
Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարցի շուրջ բանակցություններ չկան
Ազգային ժողովում այսօր պատգամավորների ու Կառավարության անդամների հարցուպատասխանի օրն է: Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել է 10 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին:
Սարգիս Խանդանյանը Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, որ թյուրքալեզու երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության դեմ:
Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ նման երևույթը նորություն չէ: Մի կողմից բանակցություններ են գնում խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, մյուս կողմից Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ է հնչեցնում:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ վերջին օրերին ավելի են սրվել հայատյացության կոչերը, սպառնալիքները: Նույնիսկ ասվել է, որ Հայաստանում հանգիստ չեն ապրի, եթե Ղարաբաղը չընդունեն որպես Ադրբեջանի մաս:
«Բայց մենք հաստատակամ ենք»,- պնդում է Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, շարունակելու են բանակցել՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
Խանդանյանը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվում է Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարցը, ինչպես պնդում է Ադրբեջանը:
Նախարարը նշեց, որ այդ հարցը կարգավորված է 2020թ. Հայաստանի, Ադրբեջանի Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթով: Այնտեղ ասվում է, որ Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը:
Արարատ Միրզոյանն ասաց, որ չեն բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ:
Մեկնաբանել