HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր

Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով երկու պատվիրությունների մասնակցությամբ:

Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական  դաշնակցային հարաբերությունների, քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ:  

Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի:

Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը միտված է տարածաշրջանում իրավիճակի սրմանն ու նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելուն: Այս համատեսքտում շեշտվել է այդ գործելակերպի դատապարտման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և եռակողմ հայտարարություններով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հրամայականը:  

Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:   

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության անհրաժեշտությունն ադրբեջանական կողմի սադրանքների կանխման, խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման գործում։ 

Արարատ Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության կանխման նպատակով միջազգային համապատասխան գործիքակազմի գործարկումն ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման անհրաժեշտությունը:  

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter