HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն Ադրբեջանից պահանջում է զորքերը հետ քաշել նախկինում զբաղեցրած դիրքեր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Արցախում խաղաղապահ ուժերի առաքելության իր ամենօրյա տեղեկագրում, արձանագրել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի խախտում։ Պատճառը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում դիրքային որոշակի առաջխաղացումն է։

«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետի խախտմամբ, Շուշիի շրջանում հատել է կողմերի շփման գիծը, զբաղեցրել 2054,0 մետր բարձրություն ունեցող բարձրունքը (Սարի բաբա լեռից 2,9 կիլոմետր հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորմանը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 

Ռուսական կողմի պնդմամբ՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության կողմից ձեռնարկվում են քայլեր, որոնք «ուղղված են ճգնաժամային իրավիճակի սրման կանխարգելմանը և հակամարտող կողմերի կողմից փոխադարձ սադրանքների կանխմանը»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացվել երեք երկրների առաջնորդների եռակողմ հայտարարությամբ սահմանված դրույթների պահպանման, ինժեներական աշխատանքների դադարեցման և ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր հետ քաշելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին պահանջը:

Բացի այդ, ռուսական կողմը հավելում է, որ հրադադարի խախտման մեկ դեպք գրանցվել է Մարտունիի շրջանում, որի հետևանքով տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում»,- նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում նշվում էր ամբողջական հրադադարի և իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու մասին։ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

«Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ 

Արցախի իշխանություններն անդրադարձել էին նաև ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե, իբր, Արցախի իշխանություններն Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում են զինամթերքի փոխադրման նպատակով։ 

«Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին: Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը:

Իսկ Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները»,- նշված էր Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ Jack Losh/Foreign policy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter