HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու դրամատիկական թատրոնի զգեստապահարաններում պահվում է 5000 կտոր թատերական հագուստ

Կինը վստահորեն ոտքը դնում է փայտե տախտակամածին ու մի քանի քայլ անում կիսախավարի մեջ, հետո շրջվում է՝ հավանաբար թիկունքում չլսելով իմ քայլերի ձայնը:

-Չե՞ք գալիս, ինչի՞ եք կանգնել,- հարցը տալու ընթացքում փորձում է հեռախոսով լուսավորել ճանապարհը:

-Ես վախենում եմ բարձրությունից,- ժպիտս երեւի խղճուկ է ստացվում: Հավաքելով համարձակությանս վերջին փշրանքները՝ բռնում եմ ինձ մեկնած ձեռքը: 

Մենք թեւանցուկ քայլում ենք ճռճռացող փայտե տախտակամածով: Ներքեւում բեմի աշխատակիցները հերթական ներկայացման դեկորներն են հավաքում: Ես լսում եմ նրանց ձայները: Մենք գտնվում ենք 9 մետր բարձրության վրա: Եվս մի քանի վայրկյան եւ «օդային ճանապարհով» հայտնվում ենք շենքի հակառակ թեւում: Այստեղ՝ երկու հարկերի ընդարձակ սենյակներում, տեղավորված են Գյումրու դրամատիկական թատրոնի 3 զգեստապահարաններից 2-ը:

Ուղեկիցս 62-ամյա Ռիտա Յայլոյանն է՝ թատրոնի զգեստապահարանի պատասխանատուն, ով այս աշխատանքին է նվիրել կյանքի 32 տարիները: Ձեռքի թեթեւ շարժումով նա հետ ու առաջ է անում կախիչները՝ առանձնացնելով նոր բեմադրվող ներկայացման համար պահանջվող մի քանի զգեստ: Տարատեսակ ձեւացքի ու գույների հագուստի առատությունից աչքերս շաղվում են: Թատրոնի զգեստապահարանում առկա է 5000 կտոր հագուստ, որից 3000-4000 արխիվացված է: 

-Նախկինում շատ ավելին ենք ունեցել,- նկատում է տիկին Ռիտան,- դե, մի մասը վնասված էին, ցեցոտված՝ ստիպված էինք դուրս գրել: Մեր ունեցածից միայն 1000 կտոր հագուստ նվիրել ենք Ստեփանակերտի թատրոնին: Կան հագուստներ, որ էլ չեն օգտագործվում, քանի որ ներկայացումն էլ բեմ չի բարձրանում, բայց մեկ է՝ պահպանում ենք, որովհետեւ թատրոնի պատմությունն է: 

-Իսկ եղե՞լ է, որ դերասանի հագուստը կորի,- հարցնում եմ:

-Կորի՞...բացառվում է,- զրուցակցիս ձայնի մեջ մետաղական երանգներ են հայտնվում:

«Այո՛, հարցս տեղին չէր»,- մտածում եմ ես՝ հասկանալով, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով պարզապես չի կարող հայտնվել այս տարածքներում առանց տիրուհու՝ այս դեպքում տիկին Ռիտայի թույլտվության: Հետո, կարծես ինչ-որ բան հիշելով, զրուցակիցս ժպտում է.

-Բայց եղել է դեպք, որ «չենք տեսել»: Աչքերիս առաջ կախած է եղել, բայց չենք տեսել: Երեւի մի 20 տարի առաջվա դեպք է, «Տերն ու ծառան» կխաղային, ես էլ ինչպես միշտ հագուստները պատրաստել եմ, բայց դերասաններից Ֆրունզիկ Ամիրխանյանի շորերը չեմ գտնի: Երկուսով կնայենք՝ չկա: Մի արտասովոր հագուստ էլ չէր՝ սովորական վերնաշապիկ, ժիլետ, շալվար: Ըսի՝ մի մտածե, ես հմի ինչ որ պետք է կհավաքեմ: Բերածս շորերը հագավ՝ շալվարը երկար էր: Արագ-արագ թել ու ասեղով կողքերից կարեցի, գնաց բեմ: Հըմի կուլիսներից կտեսնիմ, օր շալվարի դեմն ու հետեւը կախ է ընկել, քրտինքը տվել է վրես, ամոթուց գետինը կմտնիմ: Ըդպես ներկայացումը խաղաց, հեչ մարդու հեչ բան չըսեց: Հետո օր եկանք հանդերձարան, տեսանք շորերն իրա տեղը կախած էին, ուղղակի մենք չէինք տեսել: 

Խնդրում եմ հիշել ծիծաղաշարժ դեպքեր իր աշխատանքի հետ կապված, եթե իհարկե եղել են: Տիկին Ռիտան մի պահ ընկնում է մտքերի մեջ, հետո հարցական նայում դեմքիս.

-Մե բանըմ եմ հիշել, բայց չիդեմ արժե՞ որ պատմեմ:

-Իհարկե արժե,-խրախուսելով գլխով եմ անում ես:

-Կհիշե՞ք, օր 90-ականներին հովհարային անջատումներ էին: Թատրոնը համարյա միշտ լույս ուներ, բայց դե մենք էլ կընգնեինք էդ անջատումների տակ: «Սերը ծփիների տակ» ներկայացումը կխաղան, հենց պրծավ, ժողովուրդը գնաց, թատրոնի լույսերը մարեցին: Ես էլ գրիմյորկեքից շուտ-շուտ ներկայացման շորերը կհավաքեմ: Մեր պաժառնիկներից մեկը ֆանառիկը բերել է, օր արագ գործերս էնեմ: Վերջացրեցի, թատրոնից դուրս եմ եկել, մեկ էլ հետեւիցս կգոռան.«Ռիտա՜, Ռիտա՜ հետ արի, Վազգեն Կարպիչը տկլոր է, շորերը չկան, քեզի կկանչե»: Դու մի ըսա, էդ խեղճ մարդու հագնելիք շորերն էլ դերասանականի հետ հավաքել տարել էի:

Թատրոնը մարդկության պատմության մեջ գոյություն է ունեցել մ.թ.ա 534թ-ից, երբ Մեծ Դիսոնիսիայում առաջին անգամ բեմադրվեց Թեսպիդեսի ողբերգությունը: Դեռեւս այդ ժամանակ թատերական հագուստը շատ էր տարբերվում առօրեականից: Հունական թատրոնը կարող էր տեղավորել մինչեւ 17 հազար մարդ եւ վառ զգեստը, դիմակը, բարձր կոշիկները հնարավորություն էին տալիս ավելի լավ տեսնել կատարողին: Թատրոնի ծնունդից ի վեր բովանդակային առումով շատ բան է փոխվել, սակայն ձեւը մնացել է նույնը: 

«Զգեստը, կոշիկը, գլխարկը, ձեռնոցը, դերասանին պատկանող յուրաքանչյուր իր պիտի համահունչ լինի տվյալ դերին: Պիտի լինի գրավող, խոսուն, լրացնի դերասանական խաղը, չխանգարի, արտահայտի տվյալ ժամանակաշրջանը, դերասանի հոգեկան վիճակը եւ այլն,- ասում է Գյումրու դրամատիկական թատրոնի զգեստների նկարիչ Լուսինե Խաչատրյանը,- հագուստները ստեղծելիս այս ամենը բնականաբար հաշվի է առնվում` պիտի կարողանաս ճիշտ էմոցիա փոխանցես քո արածով: Ինձ համար մի շատ կարեւոր սկզբունք կա, որ հագուստը պետք է կենսագրություն ունենա: Բեմում չեմ սիրում նոր հագուստ, եթե իհարկե հատուկ խնդիր չի դրված, որ հագուստը պետք է նոր երեւա: Ես սիրում եմ, որ մինչեւ բեմ բարձրանալն արդեն իսկ դերասանը փորձերի ընթացքում հագնի այն, դարձնի իրենը: Մարդը պիտի ապրած լինի էդ հագուստով, հագուստը պիտի կենսագրություն ունենա ու դա պիտի զգացվի»:

Համագործակցությունը թատրոնի հետ, Լուսինեն Խաչատրյանը սկսել է 11 տարի առաջ «Փարիզը վտանգավոր քաղաք է» ներկայացումով: Աշխատանքի առաջարկը ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից էր: Եկավ մեկ ներկայացման համար եւ մնաց թատրոնում: Այս ընթացքում  բազմաթիվ զգեստներ է ստեղծել: Խոստովանում է, որ ամեն անգամ առաջնախաղերից հետո բեմ բարձրանալիս մի փոքր հուզվում է, սակայն առ այսօր չի կարողանում մոռանալ առաջին բեմելը՝ զգացողություններ, որոնք այլեւս չեն կրկնվել: 

«Դա իմ առաջին գործն էր թատրոնում, խոսքը «Փարիզը վտանգավոր քաղաք է» ներկայացման մասին է: Երբ ասացին, որ ես էլ պիտի բեմ բարձրանամ, մի փոքր անսովոր էր, կանգնել էի իմ ստեղծած զգեստների կողքին ու անբացատրելի մի զգացում էր ինձ պատել, որ հետո էլ մյուս ներկայացումների ժամանակ չկրկնվեց: Այդ օրն ամեն ինչ ֆանտաստիկ էր»: Լուսինեն խոստովանում է, որ տեխնիկապես բարդ աշխատանք է կատարել «Լիր արքա» եւ «Մաուգլի» ներկայացումների ժամանակ՝ ժամանակաշրջան, միջավայր, մեծ թվով մասնակիցներ, նյութի ընտրություն եւ այլն: 

«Մաուգլի»-ի զգեստների 80 տոկոսը մեր թատրոնի դերձակներ են կարել: Դա էլ հսկայածավալ աշխատանք էր, ու որքան էլ վստահ էի որակի վրա, էլի կուլիսներում կանգնած անհանգստանում էի, որ հանկարծ որեւէ մեկի պոչը կամ թաթը չպոկվի,- Լուսինեն ծիծաղում է,- բայց պիտի հարգանքի տուրք մատուցենք մեր բազմափորձ դերձակներին՝ այնպես էին կարել, խնդիրներ չեղան»:

Թատրոնի կարի արհեստանոցում ներկայում երկու դերձակ են աշխատում՝ Ռուդիկ Ոսկանյանն ու Լաուրա Աստոյանը: 75-ամյա վարպետ Ռուդիկը ծիծաղելով է նշում, որ թոշակի անցնելուց հետո տանն ընդամենը 10 օր է մնացել, թատրոնի տնօրենը եկել ու կրկին թատրոն է բերել, ասելով՝ վերադարձի՛ր, առանց քեզ դժվար է: «Թատրոնում սկսել եմ աշխատել 41 տարի առաջ: Եկել էի ժամանակավոր, բայց մնացի մշտական: Օր կըսեն թատրոնը ճահիճ է՝ լավ իմաստով, ճիշտ կըսեն, 33 տարեկան ջահել տղա էի, որ էկա, ըստեղ ծերացա»,- վարպետ Ռուդիկը ծիծաղում է:

Բավական ընդարձակ այս սենյակում ստեղծվում են թատրոնի բեմական զգեստները: Սա այն վայրն է, առանց որի չի կարող կայանալ թատերական հեքիաթը: Վարպետ Ռուդիկն օգտվելով զրույցի դադարից՝ սեղմում է կարի մեքենայի ոտնակը: Ես ավելի ուշադիր եմ դիտում մեքենաների մակնիշումն ու հայտնաբերում, որ խորհրդային շրջանից մնացած սարքավորումներ են: «Սրանք ավելի լավ են աշխատում, հատկապես հաստ կտորով գործերի վրա,-նկատում է զրուցակիցս,- մետաքսի համար նոր մեքենաներ են մեզ պետք, սրանք փչացնում են»:

-Հլը էն հարթուկը վերցրու, տես կրնա՞ս,- խորամանկ ժպտալով՝ առաջարկում է վարպետ Ռուդիկը։

-Բայց ես անգամ տեղից չեմ կարող շարժել,- հուսահատված ձեռքս թափ եմ տալիս՝ ուշադիր զննելով երկաթե խոշորամարմին արդուկը,- էս էլ ձեր դինոզավրն է, հա՞:

-1960-ականների արտադրանք է, 8 կգ է քաշը, հիմնականում էդ հարթուկը կօգտագործենք, պալտո, պիջակ, հաստ կտորից կարած շորերը լավ կնստցնե,-զրուցակցիս ձայնի մեջ գոհունակություն եմ զգում,- չնայած էն նոր հարթուկներից էլ ունինք, բայց մեր հինն ուրիշ է:

Ռուդիկ Ոսկանյանն ասում է, որ կարում է ըստ նկարչի տրամադրած էսքիզի: «Թղթի վրայի նկարածն ինձ հերիք է, ես փակ աչքերով էլ կկարեմ,- հպարտորեն շեշտում է վարպետը,- Լենինականի Չկալովի կարի գործարանում տեխնոլոգ եմ աշխատել, մինչեւ թատրոն գալս: Ես ինքս էլ գծել, նկարելուց լավ եմ: Մեր գործի մեջ ամենակարեւորը ճիշտ ձեւացքն է: Կարող է քիչմ վատ կարես, բայց եթե շորը ճիշտ ես ձեւել, ուրեմն հագնողի վրա էլ ճիշտ կնստի»

Զրուցակիցս հիշում է, որ առիթ է ունեցել դերասան Արմեն Ջիգարխանյանի համար, որ կազմվածքի խնդիր ուներ, կոստյում կարել. «Երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանը տղայի հետ Լեննագանում ֆիլմ կնկարեին, որն ինչքան գիտեմ էդպես էլ էկրան չբարձրացավ: Ջիգարխանյանին էլ էին հրավիրել խաղալու: Ես իր համար կոստյում կարեցի: Ինքը սապատ ուներ, ամեն շորի մեջ չէր հարմարվի: Ես առանց իրեն տեսնելու եմ կարել՝ չափսերն ուղարկել էին, ու փաստորեն էնքան ճիշտ էր նստել վրան, որ հետը տարել էր,- պատմում է զրուցակիցս,- Խորեն Աբրահամյանի հետ եմ աշխատել: Ինքը կյանքում կսիրեր լավ հագնվել, իր համար էլ եմ կոստյումներ կարել, բայց թատերական հագուստի հարցում բծախնդիր չէր: Որ ասում էի՝ ախր էս աստառի գույնը էն չէ, կտորի հետ չի բռնում, ասում էր՝ այ մարդ, ինչի հետեւից ես ընկել, կարի, շորը վրես նստի, էդքան բան»:

«Ես չեմ պատկերացնում թատրոնն առանց դերձակի, ով մասնագիտացված է հենց թատերական զգեստներ կարելու մեջ,- ասում է Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը,-մեր դերձակը՝ Ռուդիկը Ոսկանյանը, թատրոնի կենդանի պատմությունն է՝ քայլող լեգենդ, համարյա կես դար թատրոնում է: Մենք ունեցել ենք Լիլի Գրիգորյան, որ գրիմ էր անում, պարիկներ էր գործում եւ աշխատում իր փորձը փոխանցել երիտասարդներին: Մեր թատրոնը Սունդուկյանից հետո զգեստապահարանի մեծությամբ երկրորդն է: Նախկինում մոտ 10.000 կտոր զգեստ ենք ունեցել: Բայց դե գիտեք, ժամանակի հետ շորը խունանում է, ցեցն է փչացնում: Մենք հիմա հագուստներ ունենք, որ վախենում ենք լվանալ, որովհետեւ հնարավոր է փչանան: Պահպանում ենք ինչքան հնարավոր է՝ նաեւ արխիվացնելով: Մեր երկու մեծ զգեստապահարաններում 3000-4000 հագուստ կա, երեւի մի 1000 կտոր զգեստ էլ ընթացիկ ներկայացումների համար նախատեսված զգեստապահարանում է»:

Դերասանի զգեստը պիտի կարվի թատրոնում, համոզված է Լյուդվիգ Հարությունյանը, այդպես եղել է նախկինում, ներկայում եւս ավանդույթը պահպանվում է: Ըստ զրուցակցիս՝ չի կարող դահլիճում նստած հանդիսատեսը բեմում տեսնել հագուստ, որ ձեռք է բերված խանութից։ Այն, ինչ բեմում է, պիտի տարբերվի առօրեականից ու լինի անհասանելի: Ասում է, որ թատրոնում զգեստների թանգարան ստեղծելու մտքեր կան, սակայն դրա համար պետք է նաեւ տվյալ ներկայացումների բեմական մանրակերտերը ստեղծել, հին լուսանկարները հավաքել, պատմությունը գրել եւ այլն, որ այցելուն կարողանա ամբողջական պատկերացում ունենալ զգեստի, դերասանի, ներկայացման մասին:

«Մենք ծրագրեր շատ ունենք, բացի թանգարանից, ցանկանում եմ թատրոնի արխիվը թվայնացնել, նաեւ վերականգնել թատրոնի գրադարան հասկացությունը,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը,- ցանկություն ունեմ ներկայում ստեղծագործող դերասանների մասին գիրք գրվի: Ինձ որքան էլ ասեն, թե ինտերնետի դար է, կարող են մտնել կարդալ, գիրքը մի ուրիշ զգացողություն է, գրքից կարդալն այլ է, գրքի փոխանցող էներգետիկան էլ է այլ, եւ անպայման անելու ենք, երբ ֆինանսավորում գտնենք: Շատ բաներ կարելի է անել, ուղղակի ցանկություն ու թատրոնը սիրող համախոհ աջակիցներ են պետք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter