HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։

Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ։ Դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:

Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Նոուրուզի՝ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ, որ Արեգակնային տոմարով նոր տարին հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար անսասան խաղաղության և հարաճուն ձեռքբերումների տարի լինի։

Հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:

Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter