HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը հայտարարել է Մարիուպոլ Վլադիմիր Պուտինի այցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհայտարարված աշխատանքային այցով այցելել է ռուսական զինուժի կողմից բռնազավթված ուկրաինական Մարիուպոլ քաղաք։ Այդ մասին, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հայտնել են ТАСС, РИА Новости, Интерфакс և ռուսական մյուս լրատվամիջոցները։ Ավելի ուշ, այդ մասին հաղորդագրություն է տարածել նաև Կրեմլի պաշտոնական կայքը։

«Պուտինը Մարիուպոլ է ժամանել ուղղաթիռով։ Ավտոմեքենայի ղեկին նա շրջել է քաղաքի մի քանի շրջաններով, նայել ափագիծը՝ զբոսանավերի ակումբի շրջանում, թատրոնի շենքը, հիշարժան վայրերը»,- հայտարարել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

Իր այցի ընթացքում Պուտինին ուղեկցել են Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, որը «նախագահին մանրամասն զեկուցել է քաղաքում ու նրա շրջակայքում շինարարական ու վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին»։

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Նևսկի միկրոշրջանում Պուտինը զրուցել է տեղացիների հետ և մտել ընտանիքներից մեկի բնակարան։ РИА Новости-ն գրում է, որ Պուտինն այցելել է «վերականգնված ֆիլհարմոնիա» և Մերձազովյան տեխնիկական համալսարան։ 

Գործակալությունը հրապարակել է մի քանի լուսանկար և տեսանյութ, որտեղ, ինչպես նշվում է, երևում է Մարիուպոլ Պուտինի այցը։ Հոլովակներից մեկում Ռուսաստանի նախագահը գիշերային փողոցով շարժվում է մեքենայի ղեկին, իսկ հաջորդ կադրում մտնում բեմ ու ամբիոն ունեցող սրահ։

«Բացի այդ, Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Դոնի Ռոստովում՝ հատուկ ռազմական գործողության (խմբ․- Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ռուսական անվանումը) հրամանատարական կետում։ Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լսել է Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովի և մի շարք զորահրամանատարների զեկույցները»,- հայտարարել է Կրեմլը։ 

РИА Новости-ն էլ պնդում է, որ Դոնի Ռոստով Պուտինի այցը տեղի է ունեցել Մարիուպոլ այցից հետո։

Մարիուպոլ կատարած այցը դարձել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Պուտինի առաջին այցը Դոնբաս։ Սա նաև վերջին տարիներին Պուտինի առաջին այցն է Ուկրաինայի տարածք, որը Ռուսաստանը բռնազավթել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։ Անցած տարվա նոյեմբերին Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինը Դոնբաս կայցելի, երբ «կգա ժամանակը»։

Մարտի 18-ին՝ Ղրիմի բռնակցման 9-րդ տարելիցի օրը, Ռուսաստանի նախագահն այցելել էր Սևաստոպոլ։ Դա նրա առաջին այցն էր Ղրիմ՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո։

Ռուսական բանակը Մարիուպոլը գրավել էր 2022 թվականի գարնանը՝ եռամսյա պաշարումից հետո։ Քաղաքը ռուսական զինուժի վերահսկողության տակ էր անցել մայիսի վերջին, երբ հանձնվել էին «Азовсталь»-ի վերջին պաշտպանները։ Մարիուպոլի օրինական իշխանությունների տվյալներով՝ քաղաքի ռուսական պաշարման ժամանակ ավերվել է բնակելի շենքերի մինչև 90 %-ը։

Կոլաժը՝ 24 Канал-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter