
GPT-4. OpenAI ընկերությունը թողարկել է ChatGPT-ի նոր տարբերակը, որը կարող է աշխատել պատկերների հետ
OpenAI ընկերությունը թողարկել է իր ChatGPT չաթ բոտի նոր տարբերակը, որն արհեստական բանականության տեխնոլոգիաների օգնությամբ կարող է տալ տարբեր հարցերի պատասխաններ, ինչպես նաև գրել բանաստեղծություններ և ստեղծել համակարգչային կոդեր։ BBC-ի փոխանցմամբ՝ չաթ բոտի վերջին տարբերակը, որը ստացել է GPT-4 անվանումը, կարող է աշխատել ոչ միայն տեքստային հարցումների, այլև պատկերների հետ։
Նախագծի մշակողները խոստանում են, որ նոր չաթ բոտը կարող է մշակել մինչև 25 հազար բառ, այսինքն 8 անգամ ավելին, քան ChatGPT-ն։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, OpenAI-ի ղեկավար Գրեգ Բրոմանը առցանց շնորհանդեսի ժամանակ ցուցադրել է GPT-4-ի որոշ հնարավորություններ։ Բացի այդ, նա ցույց է տվել, թե ինչպես է արհեստական բանականությունն ստեղծում իրական վեբկայք՝ էսքիզային լուսանկարի հիման վրա։
OpenAI-ի պնդմամբ՝ արհեստական բանականությունը «քննություն է հանձնել» ամերիկյան պրոֆեսիոնալ իրավաբանների համար և դրա արդյունքում հայտնվել 10 % լավագույն աշակերտների մեջ։ Ընդ որում, չաթ բոտի նախորդ տարբերակը հասել էր միայն այն արդյունքին, որը համեմատական էր 10 % ամենացածր ցուցանիշների հետ։
GPT-4-ը ներկայումս հասանելի է միայն չաթ բոտի վճարովի տարբերակի օգտատերերի համար, որի արժեքն ամսական կազմում է 20 ԱՄՆ դոլար։ Սակայն նոր չաթ բոտը արդեն տեղադրված է Microsoft ընկերության Bing առցանց որոնման հարթակի մեջ։ Վերջերս Microsoft-ը 10 միլիարդ դոլար էր ներդրել OpenAI-ի մեջ։
ChatGPT-ն բաց հասանելիությամբ ի հայտ է եկել 2022 թվականի նոյեմբերին և մինչ օրս ողջ աշխարհում դրանից օգտվում են միլիոնավոր մարդիկ։ Չաթ բոտն ունի մի քանի տարբերակներ, որոնք աշխատում են մի քանի լեզուներով, այդ թվում ռուսերեն և ուկրաիներեն։
Արհեստական բանականությանը հաճախ խնդրում են գրել բանաստեղծություններ, երգեր, գովազդային հայտարարություններ և համակարգչային կոդեր։ Այն հատկապես հայտնի է դարձել ուսանողների և դպրոցականների շրջանում, որոնք ռոբոտին դիմում են տնային հանձնարարությունների ժամանակ օգնության համար, չնայած դասավանդողները խորհուրդ չեն տալիս օգտվել սրանից։
ChatGPT չաթ բոտն իր պատասխանները կազմում է այնպես, որ օգտատիրոջ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ շփվում է կենդանի մարդու հետ։ Դա նաև կարող է ընդունել լեզվական տարբեր ոճեր։
Ընդ որում, հեղինակները նշում են, որ ChatGPT-ն ունի շատ քիչ պատկերացում 2021 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների և երևույթների վերաբերյալ, քանի որ դրա բազան չի թարմացվել այդ թվականից հետո։
Բացի այդ, քիչ չեն նաև այն դեպքերը, երբ արհեստական բանականությունը սկսում է տալ հորինված պատասխաններ, որոնք կապ չունեն իրականության հետ կամ էլ սխալներ թույլ տալ տրամաբանական կառուցվածքներում։
Իլյուստրացիան՝ analyticsindiamag.com-ից
Մեկնաբանել