
Փակ շուկայի հարցով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը բացահայտել է որոշ խախտումներ
ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ համատեղ իրավական ակտով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը /հանձնաժողովի նախագահ՝ «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Մինասյան/ հունիսի 11-ին ավարտել է իր աշխատանքները:
Համաձայն հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների՝ 2012թ. մայիս ամսվա ընթացքում հաստատված նախագծից դուրս կատարվել են աշխատանքներ՝ ընդլայնելով թույլ տրված հողային աշխատանքների սահմանը՝ ընդհուպ մինչև հիմքերի եզրագիծը: Բացի դրանից՝ քանդվել են որոշ միջհարկային ծածկեր՝ որոշակի խախտելով շինության կայունությունը:
2012 թ. մայիսի 27-ին տեղի է ունեցել հիմնական կամարների և դրանց կապող կոնստրուկտիվ համակարգի փլուզում մինչև սեյսմիկ կարը: Չնայած որ աշխատանքները դադարեցված են՝ ներսում տարվող շինաղբի մաքրման աշխատանքները բերել են վիճակի վատթարացման: Ելնելով վերը շարադրվածից՝ հանձնաժողովը առաջարկել է՝
1. Հուշարձանի պահպանված մասի կայունությունը ապահովելու նպատակով եռօրյա ժամկետում՝
- լրամշակել ստորգետնյա ավտոկայանատեղի հիմքերը, պարփակող և կրող համակարգը, անցկացնել փորձաքննություն,
- կանգուն մնացած հատվածի թաղածածկույթի սեյսմիկ կարին հարող երկու թռիչքների ներքո անհապաղ իրականացնել մոնտաժային փայտամած հենարանների համակարգ, այդ հատվածի բեռնաթափման նպատակով:
2. «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանը ներկայացնել հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր էսքիզային նախագիծը՝ պահպանելով հուշարձանի արտաքին և ներքին հորինվածքի գեղարվեստական ճարտարապետական և ծավալատարածական լուծումները:
Կատարել մանրամասն երկրաբանական, հիդրոերկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, այդ թվում տարածքում առկա ջրային հոսքի պատճառները պարզելու նպատակով:
3. ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցված էսքիզային նախագիծը ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովների քննարկմանը:
4. ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա սահմանված կարգով մշակել աշխատանքային նախագծի փաթեթը՝ առաջնահերթությունը տալով կառույցի պահպանված մասի կոնստրուկտիվ համակարգի կայունության և հուսալիության ապահովման աշխատանքներին:
Այս գործընթացի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի ընթացիկ տեղեկատվություն:
ՀՀ մշակույթի նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Մեկնաբանել