
Ռուսաստանը հետաձգել է Ուկրաինայում գարնանային հարձակումը
Կրեմլը հրաժարվել է այս գարնանն Ուկրաինայում հարձակման հետագա պլաններից այն բանից հետո, երբ չի կարողացել հասնել մեծ հաջողությունների։ Այդ մասին BBC-ի փոխանցմամբ հայտնել է Bloomberg գործակալությունը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ Ռուսաստանը պատրաստվում է կենտրոնանալ ուկրաինական նոր հակահարձակման և պաշտպանության վրա։
Bloomberg-ը, հղում անելով Մոսկվայի պլաններին ծանոթ իր աղբյուրներին, նշում է, որ Կրեմլը ձգտում է այս տարի հավաքագրել մինչև 400 000 պայմանագրային զինծառայողի, որպեսզի լրացնի իր շարքերը։
Այդ աղբյուրների խոսքով՝ հավաքագրման զանգվածային արշավը Կրեմլին թույլ կտա նախագահական առաջիկա ընտրությունների քարոզարշավից առաջ խուսափել ևս մեկ զորահավաքից։ Bloomberg-ի պնդմամբ՝ նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարված զորահավաքը խարխլել է իշխանության նկատմամբ վստահությունը և հանգեցրել «երկրից մոտ մեկ միլիոն ռուսաստանցիների փախուստի»։
Լրատվամիջոցը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է երկարատև պատերազմ վարել ու խաղադրույքն անում է այն բանի վրա, որ եթե ռուսական զինուժը կարողանա կանխարգելել Ուկրաինայի զինված ուժերի հերթական առաջխաղացումը, ապա Արևմուտքի կողմից Կիևին աջակցությունը կթուլանա։
Bloomberg-ը նշում է, որ ռուսական բանակն իր շարքերի համալրման ու ընդլայնման համար սկսել է մինչև մի քանի տարով պայմանագրայինների հավաքագրման գործընթաց, իսկ մարզային պաշտոնյաները, իբր, ստանում են հավելավճարներ դրա կազմակերպման համար ու ծանուցագրեր տալիս հավանական կամավորներին, որպեսզի նրանք ներկայանան զորակոչային հանձնաժողովներ, որտեղ նրանց քարոզում են անցնել պայմանագրային ծառայության։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առաջին հերթին ռուսական իշխանություններն աշխատում են մարտական գործողությունների վետերանների ու գյուղաբնակների ուղղությամբ։
Լուսանկարը՝ The New York Times-ի
Մեկնաբանել