HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջաջուռ՝ երեկ, այսօր, վաղը

Ջաջուռ անվանումը մինչև Շիրակի մարզի Ջաջուռ գյուղին անցնելը հիշատակվում է մ.թ.ա 1-ին դարից: Այն արական անուն է նշանակում է՝ նորածիլ բույս: Թե ինչու է 1828թ-ին հիմնված գյուղն ստացել այդ անվանումը՝ պատմությունը լռում է, միայն նշվում է, որ նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա, ունի ցուրտ կլիմա, տեղումները սակավ են, լինում են ուժեղ քամիներ, հաճախակի մառախուղներ ձնաբքեր: 

Ջաջուռի հանրահայտ քամիների հետ կապված կան տարբեր պատմություններ, բայց գյուղում գերադասեցին ներկայացնել զվարճալիներից մեկը: Ասում են, Մոսկվայում երկու ուսանող ինչ-որ հարցի շուրջ վիճում են, նրանցից մեկը, չդիմանալով մյուսի պարծենկոտ արտահայտություններին, ընդհատում է՝ ասելով. «Дуй, дуй, как джаджурский ветер» (փչիր, փչիր, ինչպես ջաջուռի քամին), այսինքն՝ քիչ պարծեցիր: Սառը քամիներին սովոր ջաջուռցիները կատակում են՝ մեղավորը 1896-98թթ.-ին կառուցված Ջաջուռի թունելն է՝ գյուղի համար տարին 12 ամիս բաց դռների օր է ապահովել: Քամիներն այստեղ «կանգնում են» սեպտեմբեր ամսին:

Ջաջուռցիների նախնիները Արմտյան Հայաստանի Մուշ, Խնուս, Կարս, Էրզրում բնակավայրերից են: Գյուղը մարզկենտրոն Գյումրիից հեռու է 12 կմ: Ջաջուռն առավելապես հայտնի է որպես գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի բանաստեղծ Աշոտ Ավդալյանի ծննդավայր: Գյուղում է գտնվում Մինաս Ավետիսյանի թանգարանը: Եթե նկարչի մասին մշտապես է խոսվում հիշատակվում, ապա երիտասարդ տարիքում (37 տարեկան) կյանքից հեռացած բանաստեղծի մասին նույն հաճախականությամբ չի բարձրաձայնվում: Այս երկու տաղանդավոր անձինք ճանաչել են միմյանց, շփվել: Բավական հետաքրքիր զուգադիպություններ կան նրանց ծննդյան մահվան տարիների հետ կապված: Աշոտ Ավդալյանը (1948թ.-1985թ.) ծնվել է Մինաս Ավետիսյանի ծննդից 20 տարի անց (1928թ.-1975թ.), մահացել, ինչպես հռչակավոր նկարիչը, փետրվար ամսին՝ վերջինիս մահից կրկին 20 տարի անց: 

Բանաստեղծի մահճի մոտ գտնվողները հետագայում պատմել են, որ կյանքի վերջին րոպեներին նրա դեմքը հատկապես աչքերը նմանվել են Մինասի՝ տարիներ առաջ վրձնած դիմանկարին: Բանաստեղծի գերեզմանին կանգնեցված բրոնզաձույլ կիսանդրին նրա քանադագործ ընկերոջ՝ Զավեն Կոշտոյանի լավագույն գործերից մեկն է: Մինաս Աշոտ ծնած Ջաջուռում շարունակում է ապրել ու ստեղծագործել ջաջուռցի գեղանկարիչ Աշոտ Դավթյանը: 

Քամիներից ու արվեստից զատ, Ջաջուռը հայտնի է եղել իր բրուտներով: Մանկավարժ Արտուշ Քոչարյանը լավ է հիշում գյուղի կավագործներին՝ պնդում է, անգամ ընտանիքներով են եղել ներգրավված արհեստի այս ճյուղում: Ձեռքի մատները ծալելով՝ զրուցակիցս սկսում է թվարկել ջաջուռցի բրուտներին: 

«Գյուղում հայտնի էր Գևոր պապը՝ մականունը Կինդրո, կարմիր թշերով, կարճահասակ, չաղ մարդ էր, կերած-խմած, մանկապարտեզի պահակն էր: Հրուշը, Արքիմը, Դանիելի Մայիսը, Հասմիկը, Մամիկոնը, Աֆըլը՝ Ռաֆիկը, ինքը ախուրյանցի էր ծագումով, մեր բարբառով չէր խոսա, կըսեր՝ կավ եմ լըլըմ՝ նկատի ուներ կավ հասունացնելու պրոցեսը: Կհավաքեր մեզի, կտաներ, օր ոտքերով կավը տրորեինք, էնքան կենեինք, մինչ կավը կճտճտար ոտներիս տակ: Ռաֆիկը համ կճուճ, համ չանախ, համ թոնիր կսարքեր: Մեր նկարիչ Աշոտ Դավթյանի մաման ու մորքուրն էլ են կավագործությամբ զբաղվել: Հրուշ տատը մինչ 75 տարեկանը հլը կավից իրեր կսարքեր, ամուսինը մեխանզիատոր էր, ընդհանրապես էդ գործին չէր խառնվի»,-պատմում է Արտուշը:

Ջաջուռցիները կավը բերում էին գյուղի վարչական տարածքից: Երկու տեսակի կավ էին օգտագործում, կարմիրը՝ ամանեղենի, սպիտակը՝ թոնրի պատրաստման համար: Արտուշի փոխանցմամբ՝ 40-50 տարի առաջ բրուտագործությունը նորմալ եկամուտ էր ապահովում: Խանութից հաց առնելը գյուղացու համար ամոթ էր՝ դա քաղաքաբնակին էր հարիր: Գյուղերում հացը տանն էին թխում, տներին կից կար հացատուն, թոնիր ունեին բոլորը: Կաթը, մածունը, պանիրը, կարագը, ձուն, լավաշը՝ գյուղացու սեղանին մշտապես դրվող այս ուտեստները պիտի տնից լինեին՝ սեփական ձեռքերով պատրաստած՝ ոչ խանութից գնված: 

21-րդ դարը շատ բան փոխեց մարդկանց կյանքում, այդ թվում հայ գյուղացու: Քաղաքաբնակի կենցաղավարությունը մտավ գյուղեր: «Էլեկտրական վառարաններ առան դրեցին տները, հետո թոնիրը սկսեցին կաղապարներով սարքել, կբերեին գյուղերը էժան կուդային, էն ձեռքի աշխատանքը մեռցրեցին: Շատ բաներ ազդեցին, որ կավագործությունը քիչ-քիչ դուրս եկավ ջաջուռցու կյանքից,-նկատում է Արտուշ Քոչարյանը,-առաջին հերթին՝ հեշտին վազելը: Մարդիկ չմտածեցին, որ մաքուր սննդից են իրենց զրկում, առողջության մասին չմտածեցին: Առաջ ցորենը կցանեին, կտանեին իրենց ձեռքով կաղային, կթխեին, ճաշերի մեծ մասը կավե ամանների մեջ կեփեին, պանիրն ու յուղը կճուճների մեջ կպահեին: Էն ժամանակ մեկ հոգի էլ գյուղում հաց թխեր, սաղ գյուղը հոտը կբռներ: Հիմիկվա լավաշն էլ էն համն ու հոտը չունի՝ թթխմորի տեղը դրոժ կքցեն, սնունդն էլ պալաստմասից ամանի մեջ կպահեն: Կաթը կհանձնեն, կարագն ու պանիրը խանութից կառնին: Մարդիկ մոռացան կավի բուժիչ հատկությունների մասին: Կավը ոտքով կշաղեին՝ ոչ հոդացավ ունեին, ոչ կրունկի ճաք: Գերադասելի դարձավ խոպանի փողը՝ դրսից ստանան, ինչ պետք է խանութից առնին, էլ ինչի՞ թնդրի շրթին քրտնին»:

Ջաջուռում հաշվառված բնակիչների թիվը 786 է: Գյուղում առկա 199 բնակելիներից 45-ի դուռը փակ է՝ ընտանիքները բացակայում են գյուղից, շատերն արտերկրում են: Գյուղի միջնակարգ դպրոց հաճախում է 94 աշակերտ: Դպրոցի տնօրեն Թամարա Սուվարյանն ասում է, որ երկրաշարժից առաջ դպրոցում սովորել է 300 աշակերտ ոչ միայն Ջաջուռից, այլև հարակից 7 գյուղերից: Թերևս դրանք երանելի տարիներ էին: Երկրաշարժին դպրոցը քանդվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ: 1999-2000թթ-ին կառուցվեց նոր դպրոց՝ նախատեսված 250 աշակերտի համար: Տիկին Սուվարյանը հիշում է, որ 90-ականներին դպրոցում սովորել է 240 երեխա, սակայն տարեց տարի աշակերտների թիվը կրճատվել է: Անցած սեպտեմբերին առաջին դասարան է ընդունվել 10 աշակերտ, իսկ մայիսին 12-րդ դասարանը կավարտեն 2 աշակերտուհի: 

«Բարձր դասարաններում քիչ աշակերտ ունենալը պայմանավորված է նրանով, որ 9-րդ դասարանն ավարտողներից վարժարաններ տեղափոխվողներ ունեցանք, - բացատրում է տիկին Սուվարյանը,- երկկոմպլեկտ 3 դասարան ունենք, աշակերտների թիվը բարձր է ավելի ցածր օղակներում, օրինակ երկրորդ դասարանում 13 աշակերտ է, երրորդ դասարանում՝ 18: Մասնագետների խնդիր չունենք, բայց ունենք պրոբլեմ շենքի հետ կապված: 24 տարի է հիմնանորոգում չի իրականացվել: Մարզպետարանի քաղաքաշինության վարչություն 80 մլն դրամի շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթղեր ենք ներկայացրել, հույս ունենք, որ կընդառաջեն: Դպրոցը չունի հանդիսությունների անցկացման դահլիճ, մարզադահլիճ, պատուհանները պետք է ամբողջովին նորացվեն այլն»:

Թամարա Սուվարյանին մտահոգում է ծնելիության նվազումը, թեպետ գյուղում երեք ընտանիքում 5, մեկ ընտանիքում էլ 10 երեխա են մեծանում: Հաշվել է՝ ամուսնական տարիքի 57 տղամարդ, դեռ ամուրի է: «Սա տխուր թվաբանություն է Ջաջուռի նման փոքր գյուղի համար,- նկատում է դպրոցի տնօրենը,-պատկերացնում եք, եթե այդքան թվով ընտանիք ստեղծվի, ամեն ընտանիքում երկու-երեք երեխա էլ ծնվի, գյուղի դեմոգրաֆիկ պատկերը կփոխվի»: Անցած տարի Ջաջուռում ծնվել է 8, այս տարվա 3 ամիսների ընթացքում՝ 2 երեխա: 

Մեկ տարի առաջ, 2022թ.-ի ապրիլի 1-ին, Ջաջուռում շահագործման հանձնվեց մանկապարտեզ 30 երեխայի համար: Երկրաշարժից տուժած գյուղում, որտեղ բավական ավերածություններ էր գրանցվել, քանդվել կամ վնասվել էին բոլոր վարչական շենքերն, այդ թվում մանկապարտեզը: «Ինձ ասել են, որ երկրաշարժից հետո մինչ 1991թ․-ը գյուղում մանկապարտեզ գործել է, հետո՝ փակվել, հավանաբար չունենալով ֆինանսավորում,-ասում է Ջաջուռի մանկապարտեզի տնօրեն Սոֆյա Հովհաննիսյանը,-անցած տարի ապրիլի 1-ին մենք բացվեցինք՝ հուրախություն ոչ միայն ջաջուռցի մայրիկների, որովհետև սաներ ունենք հարևան Կրաշեն, Ջաջուռավան Մեծ Սարիար գյուղերից: Որ նոր էինք սկսել, չէինք մտածում, թե մի քանի ամիս անց կանգնելու ենք փաստի առաջ, պարզվելու է մեզ շատ ավելի մեծ շենք է պետք, քան այն, որ հիմա ունենք: Ես դիմողմերին հերթագրում եմ, բայց ընդունել չեմ կարող: Ծնողները սպասում են, մինչ տեղ բացվի»:

Սոֆյա Հովհաննիսյանը գյումրեցի է, սակայն, ինչպես ինքն է նշում՝ հոգով ու սրտով հասցրել է մեկ տարվա ընթացքում կապվել Ջաջուռին: Ասում է՝ չէր պատկերացնում, թե իրենց փոքրիկ հաստատությունը կարող է այդքան դրական դերակատարում ունենալ համայնքի կյանքում: «Իրոք կա ոգորվածություն, թեկուզ այն առումով, որ փոքրիկների առօրյան 4-5 ժամով փոխվում է: Այստեղ ահագին բաներ են սովորում, էքսկուրսիաներ ենք տանում, թանգարաններ են այցելում, կենդաբանական այգի ենք գնացել, շոկոլադի գործարան: Երեխաներից շատերի մայրիկներն են ուրախանում,-Սոֆյան ծիծաղում է,-նախ որ հոգսերն է թեթևացել, կարողանում են հանգիստ իրենց գործերով զբաղվել, հետո էլ երեխաները մինչ դպրոց հաճախելը գիտելիքի որոշակի պաշար են կուտակում: Հիմա մնում է, որ տարածքը մեծացնեն, կարողանանք երկու խումբ պահել»:

Ջաջուռ համայնքի վարչական ղեկավար Կոլյա Գրիգորյանն ևս կարևորում է նոր, մեծ մանկապարտեզ ունենալու հարցը: Ախուրյան խոշորացված համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում Ջաջուռի առաջնահերթությունների ցանկում ներառված է նա մանկապարտեզի ծրագիրը: «Ջաջուռը պրոբլեմներ շատ ունի: Չունենք համայնքային կենտրոն, գյուղը գազիֆիկացված չէ, մանկապարտեզին նոր շենք է հարկավոր, փողոցների բարեկարգման հարց կա, կոյուղու ցանցի կառուցման այլն:Բացի դրանից` գյուղում դեռ 12 ընտանիք անօթևան է․ պետությունը բնակարանով չի ապահովել երկրաշարժից տուժածներին: Ես 4 ծրագիր եմ ներկայացրել, բայց դրանցից ոչ մեկն այս տարի չի իրականանա՝ թողեցին 2023-26թթ-ին,-փոխանցում է վարչական ղեկավարը,-դպրոցն էլ խնդիրներ ունի՝ մարզադահլիճ է պետք, հիմնանորոգման կարիք կա: Գյուղում ֆուտբոլի դաշտ ունենք, եթե մի փոքր ֆինանսավորում լինի, կկարողանանք տարածքը ցանկապատել, գյուղի պատանիներն ու երիտասարդները բացօթյա մարզվելու տեղ կունենան»:

Անցյալ տարի «Արդինի» կրթամշակութային տուրիզմի զարգացման հիմնադրամը Ջաջուռում ծրագիր իրականացրեց՝ գյումրեցի նկարիչների մասնակցությամբ: Նպատակն էր պլեների ընթացքում ստեղծված տասը կտավների վաճառքից գոյացած գումարով գյուղի համայնքային գրադարանի գրքային ֆոնդ ստեղծել: Գրադարանի առաջարկը հիմնադրամի տնօրենին արել էր Կոլյա Գրիգորյանը: «Ճիշտն ասած չէի հաշտվում մտքի հետ, որ շատ տարիներ առաջ մեր գրադարանն այրվել էր: Երբ իմացա, որ հիմնադրամը բարեգործական ակցիա է անելու, առաջարկեցի հավաքվող գումարն ուղղել գրքերի ձեռք բերմանը, իրենք էլ սիրով համաձայնվեցին: Հիմա, որքան գիտեմ, գործընկերներ են փնտրում Ջաջուռում «Գրքի տուն» բացելու համար, որտեղ նա օտար լեզուների խմբակներ է գործելու: Ինչ ծրագիր էլ արվի Ջաջուռում, միայն մեր օգուտն է, մեր վաղվա ավելի պայծառ օրը,-նկատում է Կոլյա Գրիգորյանը,-մարդիկ իներտ են դարձել, շատ բաների չեն հավատում, շուտ են թևաթափ լինում՝ ոգևորել է պետք: Մենք հասկանում ենք, որ օրինակ չենք կարող հիմա կես միլիարդ դրամ ճարել գյուղի եկեղեցին վերականգնելու համար, բայց հո կարող ենք մի քանի միլիոն դրամով մի լավ, կրթական ծրագիր անել»:  

Ջաջուռը 2021թ-ի դեկտեմբերից ընդգրկված է Ախուրյան խոշորացված համայնքի կազմում: Մինչ այդ, 2017-2021թթ.-ին, եղել է Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում: 

Մեկնաբանություններ (1)

Սվետլանա
Պետք է Բարգավաճի Ծննդավայրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter