
Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի տարածքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում։ Այդպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել «Россия 24» հեռուստաընկերության եթերում։
Պուտինը նշել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն, իր զենքը տեղակայելով այդ հանրապետության տարածքում, «չի խախտի» իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման մասով, քանի որ ռուսական զինուժը չի նախատեսում դա փոխանցել Բելառուսի իշխանություններին կամ նրանց անմիջական կիրառմանը։ Այդուհանդերձ, ՌԴ-ն մտադիր է իր զենքը տեղակայել այդ երկրի տարածքում և բելառուսցի զինվորականներին ուսուցանել դրա կիրառումը։
Միևնույն ժամանակ, Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին 10 ռազմական ինքնաթիռ վերազինելու մարտավարական միջուկային զենքի կիրառման համար և Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» տեսակի հրթիռային համալիրներ, որոնք ևս կարող են կրել նման լիցքեր։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ապրիլի 3-ից Ռուսաստանը կսկսի «բելառուսական անձնակազմերի ուսուցանումը», իսկ մինչև հուլիսի 1-ը ՌԴ-ն նախատեսում է ավարտել Բելառուսի տարածքում «մարտավարական միջուկային զենքի համար հատուկ պահոցի» կառուցումը։
Մարտի 21-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ազդարարել էր, որ Challenger-2 մարտական տանկերի հետ միասին Ուկրաինա կուղարկի զրահահար արկեր, որոնք պարունակում են սպառված ուրան։ Այդպիսի արկերն «ունեն բարձր արդյունավետություն՝ ժամանակակից տանկերի ու զրահատեխնիկայի խոցման ժամանակ», նշել էին բրիտանացի զինվորականները։
Նույն օրը Վլադիմիր Պուտինը Կրեմլում Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ մեկնաբանել էր այդ հայտարարությունը՝ նշելով, որ «հավաքական Արևմուտքը արդեն սկսում է կիրառել միջուկային բաղադրիչներով զենք»։ Նա հավելել էր, որ Ռուսաստանն ստիպված կլինի «արձագանքել համապատասխան կերպով»։
Իր հերթին Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել էր «միտումնավոր ապատեղեկատվություն տարածելու» մեջ՝ ընդգծելով, որ բրիտանական բանակը տասնամյակներ շարունակ սպառված ուրանը կիրառում է իր զրահահար արկերում։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել