HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում կլինի աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը, ում «Խավարում» ֆիլմը կներկայացվի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Փառատոնի շրջանակներում Հոլանդին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար:

Ագնեշկա Հոլանդը ծնվել է 1948թ.: Մասնագիտական կրթություն ստացել է Պրագայի հռչակավոր ՖԱՄՈւ կինոդպրոցում: Վերադառնալով Լեհաստան' սկսել է կինոյում իր գործունեությունը' աշխատելով Քշիշտոֆ Զանուսիի և Անջեյ Վայդայի հետ' որպես օգնական, հետագայում նաև սցենարի հեղինակ:

Համահեղինակ է այնպիսի ճանաչված ֆիլմերի, ինչպիսիք են Անջեյ Վայդայի «Դանտոն», «Կորչակ», «Սեր Գերմանիայում», «Առանց ցավազրկման» և այլ ֆիլմերը և Քշիշթոֆ Կեսլյովսկու «Երեք գույն» ֆիլմերը: 1970-ականներից ստեղծում է իր հեղինակային ֆիլմերը և արդեն 1978թ. իր առաջին լիամետրաժ «Գավառական արտիստները» ֆիլմի համար արժանանում Կաննի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍՍԻ ժյուրիի մրցանակի:

Ագնեշկա Հոլանդը այն եզակի կին ռեժիսորներից է, ում հաջողվել է աշխատել և կայանալ Հոլիվուդում: Միացյալ Նահանգներում նա հատկապես հայտնի է «Օսկարի» նոմինանտ «Զայրույթի բերք» (Angry Harvest), «Եվրոպա, Եվրոպա» ("Europa, Europa") և «Ուորներ Բրոդերս» ընկերության հետ ստեղծված «Օլիվեր, Օլիվեր» ("Olivier, Olivier") ու «Գաղտնի այգին» ("The Secret Garden") ֆիլմերով:

Նրա ֆիլմերը ներկայացվել են աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում: Արժանացել է Կաննի (1980թ.), Գդանսկի (1981թ.), Բեռլինի (1981թ.), Մոնրեալի (1985, 1987թթ.), Վենետիկի (2002թ.), «Ոսկե գլոբուս» (1991թ.) մրցանակների: Հոլանդի ֆիլմերը երեք անգամ նոմինացվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» համար:

«Ոսկե ծիրանի» ծրագրում ընդգրկված «Խավարում» ֆիլմը, որը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է շրջափակման մեջ գտնվող Լվովում հրեա փախստականների փրկության պատմությունը, 2012թ. «Օսկարի» հինգ նոմինանտներից մեկն էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter