HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2022 թվականին Հայաստանից ԱՄԷ փողի արտահոսքը 6 անգամ աճել է

2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են փոխանցել 2.6 մլրդ դոլար, որը աննախադեպ ցուցանիշ է։ Ռեկորդային էր նաև  փոխանցումների ներհոսքը՝ 5.2 մլրդ դոլար։

Եթե տրանսֆետների այս ներհոսքում Կենտրոնական բանկի վիճակագրության մեջ հստակ երևում է, որ այն մեծապես պայմանավորված է Ռուսաստանից կատարված փոխանցումներով, որոնք տարեկան կազմել են մոտ 3.6 մլրդ դոլար կամ ընդհանուր ներհոսքի 70%-ը, ապա արտահոսքի պարագայում Ռուսաստանի կշիռը շատ ավելի փոքր է (17%):

Դեռևս այս տարվա փետրվարի սկզբին «Հետք»-ը դիմել է Կենտրոնական բանկ՝ խնդրելով տրամադրել նշված 2.6 մլրդ դոլարի բացվածքը՝ ըստ երկրների, քանի որ հրապարակված վիճակագրության մեջ առանձնացված էին միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Ավելի ուշ ԿԲ-ն հրապարակել է նոր ցանկ՝ ներառելով 10 երկիր և «այլ երկրներ» տողը։ Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ «այլ երկրներ» տողի ներքո բավականին մեծ գումար է «տեղավորվել» (մոտ 1.2 մլրդ դոլար)։

Մինչ ԿԲ-ից խոստանում են ընդլայնել այդ ցանկը և ավելի մեծ բացվածքով ներկայացնել, որը թույլ կտա ավելի մանրամասն հասկանալ գումարների արտահոսքի աշխարհագրությունը, արդեն իսկ հրապարակված ցանկից երևում է, որ արտահոսքի էական աճ կա ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Գերմանիայի գծով։ Մյուս երկրների գծով ևս աճ կա, սակայն թե՛ բացարձակ թվով, թե՛ աճի տեմպով առաջատարը ԱՄԷ-ն է։

Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ. Հայատանից դրամական փոխանցումների կազմում առաջին երեք առաջատար երկրները

Ինչպես նշվեց վերևում, 2022 թվականին Հայաստանից արտասահման դրամական փոխանցումներում Ռուսաստանի տեսակարար կշիռը 17% է՝ 453 մլն դոլար։ 2021 թվականի համեմատ այն աճել է 51 մլն դոլարով կամ 13%-ով։

ԱՄՆ է փոխանցվել 328 մլն դոլար, աճը՝ 139 մլն դոլար կամ 73%:

Դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ է փոխանցվել 275 մլն դոլար, որը 2021 թվականի համեմատ աճել է 6.4 անգամ։

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, միայն «այլ երկրներ» տողով մոտ 1.2 մլրդ դոլարի արտահոսք է տեղի ունեցել, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է։  

Այս վիճակագրության մեջ բացառապես ֆիզիկական անձանց փոխանցումներն են, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, քանի որ վերջիններս ևս համարվում են ֆիզանձ։ Իսկ իրավաբանական անձանց փոխանցումները ԿԲ-ն չի համակարգում և չի հրապարակում։

Վիճակագրությունից հնարավոր չէ պարզել, թե ինչով է պայմանավորված ֆիզիկական անձանց փոխանցումներում ԱՄԷ-ի և մյուս երկրների գծով արտահոսքի աճը։ Բացի ընդհանուր ցուցանիշներից՝ այլ տվյալներ չկան, հետևաբար չի երևում, թե ովքեր և ինչ նպատակով են կատարել փոխանցումները։

Վերջին տասը տարիներին բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները աստիճանաբար ավելացել են։ 2022 թվականին կտրուկ աճ և աննախադեպ ցուցանիշ է գրանցվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter