HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ով է ռուսական հայտնի Virtus.pro կիբերսպորտային ակումբի հայ գնորդը, և որքան է արժեցել գործարքը

Գործարարը կառուցապատման և հյուրանոցային բիզնեսից մուտք է գործել նաև կիբերսպորտի ոլորտ։ 

Արամ Կարամանուկյանը 2022 թվականի սեպտեմբերին ձեռք է բերել Ռուսաստանի առաջատար կիբերսպորտային ակումբներից մեկը՝ Virtus.pro-ն։ Սկզբում նա ստանձնել է նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը (ամիսներ անց այլ տնօրեն է նշանակվել) և այդ մասին հայտնել թվիթերյան իր էջում։

Արամ Կարամանուկյանը նոր մասնակից է այս շուկայում։

Երբ հայտնի դարձավ, որ ճանաչված սպորտային ակումբի նոր ներդրողը նա է, ռուսաստանյան մամուլը արձանագրեց, որ մինչ այս գործարքը նա կիբերսպորտի ո՛չ ռուսական, ո՛չ հայկական տիրույթում ճանաչված չի եղել։ Չէր հրապարակվել նաև գործարքի արժեքը։

Օրեր առաջ՝ 2023-ի մարտի 17-ին, ռուսաստանյան մամուլը գրեց, որ ակումբը վաճառվել է 174 մլն ռուբլով (մոտ 2.8 մլն ԱՄՆ դոլար գործարքի ժամանակ եղած փոխարժեքով)։ Ակումբը պատկանել է ESforce կիբերսպորտային հոլդինգին, որի մայր ընկերության (VK) տարեկան հաշվետվության մեջ նշված է գործարքի գինը։

2023 թվականից Virtus.pro-ն ներկայացնում է Հայաստանը։ Ակումբի անունը պահպանվել է։ Կարամանուկյանը հայտարարել է, որ պլանավորում է Virtus.pro-ի գործունեությունը ընդլայնել Հայաստանում՝ նոր գրասենյակի միջոցով։ Ինչպես նշված է ընկերության պաշտոնական կայքում, Virtus.pro-ն հանդիսանում է աշխարհի և ԱՊՀ երկրների ամենատիտղոսակիր կիբերսպորտային ակումբներից մեկը:

Հայաստանում կիբերսպորտը նոր և շատերին անծանոթ ոլորտ է։ Այն անվանում են համակարգչային սպորտ կամ էլեկտրոնային սպորտ։ Դրանք թիմային կամ անհատական համակարգչային սպորտային խաղեր են:

Կիբերսպորտի ոլորտում տեղի են ունենում նաև միջազգային մրցաշարեր։

Արամ Կարամանուկյանը նախկին բանկիր, ներկա գործարար Ներսես Կարամանուկյանի որդին է, աշխատում է կառուցապատման և հյուրանոցային ոլորտներում

Արամ Կարամանուկյանի հայրը՝ Ներսես Կարամանուկյանը, Հայաստանի բանկային ոլորտում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2009-2011թթ. եղել է Արդշինինվեսբանկի վարչության նախագահ, հետո՝ Անելիք Բանկի (ներկայում՝ ԱյԴի Բանկ) վարչության նախագահ, աշխատել է նաև միջազգային ֆինանսական կորպորացիաներում։

2011-2012թթ. եղել է Ամուլսարի հանքի շահագործման նախագծի հեղինակ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն: Ներկայում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող «ԱԳԱՊԵ Հայաստան» ընկերության (Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք.) տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահը։

Որդին՝ Արամ Կարամանուկյանը, ըստ Պետական ռեգիստրի տվյալների, այժմ կառուցապատող «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է, ինչպես նաև նույն ընկերության սեփականատերերին փոխկապակցված «Բրենդեն հոթել» ՍՊԸ-ի տնօրենն է, որի գործունեության ոլորտը հյուրանոցային տնտեսությունն է։

Նաև համատիրության կառավարիչ է «Դալմա» ՀՄՏ-ում։ 

Լուսանկարը՝ Արամ Կարամանուկյանի թվիթերյան էջից

Արամ Կարամանուկյանի գործընկերների շարքում է կառուցապատող «Դի ընդ էյջ գրուպ»-ի սեփականատերերից Վահե Պետրոսյանը (մասնաբաժինը ընկերությունում՝ 19.7%): Նա «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ է, շինարարության ոլորտում գործող մի շարք ընկերությունների համասեփականատեր, որոնցից առավել հայտնի է «Արտքոմփանի» ՍՊԸ-ն։

Եվ, վերջապես, Արամ Կարամանուկյանը համասեփականատեր է «ՎՊ եսպորտ» ՍՊԸ ընկերությունում: Այն հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին: Անունը և հիմնադրման ամիսը հուշում են, որ այս ընկերության միջոցով են Կարամանուկյանը և նրա գործընկերը կազմակերպում Virtus.pro-ի գործունեությունը Հայաստանում։

«Virtus.pro-ն իմ անձնական բիզնեսն է, որտեղ ես սեփականատեր եմ։ Իսկ մյուս բիզնեսներում ես աշխատում եմ աշխատանքային հիմունքներով։ Այդ բիզնեսները որևէ կապ չունեն Virtus.pro-ի հետ»,- «Հետք»-ի հետ զրույցում շեշտեց Արամ Կարամանուկյանը։

Արամ Կարամանուկյանին է պատկանում ընկերության բաժնետոմսերի ուղիղ կեսը՝ 50%-ը: Նա այս ընկերությունում նաև տնօրենի պաշտոնն է զբաղեցնում:

Մյուս կեսի սեփականատերը ESforce կիբերսպորտային հոլդինգի (որին նախկինում պատկանել է Virtus.pro-ն) նախկին գործադիր տնօրեն Էմին Անտոնյանն է։ Նա Ռուսաստանում հայտնի է ինչպես սպորտի, այնպես էլ՝ ֆինանսների բնագավառներում: Նաև հեռահաղորդակցության ոլորտում է աշխատել։

Վերջինիս հետ փոխկապակցված որևէ այլ ընկերություն Հայաստանում, ըստ պետռեգիտսրում որոնումների, չկա: 

Ուշագրավ է, որ Virtus.pro կիբերսպորտային ակումբի վաճառքի գործարքի մասին հայտարարություններում և ռուսաստանյան մամուլի հրապարակումներում Էմին Անտոնյանի անունը քիչ է շոշափվել։ Հայտարարվել է, որ հիմնական ներդրողը և գնորդը Արամ Կարամանուկյանն է: 

Լուսանկարը՝ Astana Economic Forum-ից

Հարկային մարմիններում «ՎՊ եսպորտ» ընկերության գործունեության ոլորտը նշված է «այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում» տողով: Այսինքն՝ չնայած, որ կիբերսպորտը երբեմն համեմատվում է բուքմեյքերական ոլորտի հետ, սակայն չի դասվում շահումով խաղերի կազմակերպման գործունեությանը: Հետևաբար, Ֆինանսների նախարարությունից լիցենզիա ստանալու անհրաժեշտություն չի առաջացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter