով գրպանահատների, դանակահարողների կամ որեւէ ծեծուջարդի մասնակցի հետ, ու այդ մարդկանցից այնքան բան կլսեր, որ մինչեւ առավոտ կարկանդակի պես տաք պատմվածքը թխած կլիներ: Հակառակի պես՝ ոստիկաններ չէին մոտենում, մինչդեռ մի քանի աղջիկ կանգ առան ու դրամ նետեցին ստվարաթղթե տուփի մեջ, ուսերը թոթվելով ու մտածելով, որ լավ արտաքինով այս տղան հավանաբար այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ այլ ելք չունի՝ մուրալուց բացի: Չնկատեց, թե ինչպես հարբեց, իսկ հետո քունը տարավ:

Երբ աչքերը բացեց՝ երեկո էր, ինքը պառկած էր նստարանին: Նստեց ու նախ նկատեց ստվաթղթե տուփի մեջ հավաքված մետաղադրամների կույտը, հետո հայացքը բարձրացնելով՝ աչք-աչքի դիպավ կեղտոտ շորերի կույտի մեջ կուչ եկած, հավանաբար անտուն մարդուն: Երեւում էր, որ մարդը վաղուց է այդտեղ, որովհետեւ նա էլ, գետնին նստած, գլուխը հենել էր նույն նաստարանի կողքի բազրիքին: Մարդն ուղղվեց եւ դիմեց երիտասարդին.

-Սա իմ տարածքն է, բայց ես չեմ նեղանում, քանի որ ինձ երբեք էսքան փող չէին տա: Եթե դեմ չես՝ կեսը վերցնեմ ու ուտել-խմելու բան բերեմ:

Երիտասարդը շփոթվեց.

-Վերցրու ամբողջը եւ ինչ ուզում ես՝ գնիր:

Մարդն ուրախացավ, ճարպիկ շարժումով տուփի անկյունից ողջ մետաղադրամը լցրեց գրպանը եւ գնաց:

Երիտասարդ գրողը մտածեց, որ նա էլ չի գա: Օրն անցել էր, իր նախաձեռնությունը՝ տապալվել, իրեն ոչ ոստիկանություն էին տարել, ոչ էլ անգամ որեւէ մեկը փորձ էր արել վռնդել իրեն քաղաքի բանուկ այդ մասից, գոնե այդպես սուր զգացողություն ապրելու իր մարմաջը սնելով: Պղտոր մտքերը ցրելու համար մի լավ թափահարեց գլուխը՝ մտմտալով հետագա անելիքը: Կարգի բերեց շորերն ու արդեն ուզում էր հեռանալ՝ մեկ էլ անտունը վերադարձավ՝ մթերքի ու խմիչքի փաթեթով.

-Մի գնա, -ասաց անտունը,- քո արդար վաստակն է, միասին վայելենք:

Երիտասարդ գրողն ուսերը թոթվեց, սպասեց, մինչեւ անտուն մարդը խմիչքի կեսը լցրեց իր դատարկ շշի մեջ, հետո երկուսով սկսեցին խմել եւ ուտել: Երբ մի փոքր հոգիները տաքացան՝ գրողն անտունին պատմեց դարդերը: Անտունը ողջը լսեց՝ հասկացողի նման ու մի պահ լռեց, քորելով գլուխը:

-Կարծես թե ես կարող եմ օգնել քեզ,- ասաց նա:

Գրողը քմծիծաղ տվեց: Ենթատեքստն ակնհայտ էր՝ ինչով կարող է գրողին օգնել մի անտուն մուրացիկ: Մուրացիկը չնեղացավ: Նա պատմեց, որ երիտասարդ ժամանակ ինքը եւս գրել է, նույնիսկ որոշ ժամանակ տպագրվել է: Բայց նա տգեղ ու աղքատ մարդ էր, իսկ հրատարակիչները, խմբագիրները, մեկենասները սիրում են երիտասարդ ու գեղեցիկ գրող տղերքի ու աղջկերքի, թեկուզ՝ մի քիչ էլ տաղանդավոր չլինեն: Այնպես որ մի օր, երբ ոճային եւ ոլորտի աս համարվող մի խմբագիր արհամարհանքով հետ շրխկացրեց իր ձեռագիրը՝ ասելով, որ անգամ չի կարդացել, քանի որ հիմա այլ ժամանակներն են՝ ձեռագիր ո՞վ է բան կարդում, էլեկտրոնային տարբերակով պետք է ուղարկել իրեն, նա, որ այդ օրերին նաեւ իր բնակարանից էր զրկվել, վերջնականապես կոտրվեց:

-Այդ վերջին ձեռագիրը պահել եմ,-ասաց նա,- դու ընտրություն չունես: Հավատա՝ լավ գործ է: Բերեմ՝ պայմանով, որ հոնորարի կեսն ինձ կբերես:

Երիտասարդ գրողն ուղղակի հետաքրքրասիրությունից նստեց այնքան, մինչեւ անտունը գնաց մոտակայքում գտնվող իր փոս-կացարանը եւ մի քանի տակ ցելոֆանի մեջ փաթաթած՝ բերեց ձեռագիրը: Դա ճմրթված թղթերի մի խուրձ էր, որոնք նայելով՝ երիտասարդ գրողը տեսավ շատ գեղեցիկ ու հստակ ձեռագիր եւ , համենայնդեպս, վերցրեց խուրձը:

-Պայմանավորվեցինք,-ասաց նա:

-Սովորաբար քո նման մարդիկ վերցնում են թղթերը ու էլ չեն վերադառնում, երկու անգամ էլ եմ այդպես արել,-ասաց անտուն մարդը:

-Ես կվերադառնամ,- ասաց երիտասարդ գրողը, թեեւ վստահ չէր, որ կարդալու է թղթերը կամ այնտեղ կարդալու բան կա:

Մինչեւ կեսգիշեր երիտասարդ գրողը կարդաց անտուն մարդու գրառումները ու այնպես էր կլանվել, որ չզգաց, թե ոնց է երկրորդ անգամ ծայրեծայր կարդում: Գրվածքը սիրո եւ դավաճանության մասին էր: Գրողը միացրեց համակարգիչն ու ողջ գիշեր իրեն ու անտունին խառնեց-կիսեց համակարգչում: Երբեմն նա ամոթ էր զգում այն բանի համար, որ անտունի գրածների կողքին մինչեւ այժմ իր գրոտած-տպածը ոչնչություն-բաներ էին թվում:

Նա ժամանակին հասցրեց պատմվածքը, սպասեց, մինչեւ խմբագիրը կարդաց այն՝ խմբագրի փայլող աչքերից հասկանալով, որ այս անգամ նրան մի ուրիշ կարգի է գոհացրել: Ստորագրեց-ստացավ փողը եւ գնաց տուն՝ մտադրվելով մի երկու օր լավ քնել:

Անտուն մարդը ճիշտ դուրս եկավ: Նոր պատմվածքը գրական շրջանակի քննարկման նյութ էր դարձել, իսկ երիտասարդ գրողը կրկին ուտում էր փառքի պնակներից՝ ամեն օր հետաձգելով անտուն մարդուն այցելելու գաղափարը: Մինչեւ որ վերջնականապես մոռացավ նրան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter