HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՔՊ-ն լրագրողների մասին անձնական տվյալներ է հավաքում. իրենց խելքով՝ այդպես ճնշելու են

Մի քանի տարի առաջ գործող իշխանությունների օրոք Ոստիկանության 7-րդ վարչության պետի Դուբայի անշարժ գույքերի մասին հետաքննություն էինք հրապարակել: Վարչության պետը մի քանի օր անց ցանկություն էր հայտնել ոչ հրապարակային հանդիպել ինձ հետ: Ես առաջարկեցի հանդիպել հոդվածի հեղինակին: Հեղինակը գնաց հանդիպման: Բացատրել էր՝ ինչպես է ձեռք բերել Դուբայի իր տները: Հանդիպման ժամանակ լրագրողին ասել էր, թե նրա կինը որտեղ է աշխատում (տվյալը սխալ էր), որ «Հետք»-ի խմբագրի որդին դպրոցական եղած ժամանակ կռվի մեջ է հայտնվել, մի խոսքով՝ մեր բոլոր անձնական տվյալներն էր հավաքագրել եւ ուզում էր ասել՝ ինքն էլ կարող է դա օգտագործել, որ լրատվամիջոցներում կապեր ունի: Այդ վարչության պետին հետո հանեցին, հիմա նա այլ պաշտոն է զբաղեցնում: 

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրագրողների մասին տվյալներ է հավաքագրում, ինչպես իրենք են ասում՝ իրար մեջ, դոսյեներ են հավաքում:

Այսօր իշխանությունները իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին: Այդպես է, որովհետեւ իրենք ընդդիմությունից չեն վախենում, վախենում են միայն լրագրողներից: Նրանք են իրենց «հերոսական» էջերի մասին հանրությանը տեղեկացնում: Իշխանությունն ամեն ինչում մեղադրում է լրատվամիջոցներին: Դա ամեն առիթով հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը, թիմակիցներն էլ, հետեւելով իրենց ղեկավարին, գրեթե ամեն օր թիրախավորում են լրագրողներին: ՔՊ-ն չի ուզում իրենց մասին որեւէ հրապարակում լինի, որտեղ թիմի անդամներին մեղադրում են կոռուպցիայի, անօրինականությունների, չարաշահումների մեջ: ՔՊ-ականները այդպես էլ չհասկացան, որ արդեն պաշտոնյաներ են, եւ իրենք են ընտրել թիրախում լինելու հանգամանքը: Երբ լսում ես նրանց ճեպազրույցները, հարցազրույցները, հասկանում ես, որ պետության այս աղետալի վիճակը իրենց բնավ չի էլ անհանգստացնում: 

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր «բացահայտում է» արել։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողներին մեծ ոգևորությամբ հայտնել է, որ իր տվյալներով` «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Նա «մոռացել» է նշել բնակարանի չափը, այն 52 քմ է:

Վահագն Ալեքսանյանին տեղեկացնեմ, որ «Հետք»-ի խմբագիրն էլ է տարիներ առաջ բնակարան ձեռք բերել Ծարավ Աղբյուր թաղամասում։ Որ ձեր աղբյուրներին ավելորդ գործի չդնեք, ասեմ՝ 56 քմ է: Վահագն Ալեքսանյանը գտնում է, որ միայն պաշտոնյաները կարող են տուն ձեռք բերել, մյուսները չպիտի դա անեն:

Ինչն է եղել լրագրողների վրա հերթական հարձակման առիթը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկամտահարկով տուն էր ձեռք բերել «Երազ» թաղամասում: Դա արտացոլված է իր հայտարարագրում: 2022-ին հիփոթեքով երկրորդ տունն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Բնակարանը 165 քմ է: «Հետք»-ը գրել է այդ մասին: Գրել ենք, որ ձեռք է բերել շատ ցածր գնով: Հիմա ՔՊ-ն ասում է՝ ինչու եք գրել, ինչու եք խախտում մեր անդորրը:

Հիմա բացատրեմ՝ ինչու ենք խախտում ձեր անդորրը: Խախտում ենք, որովհետեւ կացարանում, անհայտ հանգամանքներում վառվում է 15 զինվոր: Խախտում ենք, որովհետեւ այսօր շատ դիրքերում չկան գիշերային տեսանելիության սարքեր (անհրաժեշտության դեպքում կարող ենք հրապարակել), գրում ենք, որովհետեւ բանակից բան չի մնացել, գրում ենք, որովհետեւ փոխանակ մեր պաշտպանությամբ զբաղվեք՝ զբաղվում եք լրագրողներով:

Ինչ եք ուզում իմանալ, միանգամից հարցրե՛ք, կպատասխանենք։ Իմ մասին ուրիշ տվյալներ էլ կարող եմ տալ, մեծ պարտքեր ունեմ՝ հիվանդանոցին, ընկերներիս: Սոցիալական մի ծրագիր անելու մտադրություն ունեմ ընկերներիցս մեկի հետ, Արցախի հանձնված տարածքներից փողոցում հայտնված մարդկանց համար: Եթե ավելի շատ մանրամասներ են պետք, կարող եք դիմել, կպատասխանեմ ձեր հարցերին:

Մեկնաբանություններ (2)

Samvel
Disgusting!
Տիգրան
Արջուկը քեզ ա սպասում արի գոնչո ջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter