HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքներն արտոնություններ են սահմանել Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների համար

Համայնքների մեծ մասն այս տարի որոշակի արտոնություններ է սահմանել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների և այլ կարգավիճակ ունեցող ընտանիքների համար։ Հիմնականում արտոնությունը տրամադրվել է զոհվածների երեխաներին։ Նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող նրանց երեխաներին ազատել են սահմանված վճարներից։ Համայնքների մի մասը որոշել է զոհվածների ընտանիքներից նաև աղբահանության վճար չգանձել։

Հոդվածի շրջանակում ուսումնասիրել ենք Հանրապետության 8 մարզի համայնքներում (ընտրանքային կարգով) արտոնություններ սահմանելու վերաբերյալ ավագանիների 2023 թ-ին կայացրած որոշումները։

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանին զինվորական ծառայության ժամանակ զոհված, անհայտ կորած զինծառայողների երեխաներին, ինչպես նաև արցախյան մարտերի ընթացքում Նաիրի համայնք տեղափոխված ընտանիքների երեխաներին ամբողջությամբ ազատել է համայնքային ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական հաստատությունների համար սահմանված վճարից։ Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների երեխաների համար 50% զեղչ է սահմանվել։

Նույն մարզի Նոր Հաճն համայնքի ավագանին նույնպես նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվող զոհված զինծառայողների երեխաներին ամբողջությամբ ազատել է տեղական վճարից։ 2023թ․-ին աղբահանության վճար չեն գանձի նաև Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից։

Համայնքի ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ծառայությունից օգտվող Արցախյան պատերազմում և ընդհանրապես հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողների երեխաներին, առաջնագծում ծառայողների ընտանիքի երեխաներին 2023 թ համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ 50% զեղչ են կիրառել։

Հրազդան համայնքի ավագանին Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս կամ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների երեխաներին ազատել է համայնքի արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական կազմակերպությունների ծառայություններից վճարից։

Աբովյանի համայնքապետարանը աղբահանության վճարի 50% զեղչ է կիրառել
1) հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) անձանց ընտանիքների (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները),

2) Հայրենական մեծ պատերազմի վետերանների և Արցախյան պատերազմի մասնակիցների համար:

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին ամբողջությամբ ազատել է ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից։

Նույն մարզի Վարդենիս համայնքի ավագանին 2022-23թթ-ի համար ամբողջությամբ վճարից ազատել է համայնքի երաժշտական դպրոցներ և Վարդենիսի մանկական գեղարվեստի դպրոց հաճախող զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաներին, Արցախյան ազատամարտի մասնակից 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների երեխաներին և Արցախի Հանրապետությունից բռնագաղթած երեխաներին։

Գավառ համայնքը նույնպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների երեխաներին ազատել է համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթական հաստատությունների համար սահմանված վճարից:

Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքների ավագանիները արտոնություններ չեն սահմանել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված համայնքի բնակիչների ընտանիքների համար։

Վայոց Ձորի մարզում երկու համայնք է արտոնություն սահմանել՝ Եղեգնաձորը և Վայքը։ Եղեգնաձոր համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող` Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին (երեխա, եղբայր, քույր) ազատել են տեղական վճարից:

Վայքի համայնքապետարանը աղբահանության վճարի 50% զեղչ է կիրառել հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները), Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար:

Շիրակի և Տավուշի մարզերի մեկական համայնք է արտոնություններ սահմանել։

Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանն իր ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար վարձավճարների 100% զեղչ է կիրառել Արցախյան պատերազմում զոհվածների երեխաների համար։

Տավուշի մարզում միայն Դիլիջան համայնքն է արտոնություն սահմանել ավագանու որոշումով Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների ընտանիքի անդամները (ծնող, ամուսին, երեխա) և պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողները 2023թ-ին կազատվեն բոլոր տեսակի տեղական տուրքերից և վճարներից։

Սյունիքի մարզի 7 համայնքից արտոնություններ են կիրառել Մեղրի և Գորիս համայնքները։ Մեղրիի համայնքապետարանը Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ազատել է աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարից:

Գորիս համայնքի ավագանու որոշումով՝ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների համար 2023թ-ին վճար չի գանձվի հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ կորած անձանց երեխաների և հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերածների երեխաների համար։

Արարատի մարզի 4 համայնքից միայն Արարատ համայնքն արտոնություն չի սահմանել Արցախյան պատերազմում զոհված համայնքի բնակիչների համար։

Արտաշատ համայնքի ավագանին 2023թ․-ի համար սահմանված արտոնությունները տարածել է ընդհանրապես Արցախյան պատերազմի մասնակիցների և դրա հետևանքով տուժած համայնքի բնակիչների վրա։ Այսպես՝ աղբահանության վճարից ազատել է Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքներին։

Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների, երաժշտական, արվեստի դպրոցների ծառայությունների համար սահմանված վճարից ազատել է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած, գերեվարված, անհայտ համարվող զինծառայողի եղբայր, քույր, ծնող և երեխա ունեցողներին։ Նշված արտոնությունից կօգտվեն նաև Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված և Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաները։

Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների ընտանիքներն աղբահանության համար կվճարեն սահմանված վճարի 50%-ը։

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից զինծառայողների երեխաները համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից դիմաց կվճարեն տեղական վճարի 50%-ի չափով։

Մասիս համայնքի ավագանին տեղական վճարից ազատել է երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և մանկապարտեզ հաճախող համայնքի զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին։ Նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախողների համար սահմանված վճարից ազատել է՝ զոհվածների, զինհաշմանդամների և անհայտ կորած անձանց երեխաներին, քույրերին և եղբայրներին։

Վեդի համայնքի ավագանին արտոնություններ է սահմանել Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամների համար։ Վեդին միակ համայնքն է, որ հիշյալ խավի համար արտոնություն է սահմանել անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով:

Անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների և (կամ) մեկից ավել փոխադրամիջոցների առկայության դեպքում, արտոնությունը կիրառվում է այդ շինություններից և (կամ) փոխադրամիջոցներից մեկի նկատմամբ` ըստ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն ստացող անձի ցանկության: Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնության գումարի չափը չի կարող գերազանցել 100 000 դրամը:

Ավագանու սահմանած արտոնությունից կօգտվեն պատերազմի մասնակից 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի զինվորական հաշմանդամները, որոնք անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և (կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և այն գտնվում է Վեդի համայնքի վարչական տարածքում։

Այս արտոնությունից կօգտվեն նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչվածները (կամ նրանց ընտանիքի անդամները): Սույն կարգի իմաստով՝ ընտանիքի անդամներ են հանդիսանում՝ ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները), ինչպես նաև քույրերը և եղբայրները, որոնք հանգամանքներն ի հայտ գալու օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել:

Վեդին միակ համայնքն է, որ փաստաթղթում հրաժարվել է Արցախի Հանրապետություն անվանումից և Արցախյան պատերազմի մասնակիցների մասին հիշատակելիս գրում է Լեռնային Ղարաբաղ։

Արագածոտնի մարզի չորս համայնքից արտոնություններ է սահմանել միայն Թալինը։ Համայնքի ավագանին 2023թ-ին մանկապարտեզի վճարից ազատել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների նախադպրոցական տարիքի երեխաներին։

Մարզի Աշտարակ, Ապարան և Ծաղկահովիտ համայնքները արտոնություններ չեն սահմանել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter