HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Գործադուլ՝ Վանաձորում. փաստաբանները բողոքում են կամայականություններից

Այսօր Լոռու մարզի 49 փաստաբանից 46-ը գործադուլ է հայտարարել՝ հետաքննության, նախաքննության մարմինների և դատարանների կողմից դրսևորվող և իր իրավունքերը խախտող կամայականությունների պատճառով:

Փաստաբանների հիմնական պահանջն ուղղված է Վճռաբեկ դատարանի կողմից պատճառաբանված և հիմնավորված որոշումներ կայացնելուն:

Ալեքսանդր Ծատինյան

Փաստաբան Ծատինյանի խոսքով՝ հետաքննության, նախաքննության մարմիններն ու դատարանները հաճախ որոշումներ են կայացնում ոչ օրենքի տառին համապատասխան կամ օրենքի հակասություններով, ինչ հետևանքով խեղաթյուրվում է արդարադատության բուն էությունը:

Իր գործերից առանձնացնում է հետևյալ կանկրետ օրինակները. դատական ակտով չի բավարարվել հացվորի պահանջը՝ իր 20640 դրամ աշխատավարձը համապատասխանեցնել նվազագույն աշխատավարձի՝ օրենքով սահմանված չափին՝ 32500 դրամին: Հարկադիր պարապուրդի գումարը հատուցելու համար դատարանը հաշվարկել է ոչ թե նախորդող, այլ տվյալ տարվա աշխատավարձի չափը՝ ցածր լինելու պատճառով: Մեկ այլ դեպքում դատավորը նշել է, որ հայցվորը կարող է վկայակոչել միայն 1 իրավական հիմք, այնինչ, ինչպես փաստաբանն է նշում, իրավունք ունի վկայակոչելու անսահման իրավական հիմքեր: Խախտումները բողոքարկվում են և հաճախ անտեսվում վերադաս ատյանների կողմից:

Կարինե Գասպարյան

Փաստաբան Կարինե Գասպարյանը մատնանշում է երկու գործ, որոնց վերաբերյալ իր երկու վճռաբեկ բողոքներն էլ դատարանը մերժել է ընդունել վարույթ: Դրանցից հանցավոր խմբի բացակայության պայմաններում խմբակային գողության համար դատապարտյալի գործն այժմ քննության է առնվում Եվրադատարանում:

Մյուս գործով չեն դիմել փաստաբանին՝ բողոքը Եվրադատարան ուղարկելու համար: Կարիեն Գասպարյանը ենթադրում է, որ իր վստահորդները կորցրին հավատը պաշտպանի, պաշտպանական ինստիտուտի և ընդհանրապես արդարադատության նկատմամբ:

Ռուբեն Հակոբյան

Փաստաբան Հակոբյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը կամայականություն է դրսևորում բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցում: Որևէ չափանիշ չի գործում՝ ինչու նշված հիմնավորումներով բողոքն ընդունվեց վարույթ, իսկ մյուս բողոքը մերժվեց: Իր երեք տարվա փաստաբանական գործունեության ընթացքում 10-ից ավել բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որոնցից միայն 1-ն է ընդունվել վարույթ և այն էլ մերժվել: Ինչպես նշում է, Վճռաբեկ դատարանի որոշումները նախադեպային են և ենթակա են պարտադիր կատարման ստորադաս դատարանների ու քրեական հետապնդման մարմինների կողմից: Մինչդեռ փաստաբանները բազմաթիվ բողոքներ են ներկայացնում խախտված նախադեպային որոշումների մասին, սակայն Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում դրանց և չպատճառաբանված որոշումներով վերադարձնում է բողոքները:

«Վճռաբեկ դատարանը կոչված է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու համար, բայց հենց ինքը խախտում է այդ սկզբունքը, որովհետև իր սահմանած նախադեպն անտեսվում, արհամարհվում է ստորադաս դատարանների և քրեական հետապնդման մարմինների կողմից: Բերում ենք բողոք, որ հարգելի Վճռաբեկ, քո դիրքորոշումն անտեսում են, քո դատական ակտը չեն հարգում, բեկանիր: Ձայն չկա»,-ասում է փաստաբանը:

Փաստաբանը նշում է հետևյալ օբյեկտիվ պատճառը, որն, ըստ նրա, կարող է վկայակոչել Վճռաբեկ դատարանը. այն է, որ տարեկան 3-4 հազար վճռաբեկ բողոք է բերվում, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների թիվն ընդամենը 14 է: Չնայած, ըստ փաստաբանի, այդ պատճառն էլ չի կարող հիմնավորել «խորացող ճգնաժամը»: «Եթե նույնիսկ չեն հասցնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարել, ապա դա չի կարող անդրադառնալ քաղաքացիների իրավունքերի ոտնահարման դեպքերին չարձագանքելու վրա»,- ասում է փաստաբանը:

Կարեն Թումանյան

Փաստաբան Կարեն Թումանյանը Վճռաբեկ դատարանի գործելակերպը հիմնավորում է այլ պատճառներով: Ըստ նրա՝ արդարադատություն իրականացնողը դատարանն է: Վճռաբեկ դատարանը պատասխանատվություն է կրում երկրում արդարադատության իրականացման համար, իսկ Վճռաբեկ դատարանի ղեկավար Արման Մկրտումյանը, նրա խոսքով, այսօր ի վիճակի չէ անկախ պահելու դատական համակարգը: «Վճռաբեկ դատարանի նախագահ, եթե չես կարողանում անկախ պահել դատական համակարգը, աշխատիր ուրիշ գործով: Թող այնպիսի մարդու դնեն, ով կկարողանա»,- ասում է Կարեն Թումանյանը:

Փաստաբանը նշում է, որ ստորադաս դատարանները կաշկանդվածություն ունեն Վճառաբեկ դատարանի դիրքորոշումից, և վերջինիս «ոչ ճիշտ իրավական աշխատանքային վիճակն» անդրադառնում է նաև ստորադաս ատյանների աշխատանքի վրա: Ամբողջ դատական համակարգի կախվածությունը մեկնաբանում է 2 իմաստով՝ ներքին և արտաքին: Ներքին կախվածությունը դատավորի կախվածությունն է վերադաս ատյանի դատավորից, երկրորդը՝ կառավարությունից կախվածությունն է՝ ի դեմ դատախազության: Չնայած այդ կախվածությունն էլ, ըստ նրա, միանշանակ չէ. կան դատավորներ, ովքեր անձնական փորձով ցույց են տալիս, որ հնարավոր է կախում չունենալ. ուզում են և կարողանում են անկախ լինել:

Փաստաբան Թումանյանը խնդրի հետևյալ լուծումն է տեսնում. «Եթե Վճռաբեկ դատարանի դատավորները քաղաքական որոշում կայացնեն և իջեցնեն ներքևի՝ ստորադաս դատարաններ, ասեն, որ «դուք՝ դատավորներ, ովքեր սեփական անձով կաշկանդվածություն ունեք, կարող եք դիմում գրել, ովքեր չունեք, կաշկանդվածություն չունենաք», այսպես ասած: Հետևապես, դատավորը կլինի անկախ և իր անձով չկաշկանդված: Համակարգը կգործի, և դատարանն էլ չի պայմանավորվի, թե դատախազության հետ ինչ որոշում կայացնի, տվյալ դեպքում քրեական գործերով»:

Կարեն Թումանյանի 6 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում Վճռաբեկ դատարանը 100 բողոքից ընդամենը 3-4-ն է վարույթ ընդունել: Վերադարձված 20-ից ավելի բողոք ուղարկվել է Եվրադատարան: Փաստաբանն ասում է, որ եթե Վճռաբեկ դատարանը, որն իրավունքի դատարան է, «իր դերում լինի», ասինքն՝ իրավական հարցերի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումները հայտնի, Եվրադատարանը, բնականաբար, քիչ անելիք կունենա Հայաստանի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter