«Հայացք». «Արմյանսկի տեռորիզմ» գիրքը վաճառելու համար դատապարտված Վերնիսաժի գրավաճառը բողոքարկում է
«Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով գիրք վաճառելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 4 տարվա ազատազրկման դատապարտված Վերնիսաժի գրավաճառի պաշտպանը դատարանի վճռի դեմ բողոք է ներկայացրել վերաքննիչ ատյան: Ակոջյանի պաշտպան Էդուարդ Չինարյանը համարում է, որ առաջադրված մեղադրանքը և դատավճիռը անհիմն են, դատարանը սխալ է կիրառել նյութական իրավունքի նորմը, և դատական ակտը ենթակա է բեկանման:
Պաշտպանը պահանջում է անցյալ տարվա ապրիլի 23-ին «Վերնիսաժ» կոչվող տարածքում 10000 դրամով «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով գիրք վաճառած գրավաճառ Սպարտակ Ակոջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով, և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել բողոքը, որի քննությունը նշանակել է հունիսի 12-ին:
Վերաքննիչ բողոքում մասնավորապես նշվում է, որ գրավաճառը մեղադրվում է այն բանի համար, որ Թբիլիսի քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում գործով չպարզված անձից ձեռք բերելով 1991 թվականին ռուսերեն հրատարակված «Արմյանսկի տեռորիզմ» վերանգրով 10 հատ ֆոտոալբոմ, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, 2011 թվականի ապրիլի 23-ին փորձել է իրացնել դրանք Երևանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում: «Սակայն դատարանում տված ցուցմունքով Ակոջյանը հիմնավորում է, որ իր գործողություններում հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված դիտավորություն չկա, որ ինքը այդ գրքերը վաճառել է կարիքից դրդված, որ նա այդ վաճառքի ընթացքում գնի վերաբերյալ սակարկել է գնորդների հետ, այսինքն՝ գրքի վաճառքի գործողությունները կատարվել են զուտ կոմերցիոն նպատակներով»,- վերաքննիչ բողոքում գրում է պաշտպանը:
Նրա խոսքով՝ Ակոջյանը և նրա կինը նախաքննության ժամանակ հայտնել են, որ այդ ալբոմները վաճառել է կնոջ խնդրանքով, որպեսզի ձեռք բերվի Մ. Սարյանի նկարների ալբոմը: Սակայն դատարանը որպես ապացույց է կիրառել այն եզրակացությունը, համաձայն որի՝ «Արմյանսկի տեռորիզմ» ֆոտոալբոմի վերնագիրը և դրանում ներկայացված նյութերը կարող են ազդեցություն ունենալ ընթերցողների գիտակցության վրա՝ ստեղծելով հայ ազգի հանդեպ խաթարված պատկերացումներ, ազգային թշնամանք:
Այս եզրակացությունը, ըստ պաշտպանի, չի կարող ապացույց լինել, քանի որ այն կատարված է թերի, դա զուտ փորձագետի կարծիքն է և ոչ ՀՀ քաղաքացիների, որոնք միայն կարող են ասել, թե իրենց վրա ինչ ազդեցություն է ունենում գիրքը՝ առաջացնում է հայրենասիրական մղումնե՞ր, հպարտության զգացո՞ւմ «Ասալայի» և հայկական ազատագրական ուժերի ու նրանց ձգտումների նկատմամբ, ատելություն և թշնամանք է սերմանում թուրքերի և ադրբեջանցիների նկատմա՞մբ, թե՞ հակառակը:
«Այստեղ փորձագետը, միայն իր սուբյեկտիվ կարծիքով, կատարել է քննիչի կամքը: Այդ զուտ անձնական փաստաթուղթը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ թեմայի վերաբերյալ փորձագետը հետազոտություն չի կատարել, նա վերլուծել է միայն ֆոտոալբոմի բառերը և արտահայտությունները:
Փորձաքննության եզրակացության մեջ ոչ մի արտահայտություն չկա այն մասին, որ Սպարտակ Ակոջյանը անձամբ վիրավորական արտահայտություններ է արել հայ ժողովրդի հասցեին և դա արել է ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ դատահոգեբանական փորձաքննություն և արարքի սուբյեկտիվ կողմի հետազոտություն ընդհանրապես չի կատարվել»,- գրում է պաշտպանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր կքննի Սպարտակ Ակոջյանի շահերի պաշտպան փաստաբան Էդուարդ Չինարյանի բողոքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել