HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու 158-ամյա թատրոնի ալեքպոլյան շրջանը (1865-1924թթ.)

Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիում թատրոնը հիմնվել է 158 տարի առաջ՝ անցնելով բավական հետաքրքիր ճանապարհ: Հոդվածը, որտեղ ներկայացվում է թատրոնի անցած ուղին, երբ քաղաքը կոչվում էր Ալեքսանդրապոլ (1865-1924թթ ), պատրաստվել է ծնունդով գյումրեցի թատերագետ, 15 թատերագիտական գրքերի հեղինակ Ռազմիկ Մադոյանի` «Գյումրու թատրոնը 1865-1965թթ.» գրքի հիման վրա:

Ալեքսանդրապոլում թատերական առաջին օջախը ստեղծվել է 1865թ․-ին՝ ռուսական բանակի հրետանու սպա Ալեքսանդր Մելիք-Հայկազյանցի ջանքերով: Վերջինիս սերը արվեստի և հատկապես թատրոնի նկատմամբ նրան տանում է Թիֆլիս, որտեղ 1863թ․-ին իր գործունեությունն էր սկսել հայ պրոֆեսիոնալ թատրոնը: Մելիք-Հայկազյանցը Թիֆլիսում դիտում է տաղանդավոր դերասան Գևորգ Չմշկյանի թատերախմբի ներկայացումները, որոնք խոշոր իրադարձություններ էին հայ մշակութային կյանքում: Հենց սա էլ խթան է հանդիսանում Ալեքսանդրապոլում թատրոն հիմնելու գաղափարի համար: Սակայն ցարական ինքնակալության շրջանում ազգային թատրոն հիմնելու մասին ավելի հեշտ էր խոսելը, քան՝ կազմակերպելը: Հարկ եղած գումարը հավաքելու համար հայտարարվում է համաքաղաքային հանգանակություն:

Փոքրիկ քաղաքի բնակչությունն իր սուղ միջոցներից թատրոնի ստեղծման համար տրամադրում է 117 ռուբլի: Բավական պատկառելի գումար սեփական գրպանից նվիրաբերում է նաև Ալեքսանդր Մելիք-Հայկազյանցը և առկա դրամագլխով անցնում գործի՝ իր շուրջը համախմբելով ալեքպոլցի թատերասերներին: Նրանք մեծ մասամբ ուսուցիչներ էին, գրագետ երիտասարդներ: Ռեժիսորի պարտականությունները ստանձնում է քաղաքագլխի պաշտոնակատար Վաղարշակ Շահխաթունյանը: 1865թ․-ի մայիսի 23-ին բացվում են քաղաքային «կլուբի» վարագույրները և նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին է ներկայացնում իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ. Կարենյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը: «Կլուբի 125 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր երկսեռ հանդիսականներով»,- գրում է «Մեղու Հայաստան»-ը թերթի 22-րդ համարում:

Ահա այսպես, բավականին ծանր ու դժվարին պայմաններում, Հայաստանում իր առաջին քայլն է անում հայ նոր թատրոնը: Ալեքսանդրապոլում թատերական գործին խանգարում էին ոչ միայն նյութական անապահովվածությունն ու տեղական իշխանությունների հալածանքները, այլև հայ կանանց ամոթխած վերաբերմունքը թատրոնի նկատմամբ: Ալեքպոլցի կանայք համաձայն չէին ոչ միայն բեմահարթակ բարձրանալ, տղամարդկանց հետ նույն սրահից ներկայացում դիտել: Սակայն 1865թ․-ին ամոթխածության առաջին պատվարը հաղթահարվում է՝ ներկայացում դիտելու համար կլուբ գնում են նաև կանայք: Իսկ բեմից հայ կնոջ ձայնը լսելու և խաղը դիտելու համար պիտի անցներ 8 տարի:

Իսկ մինչ այդ, կանաց դերերում հանդես էին գալիս անմորուս պատանիներ: Թերևս այդ փորձը նրանք ժառանգել էին Կ. Պոլսի «Արամյան» հայկական կրկես-թատրոնից: Ալեքպոլում կայացած «Շուշանիկ» ողբերգության գլխավոր հերոսուհու դերում հանդես է եկել Մկրտիչ Տեր-Դավթյանը: Ի միջի այլոց, խմբի մի քանի դերասաններ, չցանկանալով իրենց անունը դնել կին հերոսուհու անվան կողքին, հանդես են եկել «N-N> ծածկանուններով: Նախապաշարմունքների պատն ի վերջո փլուզվում է 1873թ․-ին, երբ «Սանդուխտ» ներկայացման մեջ Սանուխտի դերում հանդես է գալիս Զարուհի Գուլումյանը, իսկ Նուարդի դերում՝ Երանուհի Տիգրանյանը: Քաջբերունին, որ այդ տարիների մամուլում հաճախ էր թատերախոսություններով հանդես գալիս, հիացած բացականչել է. «Փշրվեց նախապաշարմունքը»: «Մեղու Հայաստան» օրաթերթում ևս անդրադարձ է եղել ներկայացման մեջ կանանց ընդգրկվածությանը. «Սա մի առաջադեմ քայլ էր, որ արեց Ալեքսանդրապոլո ժողովուրդը՝ հանելով բեմի վրա հայ տիկնայք»:

Հայ տիկնանց բեմ բարձրանալը նկատելիորեն աշխուժացնում է թատերական կյանքը Ալեքսանդրապոլում: 1873թ․-ին Ալեքսանդրապոլում ստեղծվում է մեկ ուրիշ թատերախումբ, որը զբաղեցնում է «Եվրոպա» հյուրանոցը: Բայց այս խումբը դեպքից դեպք էր միայն ներկայացումներ տալիս: Ալեքպոլում ստեղծվում է նաև ռուսական թատերախումբ: Այս խմբի անդրանիկ ներկայացումը՝ Գոգոլի «Ռևիզորը», առաջին անգամ ցուցադրվում է հայկական թատրոնի շենքում՝ «Կլուբում»:

Հայկական թատրոնի շենքը գտնվում էր ներկայիս Գորկու փողոցում: Դահլիճը, որ ընդարձակ ու մեծ սրահ էր, լուսավորվում էր մոմերով ու լամպերով, հատակը հողից էր: Միայն առաջին երկու կարգերում աթոռներ կային, մյուս շարքերում լայն տախտակներ էին՝ հարմարեցված նստելու համար: Բեմահարթակը փոքր էր, վարագույրը բարձրանում էր ներքևից վերև: Կային 4 տեսարանի ձևավորումներ. մեկը անտառ էր պատկերում, մյուս երկուսը՝ հարուստ եւ աղքատ սենյակներ, իսկ չորրորդը՝ բանտ: Սա էր թատրոնի ողջ ունեցվածքը, որ համերաշխորեն օգտագործում էին հայկական եւ ռուսական թատերախմբերը:

Թատերական կյանքն Ալեքսանդրապոլում գնալով աշխուժանում էր: Դրան մեծ չափով նպաստում էին հայ անվանի դերասանների հյուրախաղերը: Ալեքսանդրապոլի հանդիսականին երջանիկ առիթ է ընձեռվում բեմահարթակին տեսնելու անմահ ողբերգակ Պետրոս Ադամյանին: Նա Ալեքսանդրապոլ է գալիս Ամիրան Մադինյանի հետ 1880թ․-ի հուլիսի կեսերին: Ադամյանի խաղացանկում կային «Սեր եւ նախապաշարմունք», «Թուղթ խաղացողի կյանքը», «Արյան բիծ», «Ռուզան», «Ոճրագործի ընտանիքը» պիեսները: Տեղի թատերախմբից Ադամյանի խաղընկերներն են եղել Աշխեն Տեր-Սարգսյանը, Եղիսաբեթ Արշակունին, Աղաբեկ Ամիրյանը, Մակար Տեր-Սարգսյանը, Աղաբեկ Արշակունին, Հայրապետ Ղուկասյանը և այլք:

Ալեքսանդրապոլում ներկայացումներ են տալիս գրեթե բոլոր նշանավոր հայ դերասանները՝ Գալֆայանը, Սիրանույշը, Աբելյանը, Զարիֆյանը, Փափազյանը, Վրույրը և ուրիշներ՝ իրենց խաղով ոգևորելով տեղի թատրոնի դերասաններին: Նրանք նաև նպաստում են ալեքպոլյան թատրոնի խաղացանկի հարստացմանը: «Ճշմարիտ, մի ուրախալի երևույթ է տեսնել գավառական քաղաքում շարունակ ներկայացումներ... »,- այս առիթով նկատել է «Նոր դարի» թղթակիցը:

Մինչև 1891թ.-ը Ալեքսանդրապոլի թատրոնը չուներ օրինական տնօրեն, և գործունեությունը փոքր-ինչ տարերային բնույթ էր կրում: Երբ վերջնականապես անառարկելի է դառնում թատրոնի գոյությունն ու ընդգծվում նրա նշանակությունը հասարակական կյանքում, որոշվում է ստեղծել հոգաբարձուների խորհուրդ, որի խնդիրն էր գլխավորել թատրոնի գործունեությունն, ինչպես նաև տնօրինել եկամուտը: Խորհուրդը, որ բաղկացած էր 5 անձից, իր վրա է վերցնում խաղացանկի ընտրությունը: Այս նոր ձեռնարկմամբ Ալեքպոլի թատրոնը ստանում է հասարակական մեծ կշիռ: Ավելին՝ վերածվում է մի ամբիոնի, որտեղից ձաղկվում ու խարազանվում են հասարակական չարիքները՝ կաշառակերությունը, շահագործումը, հափշտակությունը:

Պատմական պիեսների կողքին երևան են գալիս ժամանակակից գործեր: Հայ թատրոնի կյանքում շրջադարձային նշանակություն է ունենում Գաբրիել Սունդուկյանի թատերագրությունը: 1891թ․-ին Ալեքսանդրապոլում բեմ է բարձրանում Սունդուկյանի «Պեպոն», որին հաջորդում են «Խաթաբալան» և «Քանդած օջախը»: 1892թ․-ին բեմադրվում է Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» և արժանանում հանդիսականի ջերմ ընդունելությանը: Թատրոնն աշխատում էր արձագանքել հասարակության մեջ եղած տրամադրություններին, միաժամանակ քննադատել մարդուն վնասող բարքերը: Այդ շրջանում հասարակական չարիք էր դարձել թղթամոլությունը: «Մշակ» թերթի 1873թ-ի 33 համարում կա անդրադարձ պախարակելի այս երեւույթին. «Շատ անգամ այնպես է պատահել, որ մեկը նստել է երեկոյան թղթախաղի՝ կարողության տեր և առավոտը վեր կացել տեղից առանց կարողության... »: Թատրոնն այդ չարիքի դեմ պայքարելու ազնիվ մղումով, երկու անգամ՝ 1879 և 1892 թվականներին բեմադրում է ֆրանսիացի թատերերգու Վ. Դյուկանժի «Թուղթ խաղացողի կյանքը» պիեսը:

Թատերախումբն իր գործունեության ընթացքում ստիպված էր բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել: Ալեքսանդրապոլի թատրոնի խաղացանկը սովորաբար հաստատում էր Երեւանի նահանգապետը: Չունենալով նահանգապետի թույլտվությունը՝ խումբը բեմադրում է Մ. Տեր-Գրիգորյանի «Պառավներուն խրատը» պիեսը: Գավառապետի պահանջով թատերախմբի հարցը լսվում է Ալեքսանդրապոլի դատական ատյանի նիստում: Դատարանը որոշում է թատերախմբի անդամներին տուգանել հնգական ռուբլի: Դա նյութական մեծ հարված էր դերասանների համար, որոնք չնչին վարձատրություն ստացող «տկլոր վարժապետներ էին»: Թատրոնին արգելվում է տարածել տոմսերը: Որոշվում է, որ հանդիսականը տոմսեր ձեռք կբերի ոստիկանատնից:

Սակայն թատերախումբը որոշում է չզիջել: Հիշյալ դատավարությունից հետո, բազում բողոքների ու պահանջների շնորհիվ, թատրոնը թույլտվություն է նվաճում բեմադրելու Սունդուկյանի «Եվ այլն կամ նոր Դիոգենես» կատակերգությունը: Դրվատելով դերասանների անձնուրած սերը թատրոնի նկատմամբ, «Նոր դարը» գրում է, որ չնայած մարդիկ այդ գործից նյութական վնասներ էին կրում, բայց դա չէր սառեցնում նրանց եռանդը դեպի բեմն ու բեմական գործը:

1900-ականների սկզբներին Ալեքսանդրապոլի թատրոնի համար գործունեության նոր փուլ է սկսվում: 1904թ․-ին, երբ սկսվում էր ռուսական առաջին հեղափոխությունն ու տարածվում երկրով մեկ, դերասան Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ բեմադրվում է Շիլլերի «Ավազակները»: Նույն տարում բեմ է բարձրանում Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»(1904թ.) և Վ. Փափազյանի «Ժայռը» դրաման (1905թ.): Հայկական գյուղերում 1905-1907թթ-ին հեղափոխական խլրտումներ էին սկսվել, իսկ «Ժայռը» հենց այդ խլրտումների ռեալիստական արտացոլումն էր: Եվ խումբը որոշում է ներկայացումներ տալ Ալեքսանդրապոլում ու շրջակա գյուղերում:

1912թ. անջնջելի տառերով է գրված Ալեքսանդրապոլի թատերական տարեգրության մեջ: «1912 թվականին...Ալեքսանդրապոլի երաժշտասեր հասարակությունը, լեթարգիական քնից կարծես արթնացած, սրտատրոփ սպասում էր...Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը»,- պատմում է ժողովրդական դերասան Շարա Տալյանը: Հունիսի 29-ին Ալեքսանդրապոլի ակումբի անհրապույր շենքում վարագույրը բացվում է՝ դահլիճը լցնելով տիգրանյանական հնչյուններով: Ալեքսանդրապոլում դրվեց ազգային օպերայի հիմքը:

Թատրոնը ստեղծագործական դադար է ունեցել (1918-1920թթ-ին)թուրքական ներխուժումների և Ալեքսանդրապոլում նրանց գտնվելու ընթացքում: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921թ․-ի օգոստոսին, կառավարությունը որոշում է հիմնել Երևանի պետական թատրոնը: Մոտավորապես այդ օրերին էլ թատերախումբ է կազմակերպվում նաև Ալեքսանդրապոլում: Անվանի թատերական գործիչ Վարդան Միրզոյանը, ի մի հավաքելով ցաքուցրիվ եղած դերասանական ուժերը, ներկայացումներ է տալիս: Նույն տարվա վերջին հիմնվում է Ալեքսանդրապոլի քաղլուսվարի թատրոնը, որի կազմում էին Բաբկեն Գաբրիելյանը, Թադևոս (Թաթիկ) Սարյանը, Վարդան Սիրվանյանը, Անահիտ Ալիխանյանը, Աստղիկ Սպասյանը, Մարիամ Մոճոռյանը եւ ուրիշներ: Այս խումբը, սակայն, երեք ամիս անց ավարտում է իր թատերաշրջանը, և նրան փոխարինելու է գալիս Արմեն Արմենյանի թատերախումբը:

Ժողովրդական տան շենքը դաշնակների իշխանության օրոք ամբողջովին ավերվել էր: Սա նաև Ալեքպոլ թուրքերի ներխուժման շրջանի հետ է կապված: Ինչպես Արմեն Արմենյանն է վկայում, այն հիշեցնում էր մեծ ուժի՝ երկրաշարժից հետո քարուքանդ եղած շինություն: «Կատարյալ ավերակ,- գրում է հայ բեմի վետերանը,- ներսը մութ, խոնավ, պատերն ու առաստաղը տեղ-տեղ քանդված, որոնցով հոսում էր անձրևի և հալվող ձյան ջուրը: Դահլիճը վերածվել էր սառցադաշտի, իսկ բեմի հատակը՝ ջրամբարի: Բեմի վրա ոչ մի դեկորացիա, կահ-կարասի չկային: Անիծյալնե՜ր, ինչի՞ էին վերածել այդ կոկիկ ժողովրդական տունը»:

Հայաստանի կառավարությունը և անձամբ ինքը՝ լուսժողկոմ Ասքանազ Մռավյանն է զբաղվում թատրոնի վերականգնման հարցով: Չնայած երկրի նյութական ծանր պայմաններին՝ Կառավարությունը միջոցներ է տրամադրում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար: Առաջին խաղաշրջանը սկսվում է 1922թ․-ի մարտի 26-ին՝ Շիլլերի «Ավազակները» ներկայացմամբ: Չնայած, որ ստեղծվում էր նոր՝ սովետական տիպի թատրոն, սակայն թատերական նախկին ավանդույթները շարունակվում էին դեռ: Յուրաքանչյուր նոր բեմադրության վրա խումբն աշխատում էր 5-7 օր՝ ներկայացնելով մեկ կամ երկու անգամ: Դեռեւս պահպանվում էին հին թատրոնից եկած պրեմիերականությունը, երբ բեմադրությունները ստեղծվում էին առանձին դերասանների տաղանդը ցուցադրելու համար: Այս ամենն, անշուշտ, բացասաբար էր անդրադառնում ներկայացումների գեղարվեստական որակի վրա:

Հեղափոխությանը հաջորդած առաջին տարիներին՝ 1919-20թթ.-ին, մեծ տարածում են ստանում հրապարակային «թամաշաները»: Արմեն Արմենյանը ձեռնամուխ է լինում «Սասունցի Դավիթ» էպոսի բեմադրությանը: Էպոսը բեմադրվում է բացօթյա՝ «Կազաչի պոստից» փոքր-ինչ հարավ ընկած ձորում: Ներկայացման մասնակիցները «Ամերկոմի» դպրոցականներն էին: Երկու ամիս Արմենյանն աշխատում է բեմադրության վրա: Լինելով ներկայացման ռեժիսորը՝ նա բացօթյա բեմը բաժանում է 4 մասի՝ բլուրի բարձունքը, ավելի ցածր բլուրները, հարթավայրը և ձորը: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր պատկերն ու գործողությունը, որոնք անընդմեջ հաջորդում էին միմյանց: Ձորի մյուս սարալանջը «հանդիսասրահն» էր, որտեղից նկատելի էր «բեմը»՝ իր բոլոր հատվածներով:

Ներկայացման առաջնախաղը հուլիսի 8-ին էր, որն, ըստ ժամանակակիցների վկայության, անցել է մեծ հաջողությամբ: Երկրորդ և վերջին անգամ, «Սասունցի Դավիթ» էպոսն ալեքպոլցիները խաղում են հուլիսի 31-ին: «Շիրակի ռանչպար»-ը ներկայացման մասին գրել է հետևյալը. «Տեղը՝ հուշարձանի աջ կողմի ձորը, շատ հարմար էր ընտրված, որի շնորհիվ բոլոր հանդիսականները ոչ միայն ազատորեն տեսնում էին ամբողջ պիեսան, այլև հստակորեն լսում էին դերակատարների յուրաքանչյուր խոսքը: Այն տպավորությունն էր ստացվում, որ կարծես ներկա ենք գտնվում հին հունական ներկայացման:...Չնայած որ խաղացողները աշակերտներ էին, ստացված տպավորությունը նույնքան գունագեղ էր և խորը, նույնքան կենդանի, որքան կանոնավոր մի դերասանական խմբի ներկայացում»:

Ալեքսանդրապոլի թատերական խմբի համար 2-րդ թատերաշրջանը տևում է 5 ամիս (1922թ․-ի նոյեմբերից մինչեւ 1923թ․-ի մարտը): «Սա անցումային շրջան էր թատրոնի համար, երբ բեմադրվում էին պիեսներ, որոնք իրենց գաղափարական ու գեղարվեստական բովանդակությամբ հանդիսականի սրտին ու մտքին ոչինչ չէին տալիս»,- գրում է «Գյումրու թատրոնը 1865-1965թթ» գրքի հեղինակ Ռազմիկ Մադոյանը: Նոր փոփոխություններ իր հետ պետք է բերեր 1924թ․-ը՝ ոչ միայն թատերական, այլև քաղաքի կյանքում: Այդ թվականին Ալեքսանդրապոլը վերանվանվում է Լենինական, և նորաստեղծ օպերա-օպերետային թատրոնն իր գործունեությունը սկսում է որպես Լենինականի թատրոն:

Գլխավոր լուսանկարում՝ Ալեքսանդրապոլի ժողովրդական թատրոնի շենքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter